Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Ռուսաստան մեկնել ցանկացողներից շատերը բախվում են խոչընդոտի

Գրեթե մեկ տարվա դադարից հետո այսօրվանից Ռուսաստանի օդային ճանապարհները բացվեցին ՀՀ քաղաքացիների համար, սակայն ոչ բոլորին հաջողվեց մտնել օդանավ։

Պարտադիր է թռիչքից 72 ժամ առաջ իրականացված կորոնավիրուսի բացասական թեստի առկայությունը։ Սակայն կորոնավիրուսի բացասական պատասխանը ձեռքին Արսեն Այվազյանն ու էլի մի խումբ մարդիկ այդպես է չկարողացան մեկնել Մոսկվա։ Սխալ վայրում էին հանձնել թեսթը, օդակայանը դա չի ընդունում։

«Ոչ տոմս վաճառողն ա ասում, ոչ էլ որ անալիզը տալիս ենք, այդտեղ են ասում։ Էս երկրում մեկը պի՞տի ասի ոնց գնաս, ուր գնաս։ Ես տվել եմ, էկել եմ, QR կոդով էկել եմ, չեմ կարում թռնեմ», – ասաց քաղաքացիներից մեկը։

Սրտնեղված քաղաքացիները չէին լսել ընդամենը չորս օր առաջ Առողջապահության նախարարի հայտարարությունը, որ մինչև COVID թեստի հանձնումը քաղաքացիներն իրենց բջջայինում պետք է ներբեռնեն «Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածը, որտեղ նշված են այն լաբորատորիաները, որոնց տված պատասխանն է միայն ընդունվելու օդակայանում։ Ի դեպ, նշված լաբորատորիաներում այսօր հերթ էր։

Իսկ մտահոգվելու պատճառ կա, որովհետև օդային տարածքը Ռուսաստանի հետ բացվել է ընդամենը մեկ ամիս ժամանակով, տոմսերը, ինչպես տեղեկացանք ուղևորներից և տուրօպերատորներից, կրկնակի-եռակի թանկացել են, օդանավում տեղերն էլ սպառվում են շատ արագ։

«Եթե էն վախտ տասը հազար էր մի կողմը, հիմա 18-19 հազար է դառել», – ասաց մի ուղևոր։

Օդանավակայում «Ազատության» հետ զրուցող ուղևորներր մեծ մասը տոմսերը գնել էր մեկ ուղղությամբ. հիմնականում արտագնա աշխատանքի մեկնողներն էին և կորոնավիրուսի պատճառով բաժանված ընտանիքների անդամները։

Spread the love