2017 թվականին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը Եվրոպական միության եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ՝ «Հայաստանում
գենդերային բռնության դեմ պայքարին ուղղված ուսումնասիրություններ, տեղեկությունների տարածում եւ իրավական աջակցություն» ծրագրի շրջանակում իրականցրել է Հայաստանում ընտանեկան բռնությանը բազմաոլորտային արձագանքի տրամադրման առկա պրակտիկայի եւ նախաձեռնությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված որակական հետազոտություն, որի արդյունքները ամփոփվել է զեկույցում։
Հետազոտության նպատակն էր բացահայտել Հայաստանում ընտանեկան բռնությանը բազմաոլորտային արձագանքի տրամադրման առկա պրակտիկայի առանձնահատկությունները՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի եւ այն կանխելու ներկա եւ հետագա նախաձեռնությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաեւ ներկայացնել համապատասխան առաջարկներ:
Հետազոտությունը իրականացվել է ֆոկուս խմբային քննարկումների և փորձագիտական հարցազրույցների անցկացմամբ։
Հետազոտությունում նաև մասնավորապես անդրադարձ է կատարվում ընտանեկան բռնության առաջացման ընկալումների եւ դրա դրսեւորումներին նպաստող գործոնների վերաբերյալ։
Ֆոկուս խմբային քննարկումները անցկացվել են Շիրակի, Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Երևանում։ Քննարկումները անցկացվել են ինչպես քաղաքային այնպես էլ գյուղական համայնքներում կանանց և տղամարդկանց ընտանեկան բռնության վերաբերյալ իրենց ընկալումների, կարծիքների վերաբերյալ։ Նաև քննարկումներ անցկացվել են բազմաոլորտային արձագանքման գործընթացում լիազորություններ ունեցող կառույցների, եւ ոչ ֆորմալ դերակատարների միջամտության վերաբերյալ վերաբերմունքը եւ գնահատականները վեր հանելու համար:
Ֆոկուս խմբային քննարկումների արդյունքները թույլ են տալիս հստակեցնել ընտանեկան բռնության դրսեւորումների պատճառների եւ նպաստող գործոնների շուրջ ընկալումները, որոնք ընդհանուր առմամբ բոլոր խմբերում գրեթե նույնական են: Այդուհանդերձ, տարբեր խմբերում, կախված սեռից եւ բնակության վայրից, ուրվագծվում են նաեւ որոշակի յուրահատկություններ, որոնք պայմանավորված են գործոնների դասակարգմամբ, այսինքն, տարբեր խմբերում տարբեր գործոններ են համարվում կարեւոր եւ առաջնային:
Շիրակի մարզում անցկացված ֆոկուս խմբային քննարկման արդյունքում, Գյումրիում՝ բռնություն վերապրած կանանց խմբում որպես գործոն շեշտվում է նաեւ տղամարդու վերահսկող վարքը, մասնավորապես խանդից եւ իշխանությունը հաստատելու ցանկությունից դրդված, թեեւ խմբի մասնակիցները չեն դատապարտում հայրիշխանական կարծրատիպերն ու դրանցով պայմանավորված տղամարդկանց վարքագիծը, ինչպես դա անում են երեւանյան խմբերը: Շատերի համար առնականության եւ իդեալական տղամարդու կերպար շարունակում է մնալ ավանդական դերեր ու գործառույթներ ունեցող տղամարդը: Այս խմբում տղամարդու ուժեղ եւ վաստակող մոդելը շարունակում է մնալ ընդունելի եւ նախընտրելի. մասնակիցները նշել են հետևյալը՝
Գյումրի, բռնություն վերապրած կանանց խումբ․
«Տղամարդը պետք է ուժեղ լինի, խոսքը թրի նման պետք է կտրի: Աշխատող, տուն բերող: Խիստ պետք է լինի, հա ի՞նչ անենք, թող մի քիչ էլ սահմանափակի կնոջ իրավունքները, բայց արդար, հարգանքով լինի»: «Իդեալական տղամարդը պիտի լինի խիստ ու հեղինակավոր: Միայն այդ դեպքում նրան կհարգի ու կընդունի հասարակությունը»:
Շիրակի խմբերում, թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց, բավականին հաճախ է արծարծվում կնոջ առցանց ներկայության եւ սոցիալականացման գործոնը: Երկու խմբերում էլ մասնակիցները բացասական կարծիք ունեն կնոջ առցանց ներկայության եւ սոցիալականացման վերաբերյալ, թեեւ տարբեր պատճառներով: Տղամարդկանց կարծիքով, նման ներկայությունն ազդում է կնոջ բարոյական կերպարի վրա՝ երբեմն առիթ դառնալով դավաճանությունների.
Գյումրի, տղամարդկանց խումբ․
«Բռնությանը նպաստող գործոնները բոլոր տարաձայնություններն են ու վեճերը`
հատկապես ինտերնետի պատճառով: Ինտերնետում «շատ կեղտ կա», այդ պատճառով
կռիվներ են առաջանում»:
Զեկույցը բաղկացած է 93 էջից։
Սույն Որակական հետազոտական զեկույցը ամբողջությամբ կարող եք ձեռք բերել հետևյալ հղմամբ՝ https://www.un.am/up/library/Perceptions-attitudes-and-practices-regarding-domestic-violence-in-Armenia_Reserach_Arm.pdf
Կարինե Տոնոյան
More Stories
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում
ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կատարելագործումը որպես պետության զարգացման հիմնական գործոն