Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ գերեվարված բոլոր հայ զինծառայողները պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն։
«1. Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված բոլոր հայ զինծառայողները պետք է ազատ արձակվեն ու վերադարձվեն Հայաստան:
Դա պետք է արվի անհապաղ ու առանց որևէ նախապայմանի և վերջ:
2. Բացարձակ անընդունելի է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետում չկա կոնկրետ ժամկետ` կապված գերիների կամ այլ կերպ անազատության մեջ գտնվող անձանց փոխանակմանը կամ վերադարձին:
Բայց սա չի նշանակում, որ Ադրբեջանի իշխանությունների համար թույլատրելի է մարդու իրավունքների միջազգային պահանջների ու մարդասիրական պայմանավորվածությունների անընդհատ խախտումը. արհեստական ձգձգվում է գերիների վերադարձը, չի հայտնվում նրանց իրական թիվը ու նույնիսկ փորձեր են արվում ներկայացնել իրական թվից նվազ թվաքանակ, այդ ամբողջ ընթացքում շարունակվել է նրանց նկատմամբ խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը, այդ մասին վկայող տեսանյութերի նպատակային հրապարակումը, խոչընդտվում է զոհվածների մարմինների փոխանակումը և այլն»,-ասվում է գրառման մեջ:
Նշվում է նաև, որ այս ամենը հոգեկան տառապանքներ է պատճառում գերիների ընտանիքներին, խաղում է հայ հասարակության էմոցիաների հետ ու լարվածություն է առաջացնում երկրում և դա արվում է նպատակային:
«3. Ադրբեջանական իշխանությունների հայտարարությունները, թե գերության մեջ գտնվող մեր հայրենակիցները ոչ թե ռազմագերիներ են, այլ ահաբեկիչներ են ու ձերբակալված են, կոպտորեն ոտնահարում են հետպատերազմական մարդասիրական գործընթացը և մարդու իրավունքները պաշտպանող միջազգային պահանջները: Այդ հայտարարություններն ուղիղ հակասում են նաև 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջին:
Նրանք կարգավիճակով գերի են և վերջ:
Նույնությամբ բոլոր պահանջները պետք է տարածվեն նաև զոհվածների մարմինների փոխանակման և անհետ կորածների որոնողական ու փրկարարական աշխատանքների նկատմամբ:
4. ՄԻՊ-ը բացարձակ դատապարտելի է համարում բնույթով մարդասիրական ու մարդու իրավունքներին առնչվող այս հարցի քաղաքականացումը կամ անգամ հեռավոր կերպով այն տարածքային որևէ հարցի հետ կապելը կամ դա քաղաքական նպատակներով օգտագործելու ադրբեջանական իշխանությունների ակնհայտ փորձերը»,-ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ:
PanARMENIAN.Net
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում