
Restart Times-ի զրուցակիցն այս անգամ էլ «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության անդամ Գոհար Գրիգորյանն է, ով պատմել է նախաձեռնության Քաղաքացիական – երիտասարդական մարզային հարթակ ծրագրի շրջանակներում իրականացված ճամբարի մասին:
Բարև Ձեզ, հարգելի Գոհար: Կպատմե՞ք ճամբարի կազմակերպման գաղափարը ինչպե՞ս առաջացավ, ի՞նչ բնույթի էր այն և քանի՞ օր տևեց։
-Ողջույն, հարգելի՛ Միքայել։ Շնորհակալ եմ այս առաջարկի համար, սիրով կպատասխանեմ Ձեր բոլոր հարցերին։
Քաղաքացիական – երիտասարդական մարզային հարթակ ծրագրի գաղափարը առաջացավ, երբ մենք ուսումնասիրում էինք մարզային ուսանողությանը վերաբերող խնդիրները և հասկացանք, որ 3 հյուսիսային մարզերի երիտասարդության և ուսանողության խնդիրը բավականին նման են իրար։ Այսպիսով որոշեցինք իրականացնել հավաք-ճամբար, որտեղ կբարձրաձայնվեին բոլոր մարզերին վերաբերող խնդիրները։
Հավաքը ոչ ֆորմալ բնույթի ճամբար էր, որտեղ հավաքագրվել էին հյուսիսային 3 մարզերի ավելի քան 40 մասնակիցներ՝ աշխատելով 3 տարբեր խմբերում իրենց մարզային խնդիրների ու լուծումների շուրջ։ Ճամբարը տևեց 6 օր։
Ընդհանուր քանի՞ ուսանող է մասնակցել ճամբարին, և ի՞նչ չափանիշներով են ընտրվել ուսանողները:
-Ճամբարում ընդգրկվել են թվով 36 մասնակիցներ, որոնց մեջ կային և՛ աշակերտներ, և՛ ուսանողներ։ Յուրաքանչյուր մարզից ընտրվել է 12 հոգի։ Ընտրվել են այն բոլոր մասնակիցները, որոնց հայտերում մենք տեսել ենք առավել նախաձեռնողականություն, մասնակցայնություն և հասարակական ակտիվություն, ինչպես նաև շեշտը դրվել է այն մասնակիցների վրա, ովքեր ոչ միայն ապրում, այլ նաև սովորում և գործունեություն են իրականացնում Շիրակի, Լոռու կամ Տավուշի մարզում։

Հետաքրքիր է, ի՞նչ հիմնական նպատակներ ուներ ճամբարը:
– Ճամբարի նպատակներն էին բարձրաձայնել 3 հյուսիսային մարզերին վերաբերող խնդիրները՝ դրանց համար լուծումներ առաջարկելով, ինչպես նաև մեզ համար կարևորագույն նպատակ էր համարվում 3 հյուսիսային մարզերի երիտասարդների ու ուսանողների միջև կայուն և մշտական մարզային հարթակի ստեղծումը։
Դուք ընդգրկված էիք որպես ճամբարի պատասխանատու: Արդյոք, դժվա՞ր էր Ձեզ համար:
– Ճամբարի պատասխանատուի աշխատանքը իրենից ենթադրում է պատասխանատու, համակարգված և կազմակերպված գործողություններ, որոնք ամբողջությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է գործադրել բավականաչափ ջանքեր։ Բնականաբար, այն դժվարին աշխատանք է, բայց, քանի որ ամբողջ ճամբարի ընթացքում դու աշխատում ես խելացի, մտածող և կազմակերպված երիտասարների և ուսանողների հետ, բոլոր դժվարությունները հաճելիորեն շատ հեշտ են հաղթահարվում։

Եվ վերջում, արդյո՞ք պատրաստվում եք կապը պահել ճամբարի մասնակիցների հետ և նրանց ընդգրկել ձեր հետագա ծրագրերում։
– Մեր առաջնային նպատակն է ստեղծել մարզային երիտասարդների միջև հաղորդակցության ուղիներ և փորձել հնարավորինս զարգացնել այն։ Ճամբարի ընթացքում մասնակիցները իրենց խմբերով մշակել են նախօրոք որոշված խնդիրները և հետճամբարային ընթացքում իրականություն են դարձնելու իրենց կողմից տրված առաջարկները։ Այսպիսով երիտասարդները ընդգրկվելու են սեփական գաղափարային ծրագրերում՝ պահպանելով և ամրապնդելով կապը միմյանց միջև։
Հարցազրույցը պատրաստեց Միքայել Փամբուխչյանը

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման