12րդ դարում, երբ աշխարհի ամենահին՝ Բոլոնիայի համալսարանն իր կայացման փուլում էր որպես ժամանակակից համալսարանների նախադեպ, այլընտրանքային տարբերակներ չկային սահմանված մասնագիտություններն ուսանելու։ Իսկ հանձնվող վկայականն էլ, տվյալ հասարակության կողմից ընդունվող միակն էր, որ պիտի հաստատեր գիտելիքի ձեռք բերումը։
Մեր օրերում, ու հատկապես Հայաստանում, հիմնական դպրոցից հետո ԲՈՒՀ-երում ակադեմիական կրթությունը շարունակելն ընդունված ամենատրամաբանական ճանապարհն է։ Իսկ զուգահեռ բազմապատկվում ու մեծ թափ են հավաքում այլ ուսումնական կենտրոններ, հեռահար դասընթացներ, որոնք միտում ունեն ավելի սեղմ ժամկետներում գործնական գիտելիքներ ու հմտություններ փոխանցել ընտրված մասնագիտության շուրջ։
Տվյալ պարագայում, երբ հնարավորությունները բազմազան են, արդյո՞ք համալսարանական կրթությունը կարող է մնալ «մենաշնորհային» դիրքերում, ինչպես եղել է ի սկզբանե։
Օրեցօր զարգացող մարտահրավերները շատ են, հասարակական պահանջները՝ փոփոխման ենթակա։ Ակադեմիական բարձրագույն կրթության ոլորտում խնդիրներ միանշանակ կան, բայց հոդվածի նպատակը հարցին հասարակական դիտանկյունից նայելն է։
Խնդիրն առավել ակներև դարձավ, երբ վերջերս Հայաստան տեղափոխված օտարեկրացիները, թեպետ աշխատանքային բազմամյա փորձով, բայց համալսարանական դիպլոմ չունենալով, բախվեցին մի խոշոր պատնեշի, աշխատանքային շուկայի մուտքի առաջ։ Նորություն չէ, որ աշխատանքային հայտարարությունների մեծամասնությունում պարբերաբար նշված է դիպլոմի անհրաժեշտության կետը։ Սակայն եթե դիպլոմը ընդամենը հաստատումն է, հասարակության կողմից ընդունված, մասնագիտական գիտելիքների տիրապետման մասին, ապա գոնե աշխատանքային փորձի պարագայում, այն չի կարող դիտարկվել, որպես պարտադիր պայման, քանի որ մասնագիտական հմտությունները ապացուցվել են ավելի գործնական միջավայրում։ Իսկ եթե դա էլ բավարար չէ, պահանջվող գիտելիքների պաշարը կարելի է պարզել մասնագիտական թեստերի միջոցով, օրինակ հարցազրույցների ժամանակ։
Կասկածի տակ չդնելով ակադեմիական կրթության կարևորությունն ու դերը մեր հասարակության մեջ, պետք է փաստել, որ մերօրյա ժամանակներում, համալսարանական դիպլոմը չի կարող լինել միակ «բացվիր Սեզամ»-ը աշխատաշուկա մուտք գործելու համար։
Ոչ ֆորմալ կրթությունը, այսինքն այն, որ կազմակերպվում է համալսարանական պատերից դուրս՝ տարբեր ուսումնական կենտրոնների և դասընթացների շնորհիվ, իր լրացնող հատկությունից անդին, կարող է նաև դիտարկվել, որպես այլընտրանքային ճանապարհ՝ դե ֆակտո, գրեթե նույն արդյունքին հանգեցնող։
Այն օգնում է ձեռք բերել ոչ պակաս կարևոր հատկություններ ապագա մասնագետի համար, օրինակ առանձնահատուկ պատասխանատվության զգացում։ Ոչ ֆորմալ կրթությունն իր մեջ չի ներառում ստուգման մեխանիզմներ, հիերարխիկ հարաբերություններ. արդյունքում գիտելիք քաղելու ամբողջ պատասխանատվությունը կարող է միայն սեփական ուսերին լինել, իսկ այդ պատասխանատվության գիտակցումը ինքնին շատ կարևոր հատկություն է մասնագետի համար։
Ակադեմիական կրթության կարևորագույն դերը միաժամանակ պատճառն ու հետևանքն է հանրային մեծ վստահության. համալսարանական դիպլոմն ու ձգտումը հնարավորինս կարմիր երանգի՝ երաշխիքն առ այն, որ տրված գիտելիքը լավ է սերտվել։ Սա այն է, ինչին մենք օրինաչափորեն հավատում ենք։ Առհասարակ, հասարակական կարևորագույն ինստիտուտները, որոնց մասն է կազմում նաև համալսարանը, դժվարությամբ են կասկածի տակ դրվում, քննադատվում, փոխակերպվում, փոխարինվում և դա, որպես վերջնանպատակ դիտարկելն ապարդյուն է։
Սակայն մի փոքր հասարակական վստահություն դրսևորելը ոչ ֆորմալ կրթության նկատմամբ, կարող է մի շարք դրական փոփոխությունների հանգեցնել. գոնե հիմա, գնդակը գործատուների դաշտում է։
Ակադեմիական կրթության ենթադրյալ անփոխարինելիությունը շատ լուրջ պատնեշ է հանդիսանում այն դեպքում, երբ հասարակական ենթատեքստը վաղուց փոխվել է, ու պետք է հաղթահարել պատնեշը, այլապես ստացվում է, որ մենք ընտրում ենք դիպլոմները գիտելիքների փոխարեն ու մարդիկ, ովքեր սահմանված գծագրից դուրս ընտրություններ են արել, շատ լուրջ խնդիրների են բախվում աշխատանքային շուկայում։
Եթե մենք կարևորում ենք դիպլոմի բովանդակությունը, այսինքն վկայվող տեսական ու գործնական գիտելիքները, այլ ոչ ձևաթուղթը, ապա պետք է ի զորու լինել տեսնել դրանք (եթե իհարկե կան այդպիսիք), նաև պահանջվող դիպլոմից դուրս. մենք կունենանք ողջամիտ ու պրոֆեսիոնալ գործատուներ, իրապես լավ մաանագետներ ու դե ֆակտո արժևորված գիտելիքներ։
(Հիշեցում. իհարկե, կան մասնագիտություններ, օրինակ բժշկական ոլորտի, որոնց պարագայում համալսարանական կրթությունը ոչ մի կերպ չի կարող փոխարինվել, և միանշանակ, վերոնշյալ դիտարկումները չեն կարող դրանց վերաբերվել։)
Հոդվածը գրվել է «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպված «Հոդվածների մրցույթ»-ի երրորդ փուլի մասնակից Անաիտ Թումասյանի կողմից:
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում