ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին՝ ընդգծելով, որ Հայաստանն աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցում:
Նա ընդգծել է, որ 2020-ը Հայաստանի համար դժվար տարի էր ոչ միայն կորոնավիրուսի, այլև շատ ավելի ծանր՝ սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի ակտիվ աջակցությամբ ու ուղիղ մասնակցությամբ իրականացված պատերազմի պատճառով։
«Պատերազմի ընթացքում և դրանից հետո հայ զինծառայողներ ու քաղաքացիական անձինք են գերեվարվել, նրանք ենթարկվում են խոշտանգումների և արժանանում անմարդկային վերաբերմունքի Ադրբեջանի կողմից»,-նշել է նա:
Հայաստանի նախագահը չափազանց կարևոր է համարել, որ գերության մեջ գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակումն իրականացվի «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի կիրառմամբ, որն արհամարհվում է Ադրբեջանի կողմից:
Այս համատեքստում Սարգսյանը մատնանշել է ՄԻՊ-ի կողմից իրականացվող աշխատանքը և փաստահավաք գործունեությունը, որը միջազգային ատյաններում մշտապես բարձրաձայնում է հայկական կողմի մտահոգությունների ու առկա խնդիրների մասին:
Նշելով, որ Հայաստանը բոլոր գերիների շուտափույթ վերադարձի հարցում աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից՝ Հայաստանի նախագահը դիմել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին և Եվրոպայի խորհրդին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին և կազմակերպությանը՝ կոչ անելով միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակումը և անվտանգ վերադարձն ապահովելու համար:
PanARMENIAN.Net
More Stories
Ընտանեկան բռնությունը Հայաստանում․ ներկայիս իրավիճակը
Երուսաղեմի Հին քաղաքի Հայակական թաղամասի ճակատագիրը
Հոդվածների մրցույթ 2024