
Նախօրեի գրառման մասին
Բոլորս ու հանրությունը բավական լարված ենք ու երեկվա գրառման հետ կապված կարող եմ ասել,որ մի շարք արձագանքներ ի ցուց դրեցին, թե ինչքան մանիպուլյատիվ մեխանիզմներ են գործում այս հատվածում։ Ամսի 9-ից հետո զինվորները, կամավորները տեսանյութեր են ձայնագրում ու տալիս որոշ գնահատականներ ու վերլուծություններ։ Շատ դեպքերում այդ տեսանյութերում հնչում են խորը վերլուծություններ։ Իրադարձությունների իրենց մեկնաբանության հետ ես համաձայն եմ, ասել եմ՝ սպասում եմ ձեզ Երևանում։ Եթե ուշադիր լինեն մեր հայրենակիցները, այդ զինվորներից շատերը զորացրվում են ու վերադառնում իրենց ընտանիքներ, այդ տղաները, ջոկատները ինձ հետ ցանկություն ունեն հանդիպելու ու ես ասում եմ, որ իհարկե կհանդիպեմ։
Առաջնագծից ոչ ոք Երևան չի վերադառնում զինված, որովհետև դրված են հատուկ անցագրային կետեր, որտեղ իրավապահ ներկայացուցիչները այդ մարդկանց ուղեկցում են զենքերը հանձնելու, ու ես երեկ զրույց եմ ունեցել ՌՈ պետի հետ, որ բացառենք զենքերով մայրաքաղաք հասնելը։ Մենք բոլորս տեսանք, թե նոյեմբերի 9-10-ը ինչ եղավ Երևանում ու ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել փաստին, որ այդ բռնությունները քաղաքական ուժերի կողմից դատապարտման չարժանացան։ Նույնիսկ ՄԻՊ-ը դա չդատապարտեց ու դատապարտման խոսքեր հնչեցին առաջնագծում գտնվող զինվորների կողմից։ Հայաստանում պիտի բացառենք քաղաքացիական բախումները, Հայաստանի իրավապահ համակարգը ունի բավարար ներուժ նման բան թույլ չտալու համար։ Հարց կհնչի՝ եթե այդպես էր, ապա ինչու նոյեմբերի 9-ին դա չկանխվեց, դրա պատասխանը պարզ է՝ ոստիկանության, ԱԱԾ-ի ու ՊՊԾ-ի մի զգալի մասը գտնվում էր առաջնագծում։ Իմ գրառման հետ կապված շահարկումները համարում եմ անտեղի ու համարում եմ, որ զորացրվող զինվորները կարծիք ունենալու իրավունք ունեն ու եթե ուզում են ինձ հետ հանդիպել, դրա մեջ դատապարտելի բան չկա։
Իրադարձությունների մասին ճշմարտություն կրողը նրանք են։Երկրի վարչապետը քաղաքացիական պատերազմի կո՞չ է անում, ո՞րտեղ է այդպես գրված։ Ընդդիմությունը թող հստակ ասի՝ բռնության կիրառումը իր գործիքակազմի մեջ մտնում է, թե չի մտնում։ Այն, ինչ փորձեցին վերագրել մեզ, բացառված է լինի մեր գործիքակազմում նման բան, թող ընդդիմությունը ինքն էլ հայտարարի՝ զենքի կիրառումը բացառում է, թե չի բացառում։
Արցախյան հարցում քաղաքականության ձախողման մասին
Որևէ կասկած չկա, որ ես եմ այն պաշտոնյան, որ պատասխանատու է տեղի ունեցածի համար, կրում է պատասխանատվությունը, ու ես հասկանում եմ նաև, որ այս փաստի բերումով պետք է կանգնեմ մեր ժողովրդի դատի առաջ։ Բայց որպեսզի տվյալ դեպքում դատավորը՝ ժողովուրդը, կարողանա եզրահանգումների գալ, ինքը պիտի տիրապետի գործի բոլոր հանգամանքներին, պիտի խոսակցություն լինի՝ զինվորներին, ընդդիմությանը, կառվարությանը լսելով։ Ես կարևոր եմ համարում արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել։ Տեղի է ունեցել հետևյալը՝ 2018 -ի մայիսի դրությամբ բանակցային գործընթացը ԼՂ հարցի կարգավորման հատել էր չվերադառնալիության կետը, ու հարցը մտել