Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Գյումրիի նախկին «Բարեկամության» այգու 7,5 հեկտար տարածքում կհիմնվի նոր ժամանակակից այգի

IDeA հիմնադրամն ներկայացրել է Գյումրիի «Բարեկամության» այգու վերականգնման  վերջնական նախագիծը։ Մինչ այս նախորդ տարի հայտարարվել էր ինժեներական կումունիկացիաների ու ճարտարապետական լուծումների համար միջազգային մրցույթ, որին մասնակցության հայտ էին ներկայացրել աշխարհի 16 երկրների ճարտարապետներ։ 84 հայտերից ընտրվել է վերջնական տարբերակը, ըստ որի՝ կառուցվելու է հնի և նորի համադրությամբ ժամանակակից մոտեցումներով զբոսայգի:

«Այգու նախագծման աշխատանքները կատարելիս մենք նախ և առաջ ուսումնասիրել ենք տեղի բնակիչների կարծիքները, որի վրա հիմնվելով էլ մենք ստեղծեցինք վերջնական կոնցեպտը։ Այգում կլինեն առանձնացված ու միմյանցից տարբերվող գոտիներ՝ զբոսանքի համար նախատեսված հատված, երեխաների համար նախատեսված խաղահրապարակներ։ Ի դեպ, մենք նախորդ տարի հանդիպեցինք նաև գյումրեցի երեխաների հետ, խնդրեցինք տարբեր նյութերից պատրաստել այն ամենը, ինչ կցանկանային տեսնել այգում։ Հենց երեխաների երևակայությամբ ու գույներով  պատկերված հանգստի գոտիներն էլ մենք ներառել ենք այգու կոնցեպտում»,- Shantnews.am-ի հետ զրույցում նշել է նախագծի մշակման թիմի ղեկավար Մարգարիտա Ասիրյանը։

Այգում կանաչապատ լանդշաֆտներից ու ծառապատ հատվածներից բացի, մոտ 7,5 հեկտար տարածքում կկառուցվեն երեխաների համար առանձնացված խաղահրապարակներ, սպորտային կոմպլեքս համալիր, բուսաբանական այգի, ժամանցի վայրեր և արվեստագետների աշխատանքների ցուցադրության համար նախատեսված տաղավարներ։ Այգու շինարարության մեկնարկը կտրվի ամռանը, ծրագրի ավարտ պատասխանատուները նշում են 2022 թվականի աշունը։

«Մենք առաջին փուլով շինարարական աշխատանքների համար համագործակցում ենք պետության հետ, Համաշխարհային բանկի վարկավորման ծրագրով, համատեղ աշխատելով պետական գերատեսչությունների հետ, փորձում ենք անել այնպես, որ ամռանը շինարարությունը սկսվի, իսկ հաջորդ տարի ամռանը արդեն բնակիչները այցելեն այգի»,- Shantnews.am-ի հետ զրույցում նշել է IDeA հիմնադրամի Գյումրիի զարգացման ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանը։

https://www.shantnews.am/

Spread the love