Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Հայաստանում հասարակական գիտություններ, ձևի և բովանդակության մասին

Հայաստանում հասարակական գիտություններ, ձևի և բովանդակության մասին

Ներածական սադրանք

Արդյո՞ք մեզ պետք է գիտություն։ Էնպիսի հասարակական գիտություն, որը ունակ չէ արտահայտել, մեկնաբանել ու բացատրել հասարակությունը։ Գիտություն, որն աշխատում է իներցիայով ու ինքնանպատակ, բայց ոչ այն պատճառով, որ իրեն հատուկ սնոբիզմով կտրվել է հասարակական խնդիրներից և փակվել է փղոսկրե աշտարակում, այլ որ պարզապես միտքն ու գործողությունը բավականաչափ կարող չէ գիտականորեն մոտենալ հասարակական խնդիրներին։ 

Արդյո՞ք մեր հասարակական հարաբերությունները հստակ ձևավորել են պահանջարկ գիտությունից կամ էլ այդ գիտության արտադրանքը առհասարակ աղերս ունի այդ պահանջարկին։ Եթե հարցը հնարավորինս պրիմիտիվացնենք դուրս կգա, որ մեզ պետք են մի քանի կովկասագետներ՝ ադրբեջանագետ ու վրացագետ, մեկ երկու արևելագետ, լավագույն դեպքում էլ մի տաս տնտեսագետ, կողքից մի երկու սոցիոլոգ-իրավագետ-քաղաքագետն էլ չէր խանգարի, բայց դա կարող է արդեն շքեղություն դիտվել։ Ու սա վերաբերվում է ոչ թե ամեն տարի թողարկվող քանակին, այլ մի քանի սերունդներին։ 

Տարածված “մեմատիվ”* կարծիք կա թե գիտությունը թերֆինանասավորվում է, ինչն էլ բերում է մեր իմացած խնդիրներին։ Մյուս կողմից էլ մուննաթ ու բողոք է, որ նույնիսկ դրան համապատաասխան արդյունք չկա։ Երկու կողմն էլ ճիշտ են։ Բայց ոչ մի կողմն էլ իրեն այդ կարևոր հարցը չի տալիս, մեզ գիտություն պետք է թե՞ չէ։ Էտքան ռեսուրս տարիներով, որ ծախսվում է գիտնական պատրաստելու, վարչարարություն անելու, գիտական գործունեության համար արդարացված է թե՞ չէ։

Սեփական փորձով

Այս տարի դիմել եմ երկու համալսարան քաղաքագիտության ասպիրանտի համար։ Կառավարությունը իր միջոցներից գտել է, որ իրեն պետք է երեք քաղաքագետ երեք տարի հետո (նույն թիվը 2019-2020 ուս․ տարվա համար), դրան գումարած Հայ-Ռուսական Համալսարանը Ռուսաստանի կառավարության միջոցներով երեք քաղաքագետ էլ ինքն է պատրաստվում տալ։ Կարևոր է նշել, որ կան նաև այլ հաստատություններ, որոնք սեփական ռեսուրսներով պատրաստում են քաղաքագիտության բնագավառում գիտնականներ։

Հատկանշական է, որ երեք համալսարանի ասպիրանտուրայի ընդունման կարգն ու պահանջները նույնանման են։ Երեքն էլ պահանջում են ռեֆերատ/ հոդված և տրամադրում են մոտ հարյուր հարցանոց հարցաշար։ Հենց այս՝ պետության միջոցներով գիտնական դառնալու հնարավորությունները գնահատելու փուլում էլ արդեն խնդիրներ են։ Հարցաշարերը որոշակի նմանությունների և տարբերությունների պարագայում կրկնում է բակալավրում և մագիստրատուրայում անցած կուրսը։ Ստացվում է, որ դիմորդը, ով մեծ հավանականությամբ քննություն է տվել ու ավարտել է նույն համալսարանի բակալավրը և/կամ մագիստրատուրան, դա հավաստող դիպլոմ է ստացել, պետք է նորից անցնի անցած ճանապարհով։ Ինչ է դուրս գալիս, որ համալսարանը ոչ միայն չի վստահում մյուս համալսարանների տված գիտելիք/ դիպլոմին ու ստիպում նույն անցած նյութերը վերահանձնել, այլև չի վստահում հենց ինքն իրեն։ Ընդունելության ժամանակ ոչ ոք չի էլ փորձում հասկանա ինչով է պատրաստվում զբաղվել դիմորդը, ինչ հետազոտել, ինչ մեթոդներով ու գործիքներով, ընդունակ է գիտական ռեֆլեքսիայի առհասարակ ու պետք է համալսարանին դիմորդի հետազոտական ուղղությունը։

Ձևի ու բովանդակության մասին

Վերոնշյալ խնդիրներն ուղղորդվում են գիտական մեթոդների պատշաճ ուսուցանմնան բացակայությամբ, համակարգված և իրականության հետ չկապակցված գիտահետազոտական պրակտիկայի բացակայությամբ։ Ինչը հասարակական գիտությունները շպրտում է արատավոր “վատ կադրեր – վատ արդյունք” շրջանի մեջ։ 

Արդյունքում ունենում ենք քնարապատմողական մագիստրոսական ու թեկնածուական աշխատանքներ, որոնք ոչ թե գիտական արժեքի խնդիր ունեն, այլ առհասարակ գիտական բաղադրիչ չունեն և լավագույն դեպքում կարող են համեմատվել դպրոցական ռեֆերատների հետ։ Իսկ այդ կոչումով գիտնականների ողջ մտագործունեությունը թաթախված է պաթոսով ու մետաֆիզիկայով։

Հասարակական գիտություններում ինքնանպատակի, ձևի և բովանդակության լավագույն նմուշ է հասարակական գիտություններից մի ճյուղին նվիրված համալսարանում տարուց ավել շարունակվող սկանդալը կապված մի քանի անձնանց ակադեմիական բարեվարքության հետ։ Սակայն, որպես այդպիսին, քննարկումը ոչ թե բովանդակության մասին է՝ խախտված են ակադեմիական բարեվարքության նորմերը թե ոչ, այլ ընթացակարգերի, ձևերի՝ մի խոսքով հարցի մետաֆիզիկայի։

Վերջին խոսք

Ասվածից կարող է թյուր տպավորություն ստեղծվել, որ որակով գիտնականներ չկան։ Ոչ՝ կան։ Սակայն փոքրաքանակ են, համակարգում չունեն հանգուցային դեր և շատ դեպքերում գիտական հաստատութենական միջավայրից օտարված են։

Տիգրան Մուղնեցյան

տեքստում կիրառվող “գիտություն” ձևակերպումը վերաբերբում է բացառապես հասարակական գիտություններին

Spread the love