էր տարածքներ ոչնչի դիմաց տրամաբանության փուլ։ Շատ ՀՀԿ-ականներ այսօր ի ցույց են դնում 2018-ի իրենց գրառումները, կանխատեսումները՝ արձանագրելով, որ ԼՂ հարցով պարտություններ են լինելու։ Կա երեք տարբերակ՝ կամ այդ մարդիկ մարգարե են, կամ մեր կառավարությունը ու ես իսկապես դավադիր ենք կամ այդ մարդիկ պարզապես այդ ժամանակ իմացել են, թե որ կետի վրա է մնացել ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացը, և ինչ անխուսափելի պահանջներ ու կոնսենսուս կա դրված ՀՀ առաջ։
Իմ վարած քաղաքականությունը եղել է հետևյալը. փորձել չհամաձայնել այդ ամեն ինչի հետ, փորձել փոխել տրամաբանությունը և ըստ էության հիմա կարող ենք ասել, որ դա մեզ չի հաջողվել, որովհետև կանգնած ենք եղել մի իրավիճակի առաջ, որ եղել է միջազգային կոնսենսուս՝ տարածքները պիտի հանձնվեն առանց որևէ նախապայմանի ու մեր ամբողջ քաղաքականությունը եղել է փորձ փոխելու այդ տրամաբանությունը ու, այո, չենք կարողացել փոխել այն ու հնարավորությունները ճիշտ չենք գնահատել։ Ես, օրինակ, չէի կարող դրա հետ համակերպվել ու փորձել եմ ամեն ինչ անել ՀՀ դիմադրողականությունը այդ հարցում բարձրացնելու համար։ Փորձել եմ ամեն ինչ անել, որ զինվածության, մարտունակության մակարդակը բարձրանա։ Մեզ մեղադրում են զոհերի համար․ մեր զինուժի՝ 25 000-անոց զորքի շրջփակումը թույլ չտալու համար գնացել ենք այդ քայլին։
Հայտարարության կետերի հնարավոր փոփոխության մասին
Ես չեմ ստացել այդպիսի առաջարկ, որ իրենք (քննադատողները-Մ.Կ) գիտեն՝ ինչպես ավելի լավը դարձնել։ Հետադարձորեն փոխել փաստաթղթի կետերը նշանակում է փոխել ռազմական դրությունը, ինչը համենայնդեպս այսօր իրատեսական խնդիր չէ։ Ինչ վերաբերում է հետագա բանակցային գործընթացին, բազմաթիվ կետեր դեռ մեկնաբանությունների կարիք ունեն։ Լավագուն առաջարկները կփորձենք կյանքի կոչել։
Արտահերթ ընտրության մասին
Կայունությունը պիտի երաշխավորվի, խորհրդարանը, նախագահը պիտի գործեն ու մեր բոլորի գործունեությունը պիտի ուղղված լինի անվտանգությանն ու կայունությանը։
Անհետ կորածների ու գերիների մասին
Անհետ կորած է մի քանի հարյուր զինվոր։ Հույս ունենք՝ մի մասին կգտնենք ողջ։ Օրինակ երեկ ես իմացա, որ վիրավոր զինվոր է հայտնաբերվել, ով անհետ կորած էր մինչ այդ։ Գերիների փոխանակությունը տեղի կունենա մարմինների փոխանակումից հետո։ Ուզում եմ ասել, որ հանրապետությունում սգո օր կհայտարարվի, երբ մարմինների փոխանակումը կատարվի ու հարգանքի տուրք կմատուցենք։ Նաև կարևոր եմ համարում, որ այս ընթացքում երաշխավորենք զոհված զինծառայողների ընտանիքների համար սոցիալական երաշխիքները ու ունենք վստահություն՝ այդ ամենը կարվի պատշաճ մակարդակով։
Շուշիի անկման, պատերազմի դադարեցման առաջարկների մասին
Շուշիում հարյուրից ավել զոհված զինծառայողների մարմիններ են հայտնաբերվել. եթե հանձնել էինք, ինչո՞ւ էին այդ մարդիկ կռվել։ Իրավապահ մարմինները Շուշիի հետ կապված դավադրության մասին ահազանգողին հրավիրել են պարզաբանում ստանալու, թե ինչ դավադրության մասին է խոսքը։ Ինչքանով ես տեղյակ եմ, հայտարարության հեղինակը խուսափել է կոնկրետ պատասխաններ տալ։ Եթե կան փաստեր դավաճանության մասին, բայց հրաժարվում է տեղեկություններ տալ իրավապահներին, դա նշանակում է մասնակցել դավաճանությանը։ Խմբերով տեղի է ունեցել ներթափանցում քաղաք, ու կորցրել ենք Շուշին։ Միջնորդների առաջարկների մասին ասեմ, որ երբ մի փոխզիջումային տարբերակ ընդունելի է դարձալ Հայաստանի համար, նույն պահին անընդունելի է դարձել Ադրբեջանի համար։ Կարող էինք պատերազմից խուսափել, եթե համաձայնեինք Ադրբեջանին վերադարձնել 7 շրջանները, ներառյալ Շուշին, բայց արդյոք դա՞ էր այն քաղաքականությունը, որ ուզում էինք վարել։ Ոչ, դա չէր։ Մեր ԶՈՒ-ն ու ՊԲ-ն որոշեցին ընդունել այդ մարտահրավերը, որ նետված էր, բայց դա չբերեց այն արդյունքներին, ինչ կցանկանայինք։ Պարտության անխուսափելիության խոսույթը առաջին օրվանից ներկա է եղել առաջնագծում ու այսօր քաղաքական գործիչներ, ովքեր պատերազմի առաջին օրից կոչ էին անում հանձնել տարածքներ, այսօր այդ նույն բանի համար ՀՀ կառավարությանը մեղադրում են դավաճանության մեջ։ Շուշիի հանձնման պայմանը առաջադրվել է եթե ոչ ի սկզբանե, ապա գոնե սկզբնական շրջանում, ու ինչու ենք մենք գնացել այս ճանապարհով, քանի դեռ հնարավորություն կար տեսականորեն պաշտպանել, որոշվել է կռիվ տալ մինչև վերջ ու մինչև վերջին վայրկյանը հերոսաբար կռիվ են տվել։ Մենք ենք դրա պատասխանատուն, որովհետև 2,5 տարվա ըթնացքում չենք կարողացել լրացնել տասնյակ տարիներով չարվածը։
Պատերազմի օրերին առաջարկված նպաստավոր փաստաթղթերի մասին
Նման բան չի եղել, եղել են էլի նույն տրամաբանությամբ առաջարկներ՝ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, այդ թվում՝ Շուշին, ու առանց որևէ կարգավիճակի։ 1998-ից սկսած՝ բանակցային գործընթացում, բանակցային բովանդակության մեջ եղել է միայն մի կոնկրետ թեմա՝ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին ու մեր քաղաքականությունը եղել է՝ ձգել այս պրոցեսը։ Այո, ժամանակ կարելի է ձգել, կարելի է ձգել 5,7,10,20 տարի, բայց մի պահի դա կտրվելու էր ու ապրիլյան պատերազմով դա արդեն կտրվել էր։ Ես երբ ասում էի նոր կետ, ես նկատի ունեի՝ մենք պիտի փորձենք կտրված ռետինի տրամաբանությունից դուրս դնել մեզ։ Մեզ չի հաջողվել դա անել, ու ըստ էության ռազմական սպառնալիքն է բերվել առաջին պլան։ Հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ մենք պատրաստ ենք պատերազմի Ադրբեջանի հետ, բայց հետագայում ընդգրկվեցին Թուրքիան ու վարձկանները։ Սա դարձավ մեր անհաջողության հիմնական պատճառը։ Կարո՞ղ էինք կանխել այսպիսի զարգացումը, կարող էինք եթե համաձայնեինք առանց կարգավիճակի այդ շրջանները հանձնել։
Հրաժարականի հարց, հնարավոր փոխարինող
Իմ օրակարգում մտնում է կայունություն, անվտանգություն ապահովելը, այլ հարց իմ օրակարգում չկա։ Ես կարծում եմ, որ ՀՀ կառավարությունը պիտի մասնակցի Ադրբեջանի հետ բանակցութուններին, բայց հիմա օրակարգի ձևավորման գործընթաց է ու եթե պարզվի, որ իմ վստահությունը բավարար չէ, մենք չենք կարող մասնակցել դրան։
Մկրտիչ Կարապետյան
https://www.civilnet.am/

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման