《Ես ոչ առաջին դեպքն էի, ոչ էլ վերջին》,-պատմում է վանաձորցի աղջիկը (անունն իր կամքով չի նշվում) քաղաքի խանութներից մեկում աշխատանքային միքանիօրյա փորձի մասին, երբ ըստ իրեն խախտվել էր իր աշխատանքային իրավունքը. 《2018 թվականի ամռանը, քանի որ դպրոցում արձակուրդ էր, որոշեցի գումար աշխատել՝ 16 տարեկան էի։ Տեսա, խանութի հայտարարությունը, որ աշխատանքի են հրավիրում խորհրդատու-վաճառողուհու, դիմեցի》։ Աղջիկը նշում է, որ գործատուն ասել է, որ ոչ մի խնդիր չկա, պարզապես ծնողի գրավոր համաձայնությունն է անհրաժեշտ օրենքին համապատասխան, աղջիկը ներկայացրել է գրավոր թույլտվությունը և սկսվել է աշխատանքային փորձաշրջանը. 《Առավոտյան ժամը 9-ին գնում էի աշխատանքի, երեկոյան 20։15 թողնում էին դուրս գամ, որ հասցնեմ վերջին երթուղային տրանսպորտին։ Մինչև 20 օր աշխատեցի ու մի օր գործատուն ասաց, որ հարկայինից մարդիկ են գալու, գնա մենք քեզ կկանչենք։ Որոշ ժամանակ հետո տեսնելով, որ չեն կանչում, ինքս գնացի, բայց այս անգամ ասացին, որ չեմ կարող շարունակել աշխատել, քանզի տարիքս է փոքր, նաև լավ չեմ սպասարկում》։
Աղջիկը պահանջել է, որ վճարեն իր աշխատածի դիմաց, բայց գործատուն նշել է, որ ըստ օրենքի աշխատանքային փորձաշրջանը չի վճարվում.《Այդ խանութը հայտնի է ձրի աշխատուժով, գործատուն ամիսը մեկ մի երիտասարդի է ընդունում աշխատանքի և հաջորդ ամիս ազատում է նրան》։
Թեմայով զրուցել ենք փաստաբան Անահիտ Մկրտչյանի հետ։
1.Ինչպիսի՞ն է երիտասարդների կարգավիճակը հայաստանյան աշխատաշուկայում։
Գործազրկությունը, հատկապես երիտասարդների շրջանում, բավականին արդիական խնդիր է։ Աշխատաշուկայում երիտասարդների ընդգրկվածության հարցում կարևոր գործոն է վերջիններիս ակտիվությունը, մասնագիտությունը, զբաղվածությունը։ Շատ երիտասարդներ զուգահեռ սովորում են, գիտելիքներ կուտակում հետագայում կիրառելու նպատակով, մյուս մասն էլ՝ անմրցունակ, մասնագիտություն չունեցող անձինք են։ Այնուամենայնիվ, առկա են վերջին տարիներին կատարված հետազոտությունների արդյունքներ, համաձայն որոնց՝ Հայաստանում երիտասարդների և չափահասների կեսը չունի աշխատանք, 15- ից 24 տարեկան տնտեսապես ոչ ակտիվ 5 երիտասարդներից 2-ն անգործ է, այսինքն՝ նրանք ոչ սովորում են, ոչ էլ՝ աշխատում (Համաշխարհային բանկ, ՀՀ-ում աշխատատեղերի դինամիկայի վերլուծություն, 2019թ․/ այլ վերլուծություններ)։
2. Որքանո՞վ է խոցելի երիտասարդը երբ առաջին անգամ աշխատանքի է փորձում ընդունվել և գործատուն առաջ է քաշում աշխատանքային փորձ չունենալու հանգամանքը. աշխատանքային օրենսգիրքն այս մասով ի՞նչ է նախատեսում, թե՞ սա ևս պայմանավորված է գործատուի բարեխղճությամբ։
Գործատուն իրավունք ունի ինքնուրույն համալրելու թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը։ Նշված անձանց հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանում է գործատուն (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 86)։ Գործատուն ունի ազատություն ընտրելու աշխատողին՝ ըստ վերջինիս գործնական հատկանիշների, մասնագիտական պատրաստվածության ու որակավորման, աշխատանքին ներհատուկ պահանջների, սակայն կարևոր է, որ անձին աշխատանքի չընդունելու հիմքում ընկած չլինի խտրականությունը, օրինակ՝ տարիքի, փորձի, սեռի կամ այլ հիմքով։ Աշխատանքային օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 3.1):
Շատ հաճախ երիտասարդներն ուսմանը զուգահեռ կատարում են կամավորական աշխատանքներ։ Այս հարցը մինչ 2016թ․-ը դուրս էր իրավական կարգավորումից, սակայն «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքով նախատեսվեցին որոշակի կարգավորումներ կապված Կազմակերպության կամավորների հետ։ Ըստ այդմ, եթե կամավորի աշխատանքի տևողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը, ապա Կազմակերպությունը կամավորների հետ կնքում է կամավոր աշխատանքի մասին պայմանագիր: Սակայն, այս պայմանագիրն ինքնին աշխատանքային պայմանագիր չէ, հետևաբար նաև չի համարվում աշխատանքային փորձ։ Այս դեպքում երիտասարդի աշխատանքային փորձի գնահատումը կախված է գործատուի բարեխղճությունից։
3. Ըստ օրենքի Հայաստանում աշխատանքային փորձաշրջանը վճարո՞վի է, եթե այո պրակտիկայում որքանո՞վ է կիրառելի։
Աշխատանքային պայմանագրում փորձաշրջան սահմանվում է կողմերի համաձայնությամբ։ Փորձաշրջանը կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջան սահմանելու դեպքում աշխատանքային պայմանագրում նշվում են` փորձաշրջանի տևողությունը (ժամկետը չի կարող երեք ամսից ավելի լինել, որոշ դեպքերում վեց ամիս) և պայմանները։
Կարևոր է ընդգծել, որ փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները (այդ թվում աշխատավարձ ստանալու) և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են աշխատանքային օրենսգրքով, աշխատանքային պայմանագրով (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 91):
Եթե փորձաշրջանն անցնելուց հետո աշխատողը շարունակում է աշխատել, ապա նա համարվում է փորձաշրջան անցած, կնքված աշխատանքային պայմանագրի գործողությունը շարունակվում է։
Փորձաշրջանի ընթացքում գործատուն և աշխատողն իրավունք ունեն լուծելու աշխատանքային պայմանագիրը`այդ մասին երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով նրան: Ծանուցման ժամկետը փորձաշրջանի դեպքում կարճ է, ինչը ևս իր հերթին անկանխատեսելի ռիսկեր է ստեղծում երիտասարդների համար (օրինակ՝ ողջամիտ ժամկետ չի տրամադրում նոր աշխատանք գտնելու համար)։
4.Երիտասարդ աշխատողները հիմնականում կնքու՞մ են աշխատանքային պայմանագիր։
Քիչ չեն դեպքերը, երբ փաստացի աշխատող անձինք, այդ թվում երիտասարդները աշխատում են առանց աշխատանքային պայմանագրի կնքման։ Այս դեպքում խոսքը անօրինական աշխատանքի մասին է։ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը կարգավորում է նման իրավիճակը, սահմանելով, որ անօրինական է այն աշխատանքը, որն իրականացվում է առանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի:
Կամավոր աշխատանքը և օգնություն ցուցաբերելու նպատակով կատարված աշխատանքը չեն կարող համարվել անօրինական (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 102):
5.Աշխատանքային իրավունքի խախտման դեպքում աշխատողի առաջին քայլը ո՞րը պիտի լինի. իրավական ի՞նչ կարգավորում կա այստեղ։
Սովորաբար աշխատանքային պայմանագրում նախատեսվում է նաև վեճերի լուծման կարգը։ Ըստ այդմ՝ վեճը լուծվում է գործատուի և աշխատողի միջև անմիջական բանակցությունների, համաձայնության միջոցով, համաձայնության բացակայության դեպքում՝ դատական կարգով։
Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը:
Աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացվում է` իրավունքը ճանաչելով, մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով, իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով կամ վերացնելով, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ գործատուի իրավական ակտն անվավեր ճանաչելով, դատարանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմնի` գործատուի օրենքին հակասող իրավական ակտը չկիրառելով, իրավունքի ինքնապաշտպանությամբ, վնասի հատուցում ստանալով, տուգանք բռնագանձելով, իրավահարաբերությունը դադարեցնելով (աշխատանքային օրենսգիրք, հոդված 38):
Այն դեպքերում, երբ աշխատանքային պայմանագիր առհասարակ չի կնքվել (անօրինական աշխատանք) կարող է դատական կարգով հաստատվել, որ աշխատողի և գործատուի միջև գոյություն ունեն (գոյություն են ունեցել) փաստացի աշխատանքային հարաբերություններ։
Աշխատողը աշխատանքային հարաբերությունների առկայության փաստը հաստատելու նպատակով իրավունք ունի դիմելու դատարան փաստացի աշխատանքային հարաբերությունների գոյության ժամանակահատվածում, ինչպես նաև փաստացի աշխատանքային հարաբերությունները դադարելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 102):
6.Մասնավոր սեկտորը իրավական մասով որքանո՞վ է վերահսկելի. այստեղ ի՞նչ պատկեր է աշխատողների՝ հատկապես երիտասարդ աշխատողների իրավունքների վերաբերյալ։
Անկախ այն հանգամանքից, իրավահարաբերությունները ձևավորվում են պետական, թե մասնավոր սեկտորում, միևնույնն է ենթակա են կարգավորման ՀՀ աշխատանքային օրենսգրքով։ Այսինքն՝ օրենսդրական առումով էական տարբերություններ չկան, հիմնական բացասական տարբերությունները դրսևորվում են գործնականում։ Հաճախ մասնավոր սեկտորում աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր չկնքելը նպատակ է հետապնդում վերջիններիս զրկել իրենց հիմնական աշխատանքային իրավունքներից՝ արձակուրդ, աշխատանքից ազատվելու համար ծանուցման պատշաճ ժամկետներ և այլն։ Գործատուի նման վարքագիծը կարող է ունենալ նաև հարկային պարտավորություններից խուսափելու միտում։
7.Հայաստանում երիտասարդները որքանո՞վ են իրազեկված իրենց աշխատանքային իրավունքներից։
Կարծում եմ, օրեցօր երիտասարդներն է՛լ ավելի տեղեկացված և համարձակ են դառնում։ Պատճառը բազմաթիվ դասընթացներն են, բազմաբնույթ տեղեկատվության հասանելիությունը համացանցում, իրազեկող նյութերը, ծրագրերը։ Ավելի շատ մտավախություն է նկատվում այն անձանց մոտ, ովքեր տարիներ շարունակ աշխատել են անօրինական պայմաններով, վարժվել դրան, չունեն մասնագիտություն, գրանցված աշխատանքային փորձ։
Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը նշում է, որ 2021 թվականի հունվարի դրությամբ Վանաձոր քաղաքում կա 4243 գործազուրկ, որից 19-26 տարեկան երիտասարդների թիվը կազմում է 577։
Կենտրոնի տնօրենի խոսքով՝ գործատուները հիմնականում նախապատվությունը տալիս են երիտասարդներին՝ հաշվի առնելով վերջինների ակտիվությունը և մրցունակությունը։
Վանաձորի աշխատատեղերում երիտասարդների թիվը ավելի շատ գերակշռում է սպասարկան, բժշկական և որակավորում չպահանջող ոլորտներում։
Արա Առաքելյանը փաստում է, որ օրինակ, իրավունքի ոլորտում աշխատանքային փորձը ավելի է կարևորվում և այստեղ գործատուները նախպատվությունը չեն տալիս երիտասարդներին։
Զանգահարել ենք նաև վանաձորյան մի քանի աշխատատեղեր, ծանոթանալու աշխատանքային պայմաններին։
1.Պահանջվում է խանութում վաճառողուհի, ժամերը՝ 9։00-20։40, ընդմիջումը մի քանի րոպե, աշխատավարձը 40.000 դրամ։
2. Պահանջվում է խանութում վաճառողուհի, կես դրույք, ժամերը 10։00-16։00-ը կամ 16։00-22։00, մի քանի րոպե ընդմիջում, կիրակի օրը ազատ, աշխատավարձը 40000 դրամ։
3. Իրավաբան իրավաբանական գրասենյակում, ժամերը՝ 10։00-18։00, մեկ ժամ ընդմիջում, շաբաթ կիրակի ազատ օրեր, աշխատավարձը 60000 դրամ։
4.Դիմահարդար, ժամերը՝ 10։00-19։00, աշխատավարձը կախված է հաճախորդների քանակից, հանգստյան օր չկա։
5.Մենեջեր ռեստորանում, ժամերը՝ 10։00-22։00, 1-1,5 ժամ ընդմիջում, աշխատավարձը 90000 դրամ։
Վերլուծություն.
ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածում ամրագրված է․ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»։ Սոցիալական պետության բնութագիրը տրվել է 2-րդ համաշխարհային պատերազմից հետո Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների Սահմանադրություններում։ Այնուհետև իր ամրագրումն է ստացել ներկա ԱՊՀ երկրների, այդ թվում նաև ՀՀ Սահմանադրության մեջ։ Սոցիալական պետության հիմնական նպատակը քաղաքացիների սոցիալական պաշտպանվածությունն է։ Այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք յուրաքանչյուր անձի համար կապահովեն արժանավայել կյանք։ Պետությունն իրեն հռչակելով սոցիալական, պետք է ունենա սոցիալական ուղղվածություն։
Դրա համար անհրաժեշտ է՝
1․ Պետության բարձր տնտեսական զարգացում
2․ Տարբեր սոցիալական ծրագրերի, միջոցառումների կազմակերպում
3․ Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում
4․ Նոր բիզնես մշակույթի, նորարարական մեթոդների կիրառում։
ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է․ «Յուաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք»։ Այսպիսով՝ կարող ենք նշել, որ աշխատանքի ազատ ընտրության հնարավորությունը իրենից պետք է ենթադրի նաև պետության կողմից համապատասխան պայմանների, ռեսուրսների գործնական ապահովում։ Այսինքն՝ արտադրության, սպառման ոլորտները պետք է ուղղված լինեն, առաջին հերթին մարդկանց նյութական և հոգևոր պահանջմունքների բավարարմանը։ Դրա համար անհրաժեշտ է, որ տնտեսությունը, առաջին հերթին աշխատի։ Ձեռնարկությունները, գործարանները գործեն և գործեն իրենց ամբողջ թափով։ Սակայն, պետք է նշել, որ գործող ձեռնարկությունների, գործարանների մեծ մասը գտնվում է մասնավո սեկտորի ձեռքում։ Իսկ ինչպես ամրագրված է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասում․ «Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերված սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք»։ Դա նշանակում է, որ պետությունը, պետական մարմիններն իրավասու չեն միջամտելու քաղաքացու սեփականատիրական իրավունքների իրականացմանը։ Քաղաքացիների մի զգալի մասը իր և իր ընտանիքի ապրուստի միջոցները վաստակում են մասնավոր ձեռնարկություններում աշխատելով։ Ուստի ոչ միայն անհրաժեշտ է, որ ձեռնարկությունները աշխատեն այլև պահանջեն, որպեսզի աշխատանքները կազմակերպվեն պատշաճ մակարդակով։ Օրինակ բերենք Իտալիայի Հանրապետության Սահմանադրությունից։ Սահմանադրության 43-րդ հոդվածը սահմանում է, որ պետությունը իրավասու է ցանկացած ժամանակ ոչ պետական սեկտորին պատկանող ձեռնարկություններին, որոնք հասարակության համար առավել կարևորություն են ներկայացնում, պետականացնել և պետականորեն կազմակերպել դրանց տնտեսական գործունեությունը։ Համեմատելով կարող ենք փաստել, որ մեր պետությունում սա միայն հազվադեպ կարող է հանդիպել։ Պետության հզորացման գործում մեծ դեր ու նշանակություն ունեն տարբեր ոլորտների բարձրագույն մասնագետները, ովքեր ի զորու են բարելավել քաղաքացիների կյանքը և իրենց լուման ունենալ պետության առաջընթացի գործում։ Սակայն՝ չկարողանալով իրենց մասնագիտական որակին համապատասխան աշխատանք գտնել, շատ բարձրորակ մասնագետներ ստիպված են լինում կամ աշխատել ոչ իրենց մասնագիտությամբ, կամ գործազուրկ են, իսկ նրանց մի զգալի մասն էլ արտագաղթում է։
ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի չափը սահմանված է 68000 դրամ, սակայն վերոգրյալը ցույց է տալիս, որ շատ հաճախ աշխատողները՝ այդ թվում նաև երիտասարդ աշխատողները ավելի քիչ աշխատավարձ են ստանում։
Թեև ՀՀ աշխատանքային օրենսգրքով են վերահսկվում թե՛ մասնավոր, թե՛ պետական սեկտորները, այնուամենայնիվ տեսնում ենք, որ գործնականում մասնավոր սեկտորը չի վերահսկվում, կամ թույլ է վերահսկվում պետության կողմից, քանզի աշխատանքային իրավունքի խախտման դեպքերը գրանցվում են ավելի շատ մասնավոր սեկտորում։
ՀՀ աշխատանքային օրենսգիրքը գործնականում լիարժեք չի կիրառվում, և աշխատանքային հարաբերությունները հիմնականում կախված են գործատուի բարեխղճությունից։
Հաճախ գործատուները աշխատանքային պայմանագիր չեն կնքում հիմնականում հարկային պարտավորություններից խուսափելու համար, բայց քաղաքացիներն էլ չեն դժգոհում, մտավախություն ունենալով որ կկորցնեն աշխատանքը, այսպիսով՝ անօրինական գործունեություն է տեղի ունենում գործատուի և աշխատողի միջև, կան նաև այլ դեպքեր, երբ աշխատողը իրազեկված է իր իրավունքների մասին, սակայն սոցիալական ծանր պայմաններից ելնելով դարձյալ լռում է՝ չպահանջելով օրինականը։
Անհրաժեշտ է, որ պետական համակարգային վերահսկողություն լինի, փոփոխություններ և լրացումներ արվեն ՀՀ աշխատանքային օրենսգրքում և պրակտիկորեն կիրառելի լինի այդ փոփոխություններն ու լրացումները, օրինակ՝ գործատու-աշխատող հարաբերություններում հստակ ամրագրվեն աշխատանքային փորձաշրջանի վճարման, աշխատանքային պայմանագրի կնքման հարցերը։
Երիտասարդների հիմնական խնդիրը աշխատաշուկայում աշխատանքային փորձ չունենալն է, ուստի կարելի համալսարաններում մասնագիտական պրակտիկան համարել աշխատանքային փորձաշրջան, որը ամրագրված կլինի օրենքում, իսկ այն աշխատանքները որում աշխատողները չեն ունենա պրակտիկայի միջոցով ձեռք բերված փորձաշրջան, իրենք աշխատանքային փորձաշրջանը կանցնեն հենց աշխատավայրում, սակայն արդեն հստակ կլինի թե որքան ժամանակ է լինելու փորձաշրջանը և որքան աշխատավարձ է ստանալու դրա համար աշխատողը և իհարկե այս ամենը կախված չի լինի գործատուի բարեխղճությունից, քանզի կլինի պետական հստակ և հասցեական վերահսկողություն։
Աշխատանքային իրավունքի խախտման դեպքերը շատ հաճախ առաջանում են անիրազեկվածությունից, ուստի երիտասարդները կրկնակի պարտավոր են տեղեկացված լինել, տեր կանգնեն իրենց ցանկացած իրավունքին ու այդ ճանապարհին մյուսներին ևս չթողնեն անիրազեկ. այս ամենը դարձնելով առաջ գնալու բանաձև ոչ միայն աշխատանքի՝ այլև մյուս բոլոր ոլորտներում էլ կարձանագրենք հաջողություններ։
«Ռեստարտ Գյումրի» ուսանողական–քաղաքացիական նախաձեռնություն
Մարզային երիտասարդական–քաղաքացիական հարթակ
Լոռու մարզ
Էրիկ Գրիգորյան
Սիրանույշ Շահբազյան
Սյուզի Իսպիրյան
Ահարոն Հակոբյան
Ալեն Առաքելյան
Սուսաննա Չոբանյան
Գոռ Եղիազարյան
Արեն Դալլաքյան
Տիգրան Ազիզյան
Սեյրան Ենոքյան
Անի Տեր-Մելիքսեթյան
Ալեքս Խալաթյան
Աննա Հայրապետյան
Շուշանիկ Միսկարյան
More Stories
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում
ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կատարելագործումը որպես պետության զարգացման հիմնական գործոն