
«Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի» նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը համոզմունք ունի, որ ՀՀ նոր իշխանության ընտրած դատավորների բարեվարքության վերաբերյալ օրենսդրական փաթեթը որևէ արդյունք չի ունենալու:
«Այն, ինչ առաջարկվեց մեզ մոտ, ինձ համար բացարձակ անընդունելի տարբերակ էր: Բարեվարքության այս մոդելը, որը թավիշի արդյունքն էր, տվյալ դեպքում կիրառելի չէ, որովհետև եթե 2 հավ, 3 ձի կամ 4 տուշոնկա գողացողին կարելի է ինչ որ տեղ «արդարացնել», արդարադատության դեմ հանցագործություն կատարած անձանց որևէ արդարացում չի կարելի գտնել և չպիտի լինի նրանց արդարացում»,- NewArmenia.am-ի հետ հարցազրույցում ասաց իրավապաշտպանը՝ հավելելով.
«Դատավորները, դատախազները, քննիչները ունեցել են պարտավորություն՝ վերականգնել արդարությունը, իրականացնել արդարադատություն: Իրենք գնացել են ամենաայլանդակ ու ամենաայլասերված ճանապարհով՝ օրվա իշխանության քմհաճույքները բավարարելու ճանապարհով: Սա ամենածանր հանցագործությունն է»:
Կարապետյանցի խոսքով՝ որ պահին մենք ունեցանք արդար դատարաններ, ոչ մի քննիչ, ոչ մի դատախազ, ոչ մի չինովիկ ու բարձրաստիճան պաշտոնյա չի թույլ տալու իրեն որևէ զանցանք, առավել ևս՝ հանցագործություն:
«Որովհետև ինքը 100 անգամ կմտածի՝ արդյոք կարողանալո՞ւ է պլստալ, իր արարքի համար պատասխան չի՞ տալու արդար դատարաններ ունենալու պարագայում: Արդարադատության մարմինների բարեփոխումները պետք է լիներ թիվ մեկ խնդիրը»,-նշեց իրավապաշտպանը:
Ինչպես հայտնի է՝ ամիսներ առաջ խորհրդարանն ընդունեց Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում և հարակից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը վերաբերում է դատավորների բարեվարքությանը:
Ըստ փաթեթիդատավորների գործունեությունը գնահատող հանձնաժողովը բաղկացած է լինելու հինգ անդամից մեկական դատավոր տարբեր դատարանների ատյաններից և երկու իրավաբան-գիտնական: Հանձնաժողովը քննարկելու է դատավորների կողմից գործերի բաշխման, ողջամիտ ժամկետում քննարկման հարցերը, նիստի ընթացքում դատավորի վարքագծի հետ կապված խնդիրներ: Եթե հայտնաբերվեն նյութական կամ դատավարական օրենքի դիտավորյալ կամ կոպիտ անփութությամբ խախտումներ, ապա գնահատման հանձնաժողովը կարող է դիմել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին` կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար:
Ներդրվել է դատավորների գույքային դրության ստուգման և դրա հիման վրա կարգապահական պատասխանատվության հիմքի սահմանումը: Ըստ այդմ՝ գույքի փոփոխությունը, եթե ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ կա ոչ ամբողջական հայտարարագրված գույք, ապա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դառնում է կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեցող մարմին:
«Սա երբեք արդյունք չի տա»,-համոզմունք հայտնեց Նինա Կարապետյանցը՝ հավելելով. «Պատկերացրեք՝ դատավորների ունեցվածքի օրինականության ստուգումները սկսելու են 2017 թ-ից: Մենք ունենք դատավորներ, որոնք աշխատում են 90-ական թվականներից: Այս տարբերակով ասում ենք՝ բարով վայելեք ձեր գողացածները, կոռուպցիոն ռիսկերը, վերցրածները մինչև 2017 թվականը, մնացածն էլ դե կստուգենք: Պարզ չի, որ էս 2 տարվա մեջ ի՞նչ պիտի վերցրած լինեին, չէին էլ հասցնելու»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում.

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման