
Անկախ ընդդիմադիր ուժերի կողմից հնչեցվող դասադուլ և գործադուլ հայտարարելու պահանջից, Գյումրիում պետական բարձրագույն որևէ ուսումնական հաստատություն չի պատրաստվում գնալ նման քայլի: «Հայկական ժամանակի» հետ զրույցում Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը նշեց. «Գործադուլ կամ դասադուլ մեզ մոտ չկա, իր սովորական ընթացքով բուհը շարունակում է շարժվել: Մեր դասերն արել ենք, քննությունները նորմալ ընթանում են: Այս պահին չունեմ նման բաներ կազմակերպելու մասին որևէ ինֆորմացիա»:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը ևս վստահեցրեց, որ համալսարանում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ քննարկում: Ըստ Պետրոսյանի, անթույլատրելի է, որ որևէ քաղաքական գործընթաց մտնի բուհի ներքին միջավայր:
«Մենք տարիներ շարունակ պայքարել ենք, այժմ էլ պայքարում ենք, վաղն էլ պայքարելու ենք, որ բուհերը լինեն ապաքաղաքական կառույցներ: Աշխատանքային ժամերից հետո ցանկացած ուսանող, վարչական աշխատող ինքնուրույն է որոշումներ կայացնելու իր քաղաքական հետաքրքրությունների հարցում: Իսկ դասերի ժամանակ քաղաքական գործընթացները բուհի վրա պետք է ազդեցութոյւն չունենան: Իսկ այսօրվա պահանջը՝ գործադուլ, դասադուլ, բացառապես քաղաքական բովանդակություն ունի: Ոչ թե համազգային նշանակություն ունեցող հարց է, որ մարդիկ ինքնաբուխ դուրս գան և պայքարեն, այլ քաղաքական օրակարգ է: Իսկ բուհերը պետք է զերծ պահենք ցանկացած քաղաքական օրակարգից»,- ասաց Պետրոսյանը:
ՀՊՏՀ-ում տարբեր քաղաքական հայացքներ ունեցող և վարչական աշխատակիցներ կան, և դասախոսներ, որոնք ազատ են իրենց կարծիքներն արտահայտելու հարցում, բայց ոչ թե բուհում, ոչ դասերի ժամանակ: «Մենք աշխատանքային ժամերին քննարկում ենք բացառապես աշխատանքային հարցեր, իսկ դասապրոցեսի ժամանակ՝ բացառապես մասնագիտական հարցեր»,-վստահեցրեց Կարեն Պետրոսյանը:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում ևս գործընթացը կրթականից քաղաքականի անցում չի կատարել: Տնօրեն Հասմիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում ընդգծեց. որևէ քաղաքական պահանջի բացարձակ միանալու միտում չունեն, քանի որ կոնսերվատորիան ապաքաղաքական միավոր է:
«Յուրաքանչյուրը, լինի ուսանող, թե դասախոս կարող է ցանկացած խմբի հետ միավորվել, բայց իր անձի, իր անձնական հետաքրքրությունների շրջանակում: Բուհն ընդհանրապես չունի ոչ մի քաղաքական հանձնառություն, դիրքորոշում կամ պարտադրանք: Մեզ մոտ հիմա քննաշրջան է սկսվել, ստուգարքներ են: Ինձ նույնիսկ որևէ մեկը չի դիմել նման հարցով (նկատի ունի գործադուլ և դասադուլ անելու-խմբ․), որովհետև ի սկզբանե, երբ 2018-ի վերջին, երբ նոր տնօրինություն եղավ, ադ հարցը շատ սկզբունքային դրվեց. քաղաքական որևէ գործընթացի բուհը որպես կառույց քաղաքական դիրքորոշում չի հայտնում»,-ասաց Հասմիկ Հարությունյանը:
Հանրապետությունում ծայր առած քաղաքական գործընթացներից հեռու է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղը: Տնօրեն Աշոտ Պապոյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց ո՛չ դասադուլ են արել, ո՛չ գործադուլ, չեն էլ անելու: Կրթական գործընթացը չպետք է խառնել քաղաքականի հետ: Սա իրենց անխախտ սկզբունքն է:
«Աշխատանքից հետո, դասից հետո գնում են, ինչի ուզում են մասնակցեն, դա մեր գործը չէ: Կրթությունը այս պայմաններում պետք է հավասարեցվի զորանոցային ծառայությանը: Եթե բանակն իրավունք ունի գործադուլի, ուրեմն բուհն էլ ունի: Չունի բանակը նման իրավունք, ուրեմն կրթությունն էլ չունի: Այս պահին մեր մոտեցումը սա է: Նման որևէ քննարկում չունենք մասնաճյուղում»,- տեղեկացրեց Պապոյանը:

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման