Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների կարգը փոխվել է: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնել է ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը:
Նա տեղեկացրել է, որ 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները, անկախ նրանից՝ ռիսկի խմբում են, թե ոչ, կարող են պատվաստվել AztraZeneca-ով, գրում է Shantnews.am-ը։
Սահակյանը տեղեկացրել է նաև, որ պատվաստվելուց առաջ որևէ հետազոտության կարիք չկա։
«Ոչ մի հետազոտություն պետք չէ. ո՛չ թրոմբոցիտների քանակի որոշում, ո՛չ հակամակարդիչների կիրառում: Դա պարզապես ավելորդ ռեսուրսների վատնում է»,- ասել է Սահակյանը։
Մասնագետը հայտնել է, որ խոսքը վերաբերում է նաև ՊՇՌ հետազոտությանը՝ պարզելու՝ արդյոք մարդը վարակված է կորոնավիրուսով, թե ոչ:
«Նման անհրաժեշտություն չկա, քանի որ կարող է առավոտյան հանձնել, թեստը բացասական լինել, երեկոյան արդեն դրական լինել: Ուղղակի պետք է զգուշություն ցուցաբերի պատվաստվողը: Պարզապես պետք է իմանալ, որ պատվաստումը չի խորացնում իրավիճակը, որևէ կերպ չի ազդում հիվանդության ընթացքի վրա»,- ասել է Սահակյանը:
Նա նշել է՝ եթե մարդը մինչև պատվաստվելը վարակվում է կորոնավիրուսով, այդ դեպքում պատվաստանյութը «չի աշխատում»:
Փոփոխություններ կան նաև պոլիկլինիկաների աշխատանքում։ Եթե նախկինում պոլիկլինիկաներն աշխատում էին շաբաթական 5 օր, ապա հիմա պիտի աշխատեն նաև շաբաթ և կիրակի օրերին՝ 10:00-16:00-ն:
«Իսկ «Սպուտնիկ V»-ի հարցով քաղաքականությունը չի փոխվել, այսինքն՝ առավել խոցելի խմբերը՝ 18-54 տարեկան, կպատվաստվեն: Հիմնականում կլինեն բուժաշխատողները, խրոնիկ հիվանդություններ ունեցողները և սոցիալական պաշտպանության կազմակերպությունների անձինք»,- ասել է Սահակյանը:
More Stories
Ընտանեկան բռնությունը Հայաստանում․ ներկայիս իրավիճակը
Երուսաղեմի Հին քաղաքի Հայակական թաղամասի ճակատագիրը
Հոդվածների մրցույթ 2024