
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 2 պատգամավոր երեկ ուշ գիշերին հայտնել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Նրանք իրենց որոշումը բացատրում են ՀՀ վարչապետի՝ գիշերն արած գրառմամբ: Պատգամավորներից մեկն էլ խմբակցությունից հեռանալու մասին է հայտարարել:
ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտարարել է, որ մանդատից հրաժարվելու որոշում է կայացրել:
«Այս օրերին փորձել եմ հնարավոր բոլոր ջանքերը ներդնել՝ իրավիճակը փոքր-ինչ մեղմելու և վատթարագույնը կանխելու համար, սակայն այս պահից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում՝ ներողություն խնդրելով բազմաթիվ սխալների համար:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ևս ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ որոշում է կայացրել հեռանալ խմբակցությունից:
«Առավոտյան կներկայացնեմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում։ Մեր քաղաքական թիմը սխալը սխալի հետևից է անում։ Փոխանակ մեր սխալները գիտակցենք և շտկենք, իրավիճակը մեղմենք երկխոսությունով, փորձենք այդպես կայունացնել լարվածությունը մեր երկրում, հակառակը, պետության հիմքերը խարխլող քայլեր ենք անում»,- գրել է նա:
Մնացածի մասին Թագուհի Թովմասյանը խոստանում է խոսել ԱԺ ամբիոնից։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը եւս պատրաստվում է վայր դնել մանդատը: Այդ կապակցությամբ իր էջում արված գրառման մեջ Բադալյանը նշել է.
«Դիմում եմ ԱԺ նախագահ պարոն Արարատ Միրզոյանին. ես դեռևս այն չարաբաստիկ գիշերը գրել էի իմ դիմումը, հիշո՞ւմ եք, բայց երբ Ձեր նկատմամբ տեղի ունեցավ բռնություն, ես այն հետ վերցրի, որովհետև Ձեզ այդ վիճակում միայնակ թողնելն առնվազն անարդարացի կլիներ։
ՀՀ վարչապետի վերջին գրառումից հետո ես ստիպված եմ կայացնել որոշում և հուսով եմ՝ Դուք ինձ կհասկանաք՝ որպես Ձեր ուսանողական ընկերոջ, որպես Ձեզ հետ երբեմն նույնիսկ դժվար ճանապարհ անցած մարդու»,- գրել է Բադալյանը:
https://armtimes.com/

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման