
Մինչև համավարակն ընկած ժամանակահատվածում ուսանողական կյանքն առավել աշխույժ էր, և առկա էին ազատ ժամանակի կազմակերպման լայն հնարավորություններ։ Իսկ այժմ յուրաքանչյուր կարևոր գործընթացի հիմքում ընկած է համացանցի գործոնը, որը, շատ դեպքերում, որոշիչ դեր է ունենում։ Ուսանողների համար կիսասթրեսային իրավիճակ առաջացրեց համալսարանական՝ ավանդական ձևով կազմակերպվող դասերի ռեժիմից անցումը առցանցի, բայց սթրեսը կարճատև էր, քանի որ նրանք աստիճանաբար ադապտացվեցին դասերի այսպիսի ֆորմատին։ Եթե հեռավար դասերի ֆորմատը դիտարկենք դասախոսների տեսանկյունից, ապա կտեսնենք, որ դասերի այս ֆորմատն, ինքնին, սկզբնական շրջանում որոշ չափով սթրեսային էր նաև դասախոսների համար` կախված համացանցի գործոնի, իրավիճակին ադապտացվելու և այլ հանգամանքների հետ։
Ընդհանուր առմամբ, հեռավար դասերն ունեն միաժամանակ և’ դրական, և’ բացասական կողմեր։ Դրական կողմերից է ֆորմալ` լսարանային դասերի ֆորմատից անցումը ազատի, երբ դասերը գործնականում կարող են կազմակերպվել ցանկացած վայրից (այս դեպքում ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ֆինանսապես անապահով աշակերտները և ուսանողները դպրոց կամ համալսարան հաճախելու ճանապարհածախսի վրա գումար չեն ծախսում` մասնակցելով հեռավար դասերի)։ Որպես բացասական կողմ` հանդես է գալիս այն հանգամանքը, որ հաճախ ուսանողները և դասախոսները չեն կարողանում դասերին մասնակցել` համացանցի հասանելիության հնարավորություն չունենալու պատճառով։ Մեկ այլ հանգամանք է այն, որ շատ աշակերտներ և ուսանողներ ֆինանսական վատ վիճակում գտնվելու պատճառով հաճախ չեն կարողանում համացանցի համար վճարել, չունեն համակարգիչ և այլ սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են դասերին միանալու և դրանց մասնակցելու համար։ Այս հանգամանքը բերում է նրան, որ շատերն արհեստականորեն զրկվում են կրթություն ստանալու իրենց իրավունքից։ Հեռավար կրթությունը բացասականորեն է ազդում մարդկային շփման գործընթացի վրա, ինչի հետևանքով մարդիկ «ռոբոտացվում են»: Մարզերի ուսանողների համար հեռավար կրթությունը կրկնակի խնդիր է, որովհետև շատերը ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողանում մասնակցել համալսարանում տեղի ունեցող միջոցառումներին ու ծրագրերին:
Հարկ է նշել նաև այն հանգամանքը, որ հեռավար կրթությունը շատերի մոտ տեսողական խնդիրների առաջացման պատճառ է դարձել: Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը դեռևս լիարժեք պատրաստված չէր` դիմակայելու վերոնշյալ մարտահրավերներին։ Աշակերտների և ուսանողների մեծ մասը անպատասխանատվությամբ է մոտենում կրթությանը վերաբերող հարցերին, ինչի հետևանքով աստիճանաբար անկում է ապրում նաև մոտիվացիոն գործոնը։
Մոնիթորինգ հեռավար կրթության պայմաններում մարզաբնակ երիտասարդների կարիքների գնահատման համար
Դեկտեմբերի 14-ից 25-ը «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած ճամբարի արդյունքում ձևավորված Տավուշի մարզային թիմից Մանե Էդիլյանի և Էրիկ Սուքիասյանի կողմից իրականացվել է հարցում ՝ հեռավար կրթության պայմաններում մարզաբնակ աշակերտների և ուսանողների կարիքների բացահայտման և գնահատման նպատակով։ Հարցումն իրականացվել է՝ ըստ նախապես կազմված հարցաթերթի։ Հարցաթերթը կազմվել է օնլայն ձևաչափով՝ բոլոր հարցերի մշակումից և հստակեցումից հետո։ Հարցումն իրականացվել է հարցաթերթի՝ սոցիալական տարբեր հարթակներում տարածման միջոցով։ Անձնական տվյալների գաղտնիությունն ապահավելու նպատակով՝ հարցումն իրականացվել է անանուն կերպով։
Հայաստանի Հանրապետությունում, համավարակով և պատերազմական իրավիճակով պայմանավորված, մի շարք կրթական հաստատություններում ուսուցումն իրականացվել է հեռավար՝ առցանց եղանակով։ Հեռավար կրթությունը շատերի վրա ունեցավ բացասական անդրադարձ՝ հանդիսանալով փորձություն, որի առաջադրած մարտահրավերները հաղթահարելու նպատակով աշակերտներն ու ուսանողները ստիպված եղան իրավիճակին համապատասխան քայլեր ձեռնարկել։
Հարցաթերթը բաղկացած էր շուրջ 7 հարցից, որոնք հնարավորություն տվեցին լիարժեքորեն իրականացնել կարիքների բացահայտում և դրանց գնահատում։ Հարցմանը մասնակցել է 100+ աշակերտ և ուսանող։
Հեռավար ուսուցմամբ սովորող, հարցմանը մասնակցած աշակերտների և ուսանողների 48.8 %-ը Տավուշի մարզի քաղաք Իջևանից են, մնացածը՝ հիմնականում հարակից գյուղերից (տե՛ս գրաֆիկ 1)։
Գրաֆիկ 1
Հարցվածների շուրջ 78.4%-ը 15-20 տարիքային խմբին են պատկանում, 13.4%-ը՝ 20-25, 6%-ը՝ մինչև 15, իսկ 2.1%-ը պատկանում են 25+ տարիքային խմբին (տե՛ս գրաֆիկ 2)։
Գրաֆիկ 2
Կրթական հաստատությունները, որտեղ սովորում են աշակերտներն ու ուսանողներն առցանց եղանակով․ 53.1%-ը նշել է բարձրագույն ուսումնական հաստատություն (բուհ) տարբերակը, 37.8%-ը`ավագ դպրոց, իսկ 9.2%-ը նշել է դպրոց տարբերակը (տե՛ս գրաֆիկ 3):
Գրաֆիկ 3
Առցանց ուսուցման կազմակերպման նպատակով համակարգիչների առկայության մասին հարցվածների 63.9% տվել է դրական, իսկ 32.7%-ը` բացասական պատասխան (տե՛ս գրաֆիկ 4):
Գրաֆիկ 4
Աշակերտների և ուսանողների կողմից ինտերնետ հասանելիության առկայության դեպքում 64.3%-ով տրվել է «Այո, լավ» պատասխանը, 25.5%՝ «Այո, վատ» պատասխանը, 3.1%-ի մոտ բացակայել է ինտերնետ հասանելիությունը (տե՛ս գրաֆիկ 5.1;5.2)։
Գրաֆիկ 5.1
Գրաֆիկ 5.2
Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ ըստ աշակերտների և ուսանողների՝ հեռավար կրթության դրական կողմերն են համաճարակից խուսափելը, յուրաքանչյուր վայրից դասին միանալու հնարավորությունը, ժամանակի արդյունավետ կառավարումը, աշխատանքի և դասերի համատեղումը, ճանապարհածախսի խնայողությունը և այլն։
Իսկ բացասական կողմերն են թերի ուսուցումը, տեխնիկական խնդիրները, առողջական վիճակի վատթարացումը (ողնաշարի լարվածություն, տեսողության վատթարացման հետ կապված խնդիրներ), մարդկային շփման պակասը թե՛ ուսուցիչների/դասախոսների, թե՛ դասընկերների/համակուրսեցիների հետ, ուսումնական նյութի թերի յուրացումը և այլն։

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման