Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

ՄԻՊ․ Անվտանգության գոտին ենթադրում է, որ ադրբեջանական զինվորները, դրոշներն ու ցուցանակները պետք է հեռացվեն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով Սյունիքում անվտանգության գոտու անհրաժեշտությանը, հայտարարել է, որ անվտանգության գոտին ենթադրում է, որ ադրբեջանական զինվորները, նրանց դրոշներն ու ցուցանակները պետք է այդ վայրերից հեռացվեն, որպեսզի երաշխավորվի մեր բնակիչների բնականոն կյանքը։

«Ադրբեջանական դրոշներն ու ցուցանակները տեղադրվում են հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով։ Օրինակ, երբ Գորիսից Շուռնուխ կամ Որոտան եք ուղևորվում, այդտեղ ադրբեջանցիների ներկայության պատճառով մարդիկ խուսափում են երթևեկել»,-ասել է նա, գրում է Pastinfo-ն։

ՄԻՊ-ը նշել է, որ այս վերլուծությունները կոնկրետ փաստերով ներկայացրել է միջազգային կառույցներին և առաջարկել անվտանգության գոտու տարբերակը, որովհետև այլ կերպ հնարավոր չէ։

«Մենք ունենք նաև դեպքեր, երբ ադրբեջանական կողմ են անցնում խոշոր կամ մանր եղջերավոր կենդանիներ և այլևս հնարավոր չի լինում նրանց այնտեղից վերադարձնել։ Սա նույնպես իրավունքների կոպիտ խախտում է»,-նշել է Արման Թաթոյանը։

Վերջինս նշել է, որ այժմ ավելի մանրամասն դիրքորոշում են մշակում, որը ներկայացնելու են միջազգային կառույցներին և դարձնեն միջազգային քննարկման առարկա։

PanARMENIAN.Net 

Spread the love