Հետազոտության նպատակն է եղել բացահայտել Շիրակի մարզի տարածքում, զբոսաշրջության համար առավել գրավիչ պատմամշակութային հուշարձանների առկայությունը, ինչպես նաև տալ դրանց զբոսաշրջային օգտագործման հնարավորությունները: Կարևոր խնդիր է հանդիսացել նաև Շիրակի մարզի տարբեր ենթաշրջանների պատմամշակութային հուշարձաններով հագեցվածության գնահատումը, ինչը թույլ կտա ցույց տալ մարզի առավել մեծ զբոսաշրջային հնարավորություններ ունեցող ուղղությունները:
Բանալի բառեր. հուշարձան, եկեղեցի, զբոսաշրջություն, Շիրակի մարզ, քարտեզագրում, գնահատում, սանդղակ, ենթաշրջան:
Մեր կողմից իրականացվել է գրականության վերլուծություն: Պատմամշակութային հուշարձանների գնահատմանը նվիրված գիտական աշխատանքներ են կատարել բազմաթիվ գիտնականներ այդ թվում. Ն.Ս. Միրոնենկոն, Օ.Վ. Սերովան, Յու. Ա. Վեդենինը, Լ.Մ. Մարտիրոսյանը և ուրիշներ: Մեր կողմից առավել ընդունելի է եղել հուշարձանների բալային գնահատումը, որի վերաբերյալ աշխատություններ են հրապարակել Ս.Վ. Սոտնիկովան, Ն. Ա. ԿումովանՆ.Պ. Ռոդնիկովան, Լ.Մ. Մարտիրոսյանը և ուրիշներ:
Շիրակի մարզի պատմամշակութային հուշարձանների քարտեզի կազմման համար տեղեկատվության աղբյուր են հանդիսացել տարատեսակ գրական աղբյուրները:
Ելակետային տվյալների տարածական կոորդինատների դուրս բերման նպատակով օգտվել ենք Google Earth ծրագրից, որտեղ տեղայնացվել են ուսումնասիրվող տարածքի համար առանձնացված բոլոր պատմամշակութային հուշարձանները: Ստացված ցանկը, որը կազմված թվով 141 պատմամշակութային հուշարձաններից, պահպանվել է համապատասխան ելքային ֆայլի տեսքով .kml ֆորմատով:
Քարտեզագրական աշխատանքների հիմնական մասը կատարվել է ArcMAP 10.5 ծրագրային միջավայրում: Առաջին քայլով կազմվել է ուսումնասիրվող տարածքի քարտեզագրական հենքը, որը ներառոմ է Շիրակի մարզի տարածական սահմանները, ճանապարհատրանսպորտային և բնակավայրերի ցանկը: Պատմամշակութային հուշարձանների քարտեզի կազմման նպատակով վերոնշյալ .kml ֆորմատով ֆայլը ենթարկվել է կոնվերտացիայի և վերափոխվել շերտային ֆայլի, ինչից հետո ավտոմատ ձևով, ելնելով դրանց տարածական կոորդինատներից, պատմամշակութային հուշարձանները տեղայնացվել են հենքային քարտեզի վրա: Արդյունքում կազմվել է Շիրակի մարզի պատմամշակութային հուշարձանների քարտեզը, որտեղ հանդես են գալիս 7 հիմնական տիպի հուշարձաններ՝ վանքեր և եկեղեցիներ (թվով 46), դամբարանադաշտեր և քարակույտեր (թվով 11), ամրոցներ (թվով 26), բնակատեղիներ (թվով 42), սրբավայրեր (թվով 5), քարայր-կացարաններ (թվով 10) և մեկ կամուրջ՝ Խարկովի կամուրջը Ախուրյան գետի վրայով: Ելնելով տիպաբանությունից դրանք ենթարկվել են նաև դասակարգման և ներկայացվել համապատասխան պայմանական նշանների ձևով: Հավելվածի ձևով բերվում է նաև առանձնացված պատմամշակութային հուշարձանների անվանումները և հերթական համարները ըստ կազմված քարտեզի:
Շիրակի մարզի տարածքում պահպանվել են բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ՝ ամրոցներ, դամբարանադաշտեր, բնակատեղիներ, գերեզմանոցներ, եկեղեցիներ, բնակելի տներ, տնտեսական կառույցներ և այլն, որոնց ուսումնասիրումը, դասակարգումն ու պահպանությունը հնարավորություն է տալիս դրանց նպատակային օգտագործման ինչպես գիտական ու կրթական, այնպես էլ զբոսաշրջային ոլորտում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հուշարձանները տարածքի պատմության լուռ վկաներն են և արտացոլում են տարածքի ու այնտեղ ապրող բնակչության անցած պատմական ուղին, մեր նպատակն է անդրադառնալ մարզի պատմամշակութային հուշարձանների դասակարգմանը, ինչը կհեշտացնի դրանց գնահատումը, որպես զբոսաշրջության օբյեկտ:
Շիրակի մարզի տարածքը կազմում է «Աշխարհացոյց»-յան Այրարատ աշխարհի Շիրակ գավառի արևելյան հատվածը։ Մարզի տարածքը հյուսիսից եզերում են Չլդըրի, հյուսիս-արևմուտքից՝ Եղնախաղի լեռները, արևմուտքից՝ Ախուրյան գետը, արևելքից՝ Ջավախքի լեռնավահանը, իսկ հարավից Արագածի հյուսիսային լեռնալանջերը։
Մարզի տարածքը հարուստ է մարդկության գրեթե բոլոր ժամանակաշրջաններին վերաբերվող պատմական հուշարձաններով, ինչը լավ նախադրյալ է զբոսաշրջության այս տեսակի զարգացման համար: Հոդվածում զետեղված նյութը նաև օգտակար կլինի էքսկուրսավարների համար՝ Շիրակի մարզում զբոսաշրջային պատմամշակութային տուրերի կազմակերպման գործում:
Ք.ա. III հազարամյակի կեսերից (2400-1500) սկսվում է միջին բրոնզի դարը, երբ Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և հյուսիսային շրջաններում հաստատվում են վաղ դամբարանաբլուրների և գունազարդ խեցեղենի մշակույթը կրող հնդեվրոպական ցեղախմբեր։ Նրանց ստեղծած մշակույթն ընդգրկում է ողջ Հայկական լեռնաշխարհը։ Այս դարաշրջանի հուշարձանների 70 տոկոսը կազմում են դամբարանադաշտերը [1,էջ 32]։ Շիրակի մարզի տարածքի 61 բնակավայրերին հարակից տարածքներում պեղվել են դամբարանադաշտեր, որոնք թվագրվում են Ք. ա. III-I (Արթիկ, Աղին, Խարկով, Գուսանագյուղ, Լանջիկ, Լեռնակերտ, Կամո, Կարմրաքար, Հայկավան, Հառիճ, Հոռոմ, Հովիտ, Մարմաշեն, Մուսայելյան (Ախուրյան), Սարատակ, Սպանդարյան, Քեթի և այլն) կամ Ք.ա. II-I (Մարալիկ, Ազատան, Անիպեմզա, Բանդիվան և այլն) հազարամյակներով [2]։ Դամբարանադաշտերը հիմնականում տարածված էին ամրոցների կամ բնակատեղիների շրջակայքում։
Հայաստանը հին աշխարհի այն տարածաշրջաններից է, որտեղ ծագել ու ձևավորվել են ամրաշինության (բերդշեներ) սկզբունքները։ Շիրակի մարզի ողջ տարածքը ծածկված է բերդշենների ցանցով, որոնց շրջակայքում մեծ մասամբ տարածվում են բնակատեղիներ ու դամբարանադաշտեր։ Դրանք տարածվում են քարքարոտ, բարձրաբերձ, ամրություններ ու բնակարաններ կառուցելու համար հարմարավետ բլուրների և նրանց միջև ընկած հարթավայրերի վրա [3, էջ 28] ։
Ք.ա. IX դարում Հայկական լեռնաշխարհի ողջ տարածքն ընդգրկող միասնական հայկական պետություն է ձևավորվում՝ Վանի կամ Արարատյան թագավորությունը՝ դառնալով Առաջավոր Ասիայի հզորագույն պետություններից մեկը։ Այս շրջանից մեզ են հասել արձանագրություններ, ամրոցներ, ապարանքներ, տաճարներ, բերդաքաղաքներ և այլն։ Վանի թագավորները իրենց կատարած արշավանքների և շինարարական աշխատանքների վերաբերյալ թողել են գրավոր հիշատակություններ՝ սեպագիր արձանագրություններ, որոնցից երկուսը գտնվել են Շիրակի մարզի տարածքում։ Արձանագրություններից մեկը գտնվել է Սպանդարյան (Ղուլիջան) գյուղում, Կարկաչուն գետի ափին, ժայռի վրա։ Այն թողել է Արգիշտի I-ը: Մյուս արձանագրությունը Մարմաշենի ժայռափոր արձանագրությունն է: Անհրաժեշտ միջավայրի ստեղծումից հետո, երկու արձանագրություններն էլ կարող են դառնալ մատչելի զբոսաշրջիկների համար:
IV –VII դարերից մեզ են հասել հիմնականում կոթողային ու պաշտամունքային կառույցներ։ Շիրակի մարզի Անիպեմզա գյուղի արևելյան եզրին է գտնվում V-VI դդ-ի Երերույքի տաճարը (Սբ. Կարապետ), որը վաղմիջնադարյան մեզ հայտնի կառույցներից ամենամեծն է ու ամենաարժեքավորը։ Այն կիսականգուն է։ Եկեղեցու հարավարևելյան պատին պահպանվել է V դարի մի արձանագրություն՝ հունարեն լեզվով։ Շիրակի մարզի տարածքը հարուստ է նաև զարգացած միջնադարի պատմական հուշարձաններով (IX-XIV դարեր)։
Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում է գտնվում նույնանուն ամրոցը (X-XIII դար)։ Այն որպես բերդ և պարսպապատ քաղաք հիշատակում է Գրիգոր Մագիստրոսը [4]։ Բերդը կառուցվել է նախաքրիստոնեական ամրոցի տեղում։
Շիրակի մարզի Գուսանագյուղ գյուղում պահպանվել է X-XII դարերի դղյակ-ամրոցի ավերակներ, որին գյուղացիներն անվանում են «Ղուլա»։ Այդպիսի ամրոցներ սովորոբար կառուցում էին տեղի իշխանները, ինչն էլ վկայություն է գյուղի իշխանանիստ վայր լինելու մասին։
Միջնադարում կառուցված քաղաքացիական շենքերի լավագույն օրինակներ են հանդիսանում քարավանատները, որոնք կառուցվում էին ինչպես ճանապարհների վրա, այնպես էլ քաղաքներում ու մեծ վանքերին կից։ Նման քարավանատան ավերակներ պահպանվել են Անիի մոտ, Ախուրյանի ձախ ափին Ներքին Ջրափի գյուղում [5, էջ735], որտեղ կառուցված է եղել նաև Անի տանող ամենամեծ կամուրջը՝ 31 մ թռիչք ունեցող կամարով («Չրփլուի կամուրջ»): «Ներքին ջրափիի քարավանատունը կառուցվել է Վրաստանից և Հայաստանի հյուսիսային գավառներից դեպի Անի տանող գլխավոր ճանապարհի վրա և վերաբերում է քաղաքի ծաղկման շրջանին, ամենից ավելի հավանական է X-XI դարերին»[6,էջ38]։ Շիրակի մարզի Ջրափի գյուղի քարավանատունը տեղափոխված է Ներքին Ջրափի գյուղից։
Նկարագրված և դասակարգված հուշարձանների զբոսաշրջային յուրացումն ապահովելու համար անհրաժեշտ է կիրառել որևէ համեմատական ցուցանիշ, որը ցույց կտար ըստ միավոր տարածքի դրանց քանակությունը: Մեր կողմից նպատակահարմար է համարվել օգտագործել հագեցվածության գործակիցը: Նկատի ունենալով Շիրակի մարզի տարածքի մեծությունը, ենթաշրջանների զբաղեցրած մակերեսը, սույն հոդվածում որոշակի փոփոխություններով կիրառվել է Ե.Ն. Կորչևսկայայի առաջարկած բանաձևը [8]: Ի տարբերություն Կորչևսկայայի, մենք միավոր տարածքի հագեցվածության հաշվարկը կատարել ենք հետևյալ բանաձևով.
Վերլուծելով գնահատման արդյունքները ակնհայտ է դառնում, որ հուշարձանների թվաքանակի հագեցվածությամբ բարձր ցուցանիշն ունի Ախուրյանի ենթաշրջանը, իսկ ամենացածրը Ամասիան: Այլ ցուցանիշ է ստացվում հուշարձանների միավորների գնահատման ժամանակ: Այս դեպքում առավելագույն ցուցանիշը ստանում է Անիի ենթաշրջանը, որը վկայում է տվյալ տարածաշրջանի պատմամշակութային հուշարձանների բազմազանության մասին:
Ամփոփելով գիտական հոդվածը կարելի է անել հետևյալ եզրակացությունները.
- Շիրակի մարզը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, որը լավ նախադրյալ է զբոսաշրջության զարգացման համար:
- Մարզի տարածքում հուշարձանները տեղաբաշխված են անհավասարաչափ, դրանց ամենամեծ խտությունը բաժին է հասնում հարավային ենթաշրջաններին, իսկ ամենափոքրը՝ հյուսիսային (Աշոցք) և հյուսիս-արևմտյան (Ամասիա):
- Մարզի տարածքում գտնվող հուշարձանների մեծ մասը անհայտ է զբոսաշրջային ընկերություններին և գրեթե չեն օգտագործվում այդ նպատակով:
- Անհրաժեշտ ներդրումների, ինչպես նաև տեղեկատվության հասանելիության բարձրացման միջոցով կարելի է Շիրակի մարզը դարձնել Հայաստանի մշակութային զբոսաշրջության կարևոր ուղղություններից մեկը:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Հայաստանի հնագիտական ժառանգությունը: Խմբագիր Հ․Ե․Սիմոնյան: «Հուշարձան», 2013, 95 էջ:
- ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%80_%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D6%87_%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9%D5%AB_%D5%A1%D5%B6%D5%B7%D5%A1%D6%80%D5%AA_%D5%B0%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D6%81%D5%A1%D5%B6%D5%AF?fbclid=IwAR3amQkLJ9MDFC2NjVmFYJB4Qg11YOfZXXTCLFzVDJZaTpDyufLgPzDFpTE
- Ջուհարյան Թ. Սովետական հայաստանի պատմական հուշարձանները: Երևան: «Հայպետուսմանկհրատ», 1961: 184 էջ
- Հարությունյան Ս. Երազգավորսի 1977թ-ի պեղումները, «Պատմաբանասիրական հանդես»: Երևան, 2012: Թիվ 1: էջ 192-195
- Հովհաննիսյան Մ․ Հայաստանի բերդերը: Վենետիկ, 1970: 1014 էջ։
- Հարությունյան Վ․ Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Հայպետհրատ. – 1960. – 146 էջ:
- Նույն տեղում, էջ 41
- Карчевская Е. Н. Развитие туристско-рекреационной деятельности в экологически проблемном регионе (на примере Гомельской области). // Псковский регионологический журнал. 2009. № 7. С. 110-117.
Հավելված -1
Շիրակի մարզի պատմամշակութային հուշարձանները | |||
No | Հուշարձանի անվանումը | No | Հուշարձանի անվանումը |
1 | Լմբատավանք | 41 | Անուշավան_Սբ. Նշան |
2 | Հառիճ_Սբ. Հարություն | 42 | Կարմրավան_եկեղեցի |
3 | Երերույքի տաճար | 43 | Մուսայելյան_եկեղեցի |
4 | Սառնաղբյուր_Թադևոս Առաքյալ եկեղեցի | 44 | Նոր Կյանք_Սբ. գևորգ |
5 | Մարմաշենի վանական համալիր | 45 | Սարակապ_Սբ. Կարապետ |
6 | Մարալիկի Սբ. Աստվածածին եկեղեցի | 46 | Զույգաղբյուր_եկեղեցի |
7 | Հողմիկ_տաճարային համալիր | 47 | Կառնուտի դամբարանադաշտ |
8 | Արթիկ_բազիլիկ | 48 | Բենիամինի_մեգալիթ |
9 | Լեռնակերտ_բազիլիկ | 49 | Տուֆաշենի դամբարանադաշտ |
10 | Կառնուտ_բազիլիկ | 50 | Զույգաղբյուր_մեգալիթ |
11 | Պեմզաշեն_բազիլիկ | 51 | Արթիկ_դամբարանադաշտ |
12 | Արթիկ_Սբ. Ստեփանոս | 52 | Դարիկ_քարակույտեր |
13 | Արթիկ_Սբ. Գևորգ | 53 | Հոռոմ_զոհասեղան |
14 | Արթիկ_Սբ. Աստվածածին | 54 | Հայկաձոր_զոհասեղան |
15 | Բարձրշեն_Սբ. Աստվածածին | 55 | Անիպեմզա_զոհասեղան |
16 | Մարալիկ_Սբ. Պողոս-Պետրոս | 56 | Շիրակավան_դամբարանադաշտ |
17 | Կամխուտ_Սբ. Աստվածածին | 57 | Անուշավան_ամրոց |
18 | Հայրենյաց_Կարմիր վանք | 58 | Այգաբաց_ամրոց |
19 | Հայրենյաց_Հովհան Օձնեցի | 59 | Ախուրիկ_ամրոց |
20 | Հացիկ_եկեղեցի | 60 | Լեռնակերտ_ամրոց |
21 | Ղազանչի_եկեղեցի | 61 | Հոռոմ_ամրոց |
22 | Մայիսյան_Տիրավոր եկեղեցի | 62 | Ամասիա_ամրոց |
23 | Ջրառատ_Սբ. Մինաս | 63 | Մարալիկ_ամրոց_1 |
24 | Ջրաձոր_եկեղեցի | 64 | Մարալիկ_ամրոց_2 |
25 | Սարակապ_եկեղեցի | 65 | Ազատան_ամրոց |
26 | Վահրամաբերդ_եկեղեցի | 66 | Բաշգյուղ_ամրոց |
27 | Քեթի_եկեղեցի | 67 | Աղին_ամրոց |
28 | Նահապետավան_Սբ. Գրիգոր | 68 | Բանդիվան_ամրոց |
29 | Նոր կյանք_Սբ. Գրիգոր Լուսավորիչ | 69 | Զորակերտ_ամրոց |
30 | Երազգավորս_եկեղեցի | 70 | Լանջիկ_ամրոց |
31 | Կարմրաքար_եկեղեցի | 71 | Լեռնուտ_ամրոց |
32 | Սարալանջ_եկեղեցի | 72 | Կարմրավան_ամրոց |
33 | Ախուրիկ_եկեղեցի | 73 | Սառնաղբյուր_ամրոց |
34 | Բերդաշեն_եկեղեցի | 74 | Գուսանագյուղ_ամրոց |
35 | Եղնաջուր_եկեղեցի | 75 | Կառնուտ_ամրոց |
36 | Պեմզաշեն_Սբ. Սիոն | 76 | Ղազանչի_ամրոց |
37 | Հայկաձոր_Սբ. Գրիգոր Լուսավորիչ | 77 | Սարապատ_ամրոց |
38 | Հառիճավանք | 78 | Մուսայելյան_ամրոց |
39 | Պեմզաշեն_Սբ. Առաքելոց | 79 | Վահրամաբերդ_ամրոց |
40 | Մակարավանք | 80 | Երազգավորս_ամրոց |
81 | Պեմզաշեն_ամրոց | 115 | Բյուրակն_գյուղատեղի |
82 | Կապս_ամրոց | 116 | Կամո_գյուղատեղի |
83 | Սպանդարյան_սեպագիր | 117 | Կարմրավան_գյուղատեղի |
84 | Ջրափի_բնակատեղի | 118 | Հովիտ_գյուղատեղի |
85 | Մարալիկ_բնակատեղի | 119 | Ձորաշեն_գուղատեղի |
86 | Ալվար_բնակատեղի | 120 | Սարագյուղ_գյուղատեղի |
87 | Ախուրիկ_բնակատեղի | 121 | Սարակապ_գյուղատեղի |
88 | Աղին_բնակատեղի | 122 | Սարակապ_գյուղատեղի_1 |
89 | Այգաբաց_բնակատեղի | 123 | Ամասիա_գյուղատեղի |
90 | Այգաբաց_բնակատեղի | 124 | Արդենիս_գյուղատեղի |
91 | Երերույք_գյուղատեղի | 125 | Բավրա_գյուղատեղի |
92 | Արևիկ_գյուղատեղի | 126 | Աղին_Սրբավայր |
93 | Բենիամին_բնակատեղի | 127 | Լեռնակերտ_Սրբավայր |
94 | Գեղանիստ_բնակատեղի | 128 | Հոռոմ_Սրբավայր |
95 | Իսահակյան_բնակատեղի | 129 | Ջրառատ_Սրբավայր |
96 | Երազգավորս_բնակատեղի | 130 | Տուֆաշեն_Թուխ Մանուկ սրբավայր |
97 | Լանջիկ_բնակատեղի | 131 | Մարալիկ_քարայր-կացարան |
98 | Լեռնագյուղ_բնակատեղի | 132 | Ամասիա_քարայր-կացարան |
99 | Լեռնակերտ_բնակատեղի | 133 | Անուշավան_քարայր-կացարան |
100 | Լուսաղբյուր_բնակատեղի | 134 | Խարկով_քարայր-կացարան |
101 | Կառնուտ_բնակատեղի | 135 | Լեռնակերտ_քարայր-կացարան |
102 | Կարմրաքար_բնակատեղի | 136 | Սպանդարյան_քարայր-կացարան |
103 | Հառիճ_բնակատեղի | 137 | Պեմզաշեն_քարայր-կացարան |
104 | Հացիկ_բնակատեղի | 138 | Հայկաձոր_քարայր-կացարան |
105 | Ղազանչի_բնակատեղի | 139 | Ջրառատ_քարայր-կացարան |
106 | Մարմաշեն_գյուղատեղի | 140 | Ջրափի_քարավանատուն |
107 | Մեծ Մանթաշ_գյուղատեղի | 141 | Խարկով_կամուրջ |
108 | Մեղրաշեն_գյուղատեղի | ||
109 | Նոր կյանք_գյուղատեղի | ||
110 | Ջրառատ_գյուղատեղի | ||
111 | Ջրառատ_գյուղատեղի_2 | ||
112 | Ջրառատ_գյուղատեղի_3 | ||
113 | Խարկով_գյուղատեղի | ||
114 | Բանդիվան_գյուղատեղի |
Հոդվածը գրվել է «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպված «Հոդվածների մրցույթ»-ի առաջին փուլի մասնակից Հերմինե Սարգսյանի կողմից:
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում