
«Երբ գիտես, որ սենյակից տեղափոխվելու ես մեկ այլ սենյակ, որովհետև դաս է»,- բնորոշելով հեռավար կրթությունը նշում է ԵԹԿՊԻ (Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ) Վանաձորի մասնաճյուղի դասախոս Քրիստինե Ալիխանյանը։
Արիստոտելի՝ մարդը սոցիալական էակ է արտահայտությանը հակառակը համոզելու եկավ 2020 թվականին աշխարհին պատուհասած թագավարակը։ Տեղեկատվական տեխնոլոգիաները մղվեցին առաջ՝
զարկ տալով նաև հեռավար կրթությանը։ 2020թ.-ի մարտի 16-ից մինչ օրս հայաստանյան բուհական համակարգը դասապրոցեսն իրականացնում է
հեռավար եղանակով՝ առաջ քաշելով համակարգի թերություններն ու առավելություները։ ՎՊՀ-ի (Վանաձորի պետական համալսարան) հասարակական գիտությունների ֆակուլտետի «Կառավարում» բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Ռուզաննա Թավադյանի խոսքով՝ հեռավար
կրթությանը հարմարվելը կրկնակի բարդ էր առաջին կուրսի ուսանողների համար. «Վերջերս համալսարան էինք գնացել, պետք է տետրեր հանձնեինք, միջանցքում շատ մարդ կար ու միայն դուրս գալիս հասկացանք,
որ մենք նույն կուրսից ենք. թերևս սա ամենամեծ խնդիրն է»։
Հոգեբան Անահիտ Պետրոսյանը նշում է, որ եթե առկա ուսուցման դեպքում ուսանողները կարող են միմյանց հետ խոսել, ծիծաղել, քննարկումներ անել, ապա հեռավար դասընթացի դեպքում բացի ուսանող-
դասախոս կապից, կտրվում է նաև ուսանող-ուսանող կապը, ինչը առավել վառ է արտահայտված առաջին
կուրսեցիների դեպքում, քանզի վերջիններս նույնիսկ չեն հասցրել ճանաչել իրար։
Խոսելով հեռավար կրթության խնդիրներից՝ ՎՊՀ-ի հասարական գիտությունների ֆակուլտետի «Իրավագիտություն» բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի Ալլա Լազաևան նշում է, որ հեռավար դասընթացի ժամանակ հոգնածությունն ավելի շատ է լինում, լիարժեք կենտրոնացում կարողանում է ապահովել միայն առաջին երկու ժամերի համար։
Ուսանողուհի Ռուզաննա Թավադյանը նշում է, որ հիմնականում դասերն անում են տեսակապն անջատված, դասախոսներն էլ հակառակը չեն պահանջում, քանզի ուսանողը կարող է օբյեկտիվ պատճառ բերել, օրինակ՝ ZOOM համակարգի ծանրաբեռնվածությունը, էլեկտրաէներգիայի անջատումը կամ համացանցի
վատ որակը։ Մինչդեռ դասախոս Քրիստինե Ալիխանյանի խոսքով՝ առանց տեսակապի դերասանի մասնագիտությանհեռավար դասընթաց անցկացնել հնարավոր չէ. «Ես պահանջում եմ, որ ուսանողները միացնեն տեսակապը, արդյունքում օբյեկտիվության խնդիր էլ չի լինում։ Մեր դասընթացները առանց աչքերի կոնտակտի, ժեստերի չեն կարող լինել, որովհետև նաև ֆիզիկական աշխատանք է»։
Ինչ վերաբերում է վիզուալ կոնտակտի բացակայությանը, հոգեբանը նշում է, որ առցանց կրթության ժամանակ դասախոսը չի կարողանում հասկանալ, թե ուսանողները որքանով են կենտրոնացած դասին և թե որքանով են ընկալել թեման, հատկապես, երբ անջատված է տեսակապը. «Եթե ոչ առցանց դասերի դեպքում դասախոսը ուսանողին տեսնում է իր խնդիրներով և առանձնահատկություններով, ապա հեռավար դասընթացի ժամանակ դասախոսը ուսանողներին վերաբերվում է որպես մասսա՝ չտեսնելովանհատականություններ»։
Հոգեբան Անահիտ Պետրոսյանի խոսքով՝ ուսանողների պունկտուալության բացակայությունը հեռավար
դասընթացի խնդիրներից մեկն է. «Ուսանողի մոտ առաջանում է ներքին ապահովություն։ Վերջինս մտածում է, որ դասախոսի համար կապ չունի՝ երեք հոգի է միացել դասին, թե չորս. ինքը կարող է ուշ էլ
միանալ, հատկապես, որ տեսակապը չի միացնելու, իսկ եթե առկա դասընթացին ուշացած գնար՝ ամենաքիչը բոլորը իրեն կնայեին, ինչը ամոթի զգացում կառաջացներ»։
Այդուհանդերձ, ներկա իրավիճակում հեռավար կրթությունն այլընտրանք չունի։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ ընդհանուր բարձրագույն կրթության համակարգը հիմնականում անպատրաստ էր առցանց կրթությանը.
«Ամենամեծ սխալներից մեկը, որ թույլ է տրվում մինչ այսօր. դասախոսը ինչ-որ անում էր լսարանում, հիմա ճիշտ նույն ձևով աշխատում է հեռավար, օրինակ՝ 42 րոպե լեկցիա կարդալ ու մի քանի րոպե հարց ու պատասխան»։ Կրթության փորձագետը նկատում է, որ դասախոսական մի զգալի հատված՝ 60 տարեկանից բարձր դասախոսների ճնշող մեծամասնությունը, դժվարությունների է բախվում տեղեկատվական
տեխնոլոլոգիաներն օգտագործելիս, ինչը խոսում է թվային գրագիտության ցածր մակարդակի մասին.
«Հեռավար կրթության համակարգում, թեև վերահսկողության խնդիր կա, սակայն որպես դասախոս կարող
եմ փաստել, որ այս տարի չունեմ ուսանող, որ անցած տարի՝ հեռավար կրթությամբ պայմանավորված չի սովորում»։ Հոգեբան Անահիտ Պետրոսյանը այս մասով նշում է, որ եթե ուսանողը ունի ներքին մոտիվացիա, գիտի ինչի
համար է ընդունվել բուհ, ապա հեռավար համակարգը չի կարող խանգարել նրան՝ հասնել իր նպատակին. «Հեռավար կրթության դեպքում մոտիվացիայի անկման պատճառ կարող է դառնալ, օրինակ՝ կապի միջոցներ
չունենալը կամ համացանցի հետ կապված տեխնիկական խնդիրները. սրանք կարող են հանգեցնել մինչև անգամ սթրեսային իրավիճակների»։
Այդուհանդերձ, մեդալի մյուս կողմն էլ կա։
Փորձագետ Սերոբ Խաչատրյանի նշում է, որ համակարգի առավելություններից մեկը ճկունությունն է, դասերի ժամերը հեշտությամբ կարելի է տեղափոխել.
«Դասախոսներ գիտեմ, որ երեկոյան ժամերին են դաս անում, որովհետև ուսանողներն աշխատում են»։
Ուսանողուհի Ռուզաննա Թավադյանը նշում է, որ իրենց կուրսում ուսանողներ կան, որ գյուղերում են
ապրում և այս դեպքում հեռավար համակարգը օգնում է, օրինակ՝ ծախսերի կրճատման հարցում։ Դասախոս Քրիստինե Ալիխանյանը հեռավար կրթական համակարգի ադապտացիոն շրջանի մասին նշում է,
որ ի սկզբանե դժվար էր հեռավարին հարմարվելը, հատկապես, երբ մարդը 24 ժամ ֆիզիկապես աշխատում է, ու մի օր իրեն ասում են, որ տնից չեք կարող դուրս գալ. «Հոգեբանական լարված վիճակից դուրս եմ եկել հենց ուսանողներիս օգնությամբ, նրանց հետ շփվելով»։
Հոգեբան Անահիտ Պետրոսյանի խոսքով՝ ադապտացիայի խնդիրը բարդ էր 2019-2020 թվականների երկրորդ կիսամյակում, բայց արդեն բավականին ժամանակ է անցել, կամաց-կամաց արդեն հարմարվում են։ Արդյո՞ք նույնքան բարդ կլինի համավարակից հետո՝ առկա կրթական համակարգին։ Հոգեբանը նշում է, որ հետռեժիմին անցնելը բարդություններ կարող է առաջացնել. «Եթե հեռավար դասընթացի ժամանակ ուսանողը կարող է արթնանալ 10։05 և դասին միանալ 10։10, ապա առկա կրթության դեպքում ավելի շատ ժամանակ է պետք բուհ հասնելու համար, ինչը սկզբնական շրջանում կարող է օրգանիզմի համար դիսկոմֆորտ առաջացնել, որն արագ կհաղթահարվի. բոլորն անհամբերությամբ սպասում են այդ օրվան»։ Ուսանողուհի Ալլա Լազարևայի խոսքով՝ ուսանողը ուսանող է համալսարանում, բայց նաև գիտակցում է, որ տիրող պայմաններում հեռավար կրթությունն ամենաճիշտ տարբերակն է։
Հեռավար կրթության համակարգը նոր մարտահրավեր է, նոր ձեռքբերում, որում արդեն իսկ Հայաստանն իր փոքրիկ փորձն ունի։ Հեռավար կրթությունը Հայաստանում կոլափսից հանեց կրթական համակարգը. սա ելք էր, որով շարունակվում է կրթությունը՝ դիմակայելով նորանոր մարտահրավերների։
«Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնություն
Քաղաքացիական –երիտասարդական մարզային հարթակ
Լոռու մարզ
Էրիկ Գրիգորյան
Սիրանույշ Շահբազյան
Սեյրան Ենոքյան
Սյուզի Իսպիրյան
Ահարոն Հակոբյան
Ալեն Առաքելյան
Սուսաննա Չոբանյան
Գոռ Եղիազարյան
Արեն Դալլաքյան
Տիգրան Ազիզյան
Անի Տեր-Մելիքսեթյան
Ալեքս Խալաթյան
Աննա Հայրապետյան
Շուշանիկ Միսկարյան

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման