1. Երիտասարդների առօրյան
Տավուշի մարզային թիմը ներկայացնում է երկրորդ հոդվածը, որի շրջանակներում հետազոտության ամենատարբեր մեթոդների կիրառմամբ բացահայտվել են Իջևանի երիտասարդության կարիքները՝ կապված ժամանցի կազմակերպման հետ, վերհանվել են առկա խնդիրները և առաջարկվել են դրանց լուծման առավել արդյունավետ և իրատեսական տարբերակները։
Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի հյուսիսարևելյան հատվածում: Մարզը հարավ-արևելքում և հարավում սահմանակից է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերին, արևմուտքում` Լոռու մարզին և պետական սահմանով` Վրաստանին, հյուսիսում և արևելքում` Ադրբեջանին, տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա (Վիրահայոց, Գուգարաց և Միափորի լեռներ)։
Տավուշի մարզը Հայաստանի հյուսիսային դարպասն է` զարգացող զբոսաշրջությամբ և հիանալի պատմամշակութային կոթողներով։ Մարզկենտրոն Իջևանն էլ, իր հերթին, առանձնահատուկ տեղ է գրավում մարզի համայնքների շարքում։ Իջևան քաղաքը (2020թ. տարեսկզբին` 20.3 հազ. բնակիչ) գտնվում է Երևանից 133 կմ հեռավորության վրա, մարզի հյուսիսարևելյան հատվածի վարչական, արդյունաբերական, կրթամշակութային կենտրոնն է և տրանսպորտային հանգույցը:
Իջևանում է գործում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, որը հիմնադրվել է 1994 թ.-ին: Մասնաճյուղն ունի չորս ֆակուլտետ՝ բնական գիտությունների, հումանիտար գիտությունների, տնտեսագիտության և կիրառական արվեստի։ Այն ազգային և տարածաշրջանային դերակատարությամբ կրթական և գիտամշակութային հաստատություն է, որի հիմնական առաքելությունը գիտելիքի ստեղծումը, առավելապես փոխանցումը և տարածումն է հայագիտության, մշակույթի, հումանիտար, սոցիալտնտեսական և բնական գիտությունների ուղղություններով: Համալսարանը միաժամանակ նպաստում է նաև երիտասարդական կյանքի աշխուժացմանը։
Իջևանում կա երիտասարդության մեծ ներուժ։ Երիտասարդներն ակտիվ մասնակցություն են ունենում մի շարք ՀԿ-ների կազմակերպած միջոցառումներին, կամավորությամբ են զբաղվում, համագործակցում են տեղի երիտասարդական կառույցների հետ։ Մասնավորապես, վերջին շրջանում երիտասարդներն ակտիվորեն մասնակցում են «ՀԿԽԸ-ի Տավուշի մասնաճյուղի» կազմակերպած դասընթացներին` առաջին բուժօգնության և այլնի վերաբերյալ, «Ռեստարտ Իջևան» ՀԿ-ի կազմակերպած մի շարք դասընթացների և ինտերակտիվ հանդիպումների, օտար լեզվի ուսուցման խմբակների և այլն։ «Իջևան Ինֆոտուն» ՀԿ-ն երիտասարդների համար նույնպես կազմակերպում է դասընթացներ՝ բլոգինգի, վլոգինգի, մեդիագրագիտության և այլ թեմաներով։ Սակայն, երիտասարդության համար օրվա առաջին կեսը սկսվում է դպրոցական / ուսանողական ծրագրով, և դրանից հետո լիցքաթափվելու, քննարկումներ անելու, ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար համապատասխան վայր և ժամացի ձև հաճախ չի լինում։
2. Հարցում՝ երիտասարդների կարիքները բացահայտելու նպատակով
Երիտասարդության համար ժամանցը կարևոր նշանակություն ունի․ այն երիտասարդի կենսագործունեության հիմնական գործոններից է: Ժամանցը, լինելով ազատ ժամանակ ֆիզիկական, հոգևոր, սոցիալական պահանջմունքների բավարարմանն ուղղված գործունեության ձևերի ամբողջություն, իրականացնում է այնպիսի կարևոր գործառույթներ, ինչպիսիք են հանգիստը, ծախսված ֆիզիկական ու մտավոր ուժերի և ունակությունների զարգացումը, զվարճանքն ու շփումը:
Ելնելով վերոնշյալ գործառույթներից` հարկ է նկատել, որ ժամանցի արդյունավետ կազմակերպումը կարևորվում է մարզային երիտասարդության կենսագործունեության համար: Ըստ էության` ժամանցի տարածված ձևերն են.
1) զանգվածային մշակութային հանդիսություններին մասնակցությունը,
2) խաղերը, ֆիզկուլտուրան և սպորտը,
3) էքսկուրսիաներն ու ճանապարհորդությունը,
4) ստեղծագործական և սիրողական զբաղմունքները:
Նախկինում երիտասարդության համար անցկացվում էին տարբեր ազգագրական, թատերական և այլ միջոցառումներ, իսկ այսօր երիտասարդները ստիպված են իրենք հոգալ իրենց մշակութային պահանջները, սակայն միշտ չէ, որ դա հաջողվում է:
Իջևան քաղաքի երիտասարդների կարիքները բացահայտելու նպատակով իրականացրինք հարցում՝ ըստ նախօրոք մշակված հարցաթերթիկի։ Ստորև ներկայացնում ենք հարցման արդյունքները․
Գրաֆիկ 1.
Հարցվածների շուրջ 77.8%-ը պատկանում են 15-20 տարիքային խմբին, իսկ մնացածը` 20-30 և 30+։
Գրաֆիկ 2.
Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ երիտասարդների շուրջ 62.5%-ը դժգոհ է մարզում առկա ժամանցային վայրերից, 25%-ը՝ գոհ, իսկ 12․5%-ը՝ ոչ այնքան է բավարարված։
Հարցման արդյունքում միաժամանակ պարզ դարձավ, որ երիտասարդության գերակշիռ մասը ցանկանում է՝ համայնքում գործեն կինոթատրոն և գրադարան-սրճարան։
3. Հարցազրույց Իջևանցի երիտասարդի հետ
Տավուշի մարզային թիմից Ռոզա Խառատյանը հարցազրույց է վերցրել Իջևան քաղաքի բնակիչ Ռիմա Իսախանյանից, ով պատասխանել է քաղաք Իջևանում առկա ժամանցի կազմակերպման հնարավորություններին վերաբերող մի շարք հարցերի ու առաջարկել երիտասարդների կյանքն ակտիվացնելու և նրանց հետաքրքիր ժամանցն ապահովելու իր գաղափարները։
– Ինչպե՞ս եք անցկացնում Ձեր ազատ ժամանակը․
– Ազատ ժամանակ սիրում եմ ֆիլմեր դիտել և ընկերներիս հետ ժամանակ անցկացնել` առօրյայից կտրվելու համար։
– Կա՞ արդյոք այնպիսի մի վայր, որտեղ Դուք ընկերական շրջապատով կարող եք ժամանակ անցկացնել․
– Մեզ մոտ արդեն երկու տարի է` գործում է «Yellow Dream» սրճարանը, որը շատ հարմար է երիտասարդների համար` շնորհիվ հիանալի մթնոլորտի և մատուցած ծառայությունների բազմազանության։ Վերջերս էլ բացվել է անտիկաֆե, որտեղ մենք ընդամենը տալիս ենք ժամավճար և, օրինակ, մեկ ժամվա ընթացքում ժամանցային խաղեր ենք կազմակերպում, օգտվում թեյից / սուրճից և տարատեսակ քաղցրավենիքներից։ Ինձ համար այն շատ հարմար ու գեղեցիկ ինտերիերով տեղ է, և ես շատ ուրախ եմ, որ Իջևանում կան նմանատիպ վայրեր։
– Ժամանցի ինչպիսի ձևեր կամ ժամանցային վայրեր կցանկանայիք տեսնել Իջևանում․
– Իհարկե, ես միշտ ցանկացել եմ` մեզ մոտ էլ լինի կինոթատրոն, որ նոր ֆիլմերի պրեմիերայի համար անընդհատ կարիք չլինի մայրաքաղաք գնալու։ Նշեմ նաև, որ բնակիչներից շատերը հաճախ հնարավորություն չեն ունենում` գնալու մայրաքաղաք։ Նաև կցանկանայի` լիներ ընթերցասրահ կամ դասասենյակ, որտեղ երիտասարդները կարող են գնալ` իրենց դասերը սովորելու կամ գիրք կարդալու. շատերիս հետ է, չէ՞, պատահում, երբ տանն աղմուկի պատճառով հաճախ հարմար չի լինում դասեր սովորել կամ գիրք ընթերցել, և մենք կարիք ենք ունենում լուռ միջավայրի, որտեղ կարող ենք կենտրոնալ և հանգիստ ընթերցել։ Եվրոպական երկրներում վաղուց են գործում այդպիսի ընթերցասրահներ, և ես կցանկանայի, որ Իջևանում նույնպես լինեն նմանատիպ վայրեր։
4. Երիտասարդների ժամանցի կազմակերպման հետ կապված խնդիրների լուծման մեր տեսլականը
Վերլուծելով հարցման արդյունքները, դիտարկելով հարցազրույցում նշված առաջարկները և պարզելով համայքում առկա խնդիրները՝ կապված Իջևանի երիտասարդների ազատ ժամանցի կազմակերպման հետ, առաջարկում ենք խնդիրների լուծման հետևյալ տարբերակները․
- Հաշվի առնելով այն փաստը, որ Իջևանն ունի մշակույթի տուն, որտեղ իրականացվում են հիմնական միջոցառումները (Վերջին Զանգ, Ամանոր, Համերգներ), առաջարկում ենք բարելավել վերջինիս վիճակը՝ ստեղծելով կինոթատրոն / տիկնիկային թատրոն, քանի որ այստեղ կա նաև մշակույթի զարգացման խնդիր։ Սա միաժամանակ հնարավորություն կտա երիտասարդությանը՝ հաղորդ դառնալու տեղական և միջազգային մշակույթին։
- ՏԻՄ-ի և երիտասարդության միջև սերտ կապը ապահովելու համար առաջարկում ենք ՏԻՄ-ին կից ստեղծել աշակերտական / երիտասարդական խորհուրդ, որի անդամները վեր կհանեն երիտասարդությանը հուզող հիմնական հարցերը, կառաջարկեն լուծման իրենց տարբերակները, հավանության առաջացած գաղափարները կվերածվեն նախագծի և կներկայացվեն ՏԻՄ-ին։ Սրա շնորհիվ կխթանվի երիտասարդների մասնակցայնությունը որոշումների կայացման և իրենց վերաբերող խնդիրների լուծման գործընթացներին։
- Տավուշի մարզը հարուստ է բնական և պատմամշակութային ռեսուրսներով, որոնց շարքում հատկապես աչքի են ընկնում Մակարավանքը, Հաղարծինը, Գոշավանքը, Աղջկա Բերդը, Վարդան Մամիկոնյանի կաղնին և այլն։ Ելնելով վերոնշյալից, կարծում ենք, որպես երիտասարդների ժամանցի կազմակերպման հիանալի ձևեր կարող են հանդես գալ էքսկուրսիաները և քայլարշավները դեպի մարզի տեսարժան վայրեր։ Այս ամենը երիտասարդներին հնարավորություն կընձեռի՝ ծանոթանալու հայրենի բնաշխարհին և մշակույթին։
- Իջևանի գրական կյանքը ակտիվացնելու հետաքրքիր տարբերակ է նաև պոեզիայի երեկոների կազմակերպումը։ Պոեզիայի երեկոների ընթացքում երիտասարդ գրողները կներկայացնեն իրենց ստեղծագործությունները՝ արժանանալով համայնքի ուշադրությանը։ Նաև շատ երիտասարդներ կասմունքեն, նշանավոր բանաստեղծների ծննդյան օրերին կկազմակերպվեն հատուկ երեկոներ, որոնց ընթացքում հետաքրքիր և կրեատիվ տարբերակով կներկայացվեն նրանց ստեղծագործությունները։ Հնարավորության դեպքում պոեզիայի երեկոները կնկարահանվեն և կլուսաբանվեն տեղական հեռուստատեսությամբ, կստեղծվի ֆեյսբուքյան էջ, որտեղ հատուկ ընտրված հեշթեգով մարդիկ շատ հեշտությամբ կկարողանան գտնել պոեզիայի երեկոների տեսանյութերը։ Պոեզիայի երեկոները կնպաստեն երիտասարդների բառապաշարի զարգացմանը և քաղաքում գրական կյանքի ակտիվացմանը։
- Հիանալի և նոր տարբերակ է նաև գրադարան-սրճարանը, որտեղ երիտասարդները դասերից հետո կկարողանան հանգստանալ, կտրվել առօրյա հոգսերից, միևնույն ժամանակ նաև ընթերցանությամբ զբաղվել։ Գրադարան / սրճարանում կարող են կազմակերպվել ինտերակտիվ խաղեր, որոնք ուղղված կլինեն թիմակառուցմանը (teambuilding), ստեղծվել ինտելեկտուալ, ընթերցանության ակումբներ և այլն։ Այս ամենը կապահովի հետաքրքիր ժամանց երիտասարդների համար՝ վերջիններիս ընձեռելով ազատ ժամանակը օգտակարի հետ համատեղելու հնարավորություն։

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման