Գոյություն ունեն մարդու իրավունքների միջազգային չափանիշների կենսագործումը վերահսկող եւ մարդու իրավունքների խախտումների մասին գանգատները քննող մի շարք պայմանագրային եւ արտապայմանագրային մեխանիզմներ:
Այսօրվա դրությամբ պայմանագրերի կատարումը վերահսկող 9 մարմին կա:
Գործող կոմիտեներն են.
• HRC – Մարդու իրավունքների կոմիտե (վերահսկում է Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (1966 թ.) եւ դրան կից 2 կամընտիր արձանագրությունների (1966 թ. եւ 1989 թ.) կենսագործումը): Մարդու իրավունքների կոմիտեն հիմնվել է Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 28-րդ հոդվածի համաձայն: Այն կոչված է վերահսկելու մասնակից պետությունների պարտավորությունների համապատասխանությունը դաշնագրի դրույթներին` քննության առնելով մասնակից պետությունների ներկայացրած
զեկույցները եւ դաշնագրի դրույթների` վերջիններիս կողմից թույլ տրված խախտումների մասին անհատական հաղորդագրությունները: Դաշնագրի համաձայն` մասնակից պետությունները պարբերաբար` յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ, պետք է զեկույցներ ներկայացնեն կոմիտեին: Երկու-երեք դռնբաց նիստերում զեկույցը քննարկելուց հետո կոմիտեն դռնփակ նիստում ամփոփում է իր դիտողություններն ու հանձնարարականներ ներկայացնում պետությանը, որոնք հավասարազոր են միջազգային դատարանների դատավճիռներին:
• CESCR – Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների հարցերով կոմիտե (վերահսկում է Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի (1966թ.) եւ դրան կից կամընտիր արձանագրության (2008 թ.) կենսագործումը): Սկզբնական շրջանում, համաձայն Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի 16-րդ հոդվածի, պետությունների կողմից դաշնագրի կենսագործման վերահսկումը դրված էր Տնտեսական եւ սոցիալական խորհըրդի վրա, որը հետագայում իր այդ պատասխանատվությունը փոխանցեց այդ նպատակով ստեղծված Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների հարցերով կոմիտեին: Մասնակից պետությունները պարտավորվում են 5 տարին մեկ անգամ պարբերական զեկույց ներկայացնել դաշնագրով ճանաչվող իրավունքների ապահովման ասպարեզում իրենց կողմից ձեռնարկված միջոցների եւ արձանագրված առաջընթացի մասին: Զեկույցներում զետեղված տվյալները քննության առնելուց հետո կոմիտեն ամփոփում է իր դիտողությունները եւ հանձնարարականներ ներկայացնում պետությանը` վերջինիս ուշադրությունը հրավիրելով ձախողված ընթացակարգերի վրա:
• CERD – Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման հարցերով կոմիտե (վերահսկում է Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի (1965 թ.) կենսագործումը): Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման հարցերով կոմիտեն ստեղծվել է Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն: Կոմիտեն կոչված է վերահսկելու կոնվենցիայի դրույթների կենսագործումը եւ օժանդակելու դրան:Մասնակից պետությունները պարտավորվում են երկու տարին մեկ անգամ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի միջոցով կոմիտեի քննարկմանը ներկայացնել պարբերական զեկույց, որում պետք է շարադրվեն կոնվենցիայի դրույթների կենսագործման նպատակով ձեռնարկված օրենսդրական, դատական, վարչական կամ այլ միջոցները: Յուրաքանչյուր զեկույց ներկայացվում է կոմիտեի` տվյալ երկրի հարցով զեկուցող նշանակված անդամի ուշադրությանը եւ մանրամասն վերլուծությանը: Եթե հինգ տարին լրանալուց հետո պետությունը զեկույց չի ներկայացնում, կոմիտեն իրավազոր է քննել երկրի իրավիճակը` առանց զեկույցի:
• CEDAW – Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով կոմիտե (վերահսկում է Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի (1979 թ.) եւդրան կից կամընտիր արձանագրության (1999 թ.) իրագործումը): Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման կոմիտեն ստեղծվել է Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի 17-րդ հոդվածի համաձայն: Կոմիտեի հիմնական գործառույթը կոնվենցիայի դրույթների կենսագործումն է` մասնակից պետությունների ներկայացրած պարբերական զեկույցների հիման վրա: Նոր կամընտիր արձանագրության համաձայն ստեղծվել է երկու ընթացակարգ.
ա. անհատական հաղորդագրությունների ընթացակարգ, որը թույլ կտա հաղորդագրություններ ներկայացնել այն անհատների կամ անհատների խմբի անունից, ովքեր հայտարարում են, թե կոնվենցիայի այս կամ այն դրույթի խախտման զոհ են դարձել,
բ. ընթացակարգ, որը կոմիտեին հնարավորություն կտա հետաքննություն անցկացնելու մասնակից պետությունների կողմից այդ իրավունքների պարբերական խախտումների վերաբերյալ:
• CAT – Խոշտանգումների դեմ պայքարի հարցերով կոմիտե (վերահսկում է Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի (1984 թ.) կենսագործումը): Խոշտանգումների դեմ պայքարի հարցերով կոմիտեն ստեղծվել է Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի 17-րդ հոդվածի համաձայն: Ըստ այդմ` մասնակից պետությունը 4 տարին մեկ անգամ պարբերական զեկույց է ներկայացնում կոմիտեին: Եթե վերջինս հավաստի տեղեկություններ է ստանում պետությունում «խոշտանգումների պարբերական կիրառման» մասին եւ գտնում է, որ ստացված տեղեկությունն «արժանի է» հետագա քննության, ապա կոմիտեն լիազորվում է գաղտնի հետաքննություն անցկացնել, որին մասնակցելու է հրավիրվում նաեւ շահագրգիռ պետությունը: Ստացված տվյալների եւ տեղեկությունների հիման վրա կոմիտեն իր հանձնարարականներն է հղում պետությանը:
• SPT – Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով ենթակոմիտեն (վերահսկում է Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրության (2002 թ.) կենսագործումը): Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով ենթակոմիտեն,համաձայն կամընտիր արձանագրության, իրավունք ունի այցելելու մասնակից երկրների ոստիկանատներ, բանտեր (ռազմական ու քաղաքացիական), կալանավայրեր, հոգեբուժարաններ ու սոցիալական խնամքի վայրեր եւ ուսումնասիրելու այդ վայրերում պահվող մարդկանց վիճակը: Արձանագրության մասնակից երկըրները պարտավոր են ստեղծել ներպետական անկախ կանխարգելիչ մեխանիզմներ` տեղերում խոշտանգումները բացառելու համար:
• CRC – Երեխայի իրավունքների հարցերով կոմիտե (վերահսկում է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի (1989 թ.) եւ դրան կից 2 կամընտիր արձանագրությունների (2000թթ.) կենսագործումը): Երեխայի իրավունքների հարցերով կոմիտեն ստեղծվել է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 42-րդ հոդվածի համաձայն: Այն կոչված է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, մասնագիտացված գործակալությունների եւ իրավասու մարմինների հետ համատեղ, պետությունների պարբերական զեկույցների քննության հիման վրա իրականացնելու կոնվենցիայի դրույթների կենսագործման վերահսկումը: Ըստ այդմ, մասնակից պետությունները
պարտավորվում են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի միջոցով կոմիտեի քննարկմանը պարբերական զեկույցներ ներկայացնել համանուն կոնվենցիայով երաշխավորվող իրավունքների կենսագործման ուղղությամբ իրենց ձեռնարկած միջոցների եւ այդ բնագավառում արձանագրած առաջընթացի մասին:
• CMW – Միգրանտ աշխատողների հարցերով կոմիտե (վերահսկում է Բոլոր միգրանտ աշխատողների եւ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիայի (1990 թ.) կենսագործումը): Մասնակից պետությունները պարտավորվում են հինգ տարին մեկ անգամ զեկույց ներկայացնել տվյալ պետությունում կոնվենցիայի կենսագործման ուղղությամբ իրենց ձեռնարկած քայլերի մասին: Զեկույցներում պետք է նշվեն կոնվենցիայի կենսագործման ընթացքում առաջացած խոչընդոտները եւ տեղեկատվություն տրամադրվի միգրացիոն հոսքերի մասին: Զեկույցներն ուսումնասիրելուց հետո կոմիտեն տվյալ մասնակից պետությանը համապատասխան հանձնարարականներ է ներկայացնում:
• CRPD – Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտե (վերահսկում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին միջազգային կոնվենցիայի (2006 թ.) եւ դրան կից կամընտիր արձանագրության (2006 թ.) կենսագործումը): Մասնակից պետությունները պարտավոր են Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեին պարբերական զեկույցներ ներկայացնել կոնվենցիային միանալուց երկու տարի անց, այնուհետ` չորս տարին մեկ անգամ: Կոմիտեն նոր է ստեղծվել եւ սկսել աշխատանքները (2009 թ.) եւ դեռեւս կարող է փոփոխությունների ենթարկվել:
Ստեփան Մանուկյան
More Stories
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում
ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կատարելագործումը որպես պետության զարգացման հիմնական գործոն