Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Կրթություն- աշխատաշուկա մասնագիտական համապատասխանության հիմնախնդիրները ՀՀ-ում․Նազելի Պողոսյան

Սույն հոդվածը նվիրված է բարձրագույն կրթության և աշխատաշուկայի միջև համապատասխանության հիմնախնդիրներին, ուսանողության զբաղվածությանը, աշխատաշուկայում առկա խնդիրներին և գործազրկության վրա ազդող գործոններին: Հոդվածում առանձնացվել և առավելապես որակական վերլուծության են ենթարկվել հետազոտության առարկայի շրջանակում գտնվող այն հրատապ հիմնախնդիրները, որոնք առկա են բարձրագույն կրթական համակարգում:

Բանալի բառեր. պետական կրթական քաղաքականություն, աշխատաշուկա, գործազրկություն, գործատու, աշխատուժ: 

21-րդ դարում առավել քան երբևէ պետության կայուն զարգացումն ու այդ գործընթացի առջև ծառացած խնդիրների հաղթահարումը պայմանավորված են տվյալ պետության կրթության ոլորտի առաջանցիկ զարգացմամբ և հասարակության կրթվածության մակարդակով: Կրթությունը դիտվում է որպես հասարակության կենսունակության ապահովման հիմնարար բաղադրիչ, իսկ պետության կրթական քաղաքականությունը՝ որպես ազգային անվտանգության ապահովման միասնական պետական քաղաքականության կարևորագույն տարր: ՀՀ զարգացման պետական քաղաքականության մեջ գերակայությունների շարքում կրթությունը շարունակում է մնալ որպես ազգային արժեք և երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացն ապահովող առանցքային գործոններից:

Կրթությունը անձի, հասարակության և պետության շահերից ելնող ուսուցման և դաստիարակության գործընթաց է, որը նպատակաուղղված է գիտելիքները պահպանելու ու սերունդներին փոխանցելու համար: Բոլոր ժամանակներում կրթությունը կարևոր տեղ ու դեր է ունեցել: Փոխվել են ժամանակները, ավելի է կատարելագործվել կրթական որակը, հետևաբար էլ ավելի է բարձրացել նրա դերը:

Մեր ժամանակներում անհնար է առանց կրթության պատկերացնել կյանքը:

Կրթությունը ունի հզոր դրական ազդեցություն հասարակության և առհասարակ մարդկության համար:

Կրթությունը դառնում է միջոց անցյալի և ապագայի միջև, հզոր կամուրջ, որի միջոցով փոխանցվում են անցյալի ստեղծած բարոյական, գիտական և գեղագիտական բարձր արժեքները և  հարուստ կենսափորձը: 

Կրթության միջոցով մարդը կատարելագործվում է և ձգտում կատարելության: Բոլոր ժամանակներում մեծ մտածողները մարդու գլխավոր հարստությունը համարել են կրթությունը:

Հաշվի առնելով գիտատեխնիկական տեղեկատվության աննախադեպ արագ աճը, առաջանում է անհրաժեշտություն սովորողների կողմից տեղեկատվության յուրացման, կուտակման և վերլուծության համար: Ուստի կրթությունը պետք է առաջին հերթին ապահովի գիտելիքի յուրացումը, ինչպես նաև յուրացված գիտելիքի վերլուծությունը և սովորողների կողմից պրակտիկայում դրանց կիրառումը: Խիստ կարևոր է սովորողի համար նաև ստեղծագործաբար մտածելու, ինֆորմացիայի մեջ ինքնուրույնաբար կողմնորոշվելու ունակությունները, որոնք առավել արդիական են դառնում կրթական համակարգում ժամանակակից տեխնոլոգիաների ներդման պայմաններում: Սակայն կրթական ոլորտի բարեփոխումների հետ մեկտեղ առկա են մի շարք հիմնախնդիրներ, որոնց հնարավոր լուծումները կբերեն բարձրագույն կրթական համակարգի որակի հետագա բարելավման: Այդ խնդիրների ի հայտ գալը և՛օբյեկտիվ են, և՛ սուբյեկտիվ:

Ակնհայտ է, որ առանց համակարգային հիմնախնդիրների հաղթահարման հնարավոր չէ ապահովել կրթական համակարգի մրցունակությունը՝ ինչպես ՀՀ-ում ինքնաիրացման հնարավորությունների ապահովման, այնպես էլ եվրոպական միջավայր ինտեգրվելու տեսանկյունից:

Ներկայումս ՀՀ-ում բարձրագույն կրթության ոլորտը կարգավորվում է «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներով:

«Կրթության մասին» ՀՀ օրենքով սահմանվում են կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, կրթության բնագավառում օրենսդրության խնդիրները, հիմնական հասկացությունները, կրթության բնագավառում պետական քաղաքականությունը, այդ քաղաքականության սկզբունքները: Օրենքը սահմանում է նաև կրթական իրավունքի պետական երաշխիքները, կրթության համակարգը, պետական կրթական չափորոշիչներին, կրթական ծրագրերին և կրթության բովանդակությանը ներկայացվող ընդհանուր պահանջները, ինչպես նաև կրթության գործընթացի կազմակերպման ձևերը և սկզբունքները: Օրենքով սահմանվում են նաև ուսումնական հաստատության՝ այդ թվում բարձրագույն ուսումնական հաստատություն, ընդունելությանը ներկայացվող ընդհանուր պահանջները և մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումը՝ մասնավորապես բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության և լրացուցիչ կրթության մասով: Օրենքով ամրագրված է նաև Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարությունը և ակադեմիական ազատությունները: Կրթության ոլորտի կառավարման տեսանկյունից կարևոր է օրենքի 36-րդ հոդվածը, որով սահմանվում են կրթության բնագավառում` Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը: Համաձայն գործող օրենքի Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

1) ապահովում է պետական կրթական քաղաքականության իրականացումը,

2) հաստատում է պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը,

3) սահմանում է որակավորումների ազգային շրջանակը և հաստատում է կրթության որակավորման աստիճանների ընդհանրական բնութագրերը,

4) հաստատում է ուսուցանվող մասնագիտությունների ցանկը,

5) հաստատում է հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական

կրթության պետական պատվերը,

6) հաստատում է պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները,

7) հաստատում է պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը,

8) սահմանում է լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման կարգը,

9) սահմանում է ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման կարգը,

10) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Օրենքի 37-րդ հոդվածով սահմանվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները: Համաձայն որի` Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը`

1) մշակում է կրթության զարգացման պետական ծրագիրը, պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը.

2) վերահսկողություն է իրականացնում կրթության զարգացման պետական ծրագրի և պետական կրթական չափորոշիչների կիրառման նկատմամբ.

3) ապահովում է օրինակելի հանրակրթական ծրագրերի, ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների մշակումը և հրատարակումը.

4) իրականացնում է ուսումնական հաստատությունների լիցենզավորումը.

5) մշակում է պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները.

6) հաստատում է ուսումնական հաստատությունների մանկավարժական և ղեկավար կադրերի որակավորման կարգը.

7) հաստատում է որակավորման բնութագրերը՝ ըստ մասնագիտությունների և կրթական աստիճանների.

8) ձևավորում է ուսումնական մասնագիտությունների ցանկերը.

9) մշակում է հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների պետական պատվերը.

10) հաստատում է պետական և հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կանոնները, վերահսկում է դրանց իրականացումը.

11) հաստատում է ուսումնական հաստատությունների սովորողների գիտելիքների փոխադրական և ամփոփիչ ստուգման կարգը.

12) սահմանված կարգով հաստատում է հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական խորհուրդների շնորհած պատվավոր կոչումները և տիտղոսները.

13) մշակում է կրթության բոլոր աստիճանների գծով պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը.

14) սահմանում է օտարերկրյա պետությունների կրթական փաստաթղթերի համարժեքության որոշման և ճանաչման կարգը.

15) ապահովում է պետական ուսումնական հաստատությունների զարգացման ծրագրերի ձևավորումը, իրականացումը և վերահսկումը.

16) համաձայնություն է տալիս մարզպետարանների և համայնքների կրթության վարչությունների (բաժինների) ղեկավարների և հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների նշանակման ու ազատման վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

17) համաձայնություն է տալիս պետական համապատասխան լիազորված մարմնի կողմից ուսումնական հաստատությունների  վերակազմակերպման և լուծարման վերաբերյալ.

18) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորություններ:

Կրթության մասին ՀՀ օրենքը սահմանում է նաև կրթական գործունեության լիցենզավորման և պետական հավատարմագրման հիմնական սկզբունքները և կրթական հաստատությունների՝ այդ թվում նաև բարձրագույն կրթական հաստատությունների ֆինանսավորման և դրանց սեփականության հետ կապված հարաբերությունները:

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներով սահմանվում են բարձրագույն կրթության ոլորտում կառավարման սկզբունքները: Մասնավորապես կառավարման գործառույթների շրջանակներում որպես բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական քաղաքականության սկզբունքներն նշվում են.

1) մարդու և քաղաքացու` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքի ապահովումը և պաշտպանությունը.

2) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մատչելիությունը.

3) կրթական գործընթացի անընդհատությունը, հաջորդայնությունը և շարունակականությունը.

4) մրցութայնությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը.

5) եվրոպական և օտարերկրյա այլ պետություններում Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական կրթության որակավորման աստիճանների համեմատելիությունը և դիպլոմների, դրանց ներդիրների ճանաչելիությունն ապահովելը.

6) ուսանողների միջազգային շարժունությանը նպաստելը.

7) բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական ազատությունները և ինքնավարությունը խթանելն ու զարգացնելը.

8) հայկական սփյուռքի համար, ինչպես նաև հայագիտության զարգացման նպատակով մասնագետների պատրաստումը և որակավորման բարձրացումը:

Օրենքով սահմանվում են նաև Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության հետևյալ խնդիրները.

1) բարձրագույն և հետբուհական կրթության որակի ապահովումը.

2)պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառներում, ինչպես նաև սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերում մասնագետների պատրաստմանն աջակցելը.

3) միջազգային գիտակրթական համագործակցության զարգացմանը և դրա ինտեգրմանը նպաստելը. 

4) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգի զարգացումը և մրցունակության բարձրացումը միջազգային ասպարեզում.

5) Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում ուսուցման որակի ներքին (ներբուհական) ու արտաքին գնահատման և հավատարմագրման միջազգային (եվրոպական) չափանիշների ներդրումը.

6) հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավահավասարության ապահովումը` անկախ սեփականության ձևից:

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառի կառավարման տեսանկյունից օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ իրավասությունները.

1) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ստեղծումը, վերակազմակերպումը և լուծարումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման կարգի հաստատումը.

3) բարձրագույն ուսումնական հաստատությունների և հետբուհական կրթություն իրականացնող կազմակերպությունների պետական հավատարմագրման կարգի հաստատումը.

4) կրթական ծրագրերի լիցենզավորման կարգի հաստատումը.

5) ըստ հիմնական կրթական ծրագրերի` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների, դրանց ուսուցման ձևերի և դրանց համապատասխան տրվող որակավորումների ցանկի հաստատումը.

6) հաստատում է դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրով ուսուցում իրականացվող մասնագիտությունների ցանկը.

7) բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդների ընդունելության կարգի և գիտելիքների գնահատման միասնական համակարգի հաստատումը.

8) բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների շարժունության կարգի սահմանումը.

9) ասպիրանտուրայի ընդունելության և ասպիրանտուրայում ուսուցման, դոկտորանտների և հայցորդների ձևակերպման կարգի հաստատումը.

10) ասպիրանտուրայի դիմորդների հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևի հաստատումը.

11) բարձրագույն և հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական կամ գիտական կազմակերպություններում ասպիրանտուրան պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և ավարտած մասնագետների աշխատանքի տեղավորման կարգի սահմանումը.

12) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների, դրանց ուսուցման ձևերի և դրանց համապատասխան տրվող որակավորումների ընդհանրական բնութագրերի և ցանկերի հաստատումը, փոփոխությունների և լրացումների կատարումը.

13) հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի) ձևերով ուսուցում չթույլատրվող մասնագիտությունների ցանկերի հաստատումը.

14) ֆինանսական միջոցների տրամադրման կարգի հաստատումը, ներառյալ` ուսման վարձը փոխհատուցելու, կրթաթոշակ սահմանելու, ուսումնական վարկ ստանալու, կրթական հիմնադրամներին ֆինանսավորելու կարգերը.

15) պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների գրանցումը, դրանցում լրացումների և փոփոխությունների կատարումը.

16) ուսման վարձի առավելագույն չափի սահմանումը` ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների:

Նշված օրենքների՝ հատկապես ՀՀ կառավարությանը և լիազորված պետական մարմնին վերապահված իրավասությունների պարզ վերլուծությունը վկայում է, որ կառավարման արդյունավետության, բարձրագույն կրթական հաստատությունների ինքնավարության տեսանկյունից առկա են մի շարք խնդիրներ և ներքին հակասություններ, որոնք առաջացնում են դժվարություններ ոլորտի համակարգման և արդյունավետ գործունեույթան ապահովման տեսանկյունից:

Կրթություն–աշխատաշուկա մասնագիտական համապատասխանության

Հիմնախնդիրների վերլուծություն

Կրթությունը մարդկության տնտեսական զարգացման և առաջընթացի հիմքն է: Այն մարդու ունակությունների բացահայտման բանալին է, որը նրան օգնում է մասնագիտություն ձեռք բերել և լիարժեք մասնակցություն ունենալ մշակութային և հասարակական կյանքին:

 Կրթության անհրաժեշտությունը և դրա որակի խնդիրը տարբեր կերպ են ընկալում ուսանողները և գործատուները: Եթե առաջինները կրթության որակը մեկնաբանում են որպես համապատասխանություն աշխատաշուկայի պահանջներին, ապա գործատուներն այն համարում են աշխատանքային պարտականությունների արդյունավետ կատարման երաշխիք: 

Աշխատաշուկան բավական հստակ ազդակներ է տալիս աշխատողների կարիք ունենալու մասին: Հենց այս ազդակներն են նպաստում կրթական համակարգի զարգացմանը: Աշխատաշուկայում բուհերի ուսանողների և շրջանավարտների մրցունակությունը ապահովելու համար անհրաժեշտ է զարգացնել կրթական համակարգը՝ ի նպաստ ուսանողների գործնական հմտությունների և իրավիճակային մտածողության ձևավորման: Ըստ նրանց տարիքային, մասնագիտական, կրթական և արժեհամակարգային առանձնահատկությունների՝ աշխատաշուկայում ընդգրկված երիտասարդներին կարելի է բաժանել երեք խմբի. 

առաջինում ներգավված են 14-18 տարեկանները, որոնք հիմնականում ավագ դպրոցների աշակերտներ են, վարժարանների և համալսարանների ուսանողներ: Այս տարիքում ձևավորվում են արժեքային համակարգը, աշխարհայացքը, հասարակության մեջ դրսևորվելու վարքի կանոնները, նոր իրավիճակներում հարմարվելու հմտությունները և այլն, 

երկրորդում 18-24 տարեկան երիտասարդներն են, որոնք ավարտում են կամ արդեն ավարտել են ուսումնական հաստատությունները, ինչպես նաև անցել զինվորական պարտադիր ծառայություն: Այս խումբը, ինչպես առաջինը, խոցելի են աշխատաշուկայում, քանի որ չունեն բավարար մասնագիտական հմտություններ, աշխատանքային և սոցիալական փորձ, հետևաբար, թույլ է նրանց մրցունակության մակարդակը, 

երրորդ՝ 25-30 տարիքային խմբում ընդգրկվածները հիմնականում կողմնորոշվում են իրենց մասնագիտության ոլորտում և ունեն որոշակի աշխատանքային փորձ:

Ժամանակակից պայմաններում առաջանում են նոր պահանջներ և միտումներ՝ կապված աշխատատեղերի կառուցվածքի և բովանդակության հետ: Նոր մարտահրավերներին արձագանքել և համապատասխանել ցանկացող գործատուն ձգտում է ապահովել վարձու աշխատանքի կազմակերպման ճկունություն՝ աշխատանքային գրաֆիկի, աշխատատեղերի փոխատեղման (ռոտացիայի), հարմարվողականության բարձրացման, աշխատանքային գործողությունների և հմտություն-ների բազմազանության ապահովման միջոցով:

Եթե արդյունաբերական կապիտալիզմի ժամանակաշրջանում աշխատողից պահանջվում էր միայն յուրացնել գիտելիքների և հմտությունների որոշակի համալիր, որն արդիական կլիներ ողջ կյանքի համար, ապա ներկայումս՝ գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում, աշխատողը պետք է մշտապես ձեռք բերի նոր հմտություններ: 

Ինչպես նշում է սոցիալական պատմաբան Հ. Պերկինը, «Տեղի է ունենում երրորդ մասնագիտական հեղափոխություն», երբ բարձր մրցակցության պայմաններում առաջին պլան են գալիս «ազատ մասնագիտացում» և բարձր որակավորում ունեցող աշխատողները: Այս մասնագետներին Պերկինն անվանում է «տրանսպրոֆեսիոնալներ», որոնք պետք է կարողանան իրենց մտածողության և մասնագիտական գործունեությունը կազմակերպելու միջոցով աշխատել տարբեր միջավայրերում: Նրանց համար կարևոր չէ կազմակերպական կառուցվածքում իրենց ունեցած դիրքը: Նրանց բնորոշ են ստեղծագործական խնդիրների լուծման համար զանազան մեթոդների կիրառումը, հրաժարումը ձևական չափանիշներից, ստեղծագործական մտածողությունը, հիմնախնդրի նկատմամբ իրավիճակային մոտեցումը և այլն:

Տրանսպրոֆեսիոնալների սոցիալական և մասնագիտական միավորման գերակշռող ձևը ցանցերն են: Դինամիկ զարգացող տեղեկատվական ենթակառուցվածքի շնորհիվ ցանցերը վերածվում են որոշակի նախագծեր կյանքի կոչելու արդյունավետ միջոցի: Տրանսպրոֆեսիոնալ կապերի ձևավորման և զարգացման հետ առաջին պլան են մղվում այնպիսի երևույթներ, ինչպիսիք են մասնագիտական հարմարումը, սոցիալականացումը և վերապատրաստումը:

Սոցիալ-տնտեսական տարածության գլոբալացումը, նորարարական տեխնոլոգիաների գործուն ներդրումը, տեղեկատվական ռեսուրսի դերակատարության մեծացումը, ազգային և համաշխարհային շուկաներում մրցակցության մակարդակի աճը գործոններ են, որոնք մարդկանց դրդում են աշխատաշուկայում իրենց ուրույն տեղը զբաղեցնելու համար մրցակցային առավելություններ ձեռք բերել: Ահա այսպիսի պայմաններում էլ գործատուն ավելի բարձր պահանջներ է ներկայացնում «մարդկային կապիտալին»: 

Ժամանակակից աշխատողը պետք է ունենա, այսպես ասած, «նախագծային մտածողություն», որի հիմքում ընկած են ոչ թե աշխատանքի կայունությունը և անփոփոխությունը, այլ որոշակի նախագծերի նկատմամբ հետաքրքրությունը և գործընկեր մասնագետների շրջանում վստահության ու հարգանքի ձեռքբերումը: Նախագծային մտածողություն ունեցող աշխատողը պետք է կարողանա հեշտությամբ մի նախագծից անցում կատարել մյուսին: Աշխատանքի նախագծային ձևը և իրավիճակային մոտեցումը հանգեցնում են կորպորատիվ չեզոքության մակարդակի և «սոցիալական կապիտալի» նվազեցմանը, դրա պակասը հաճախ լրացնում են մասնագիտական ցանցերը:

Պետք է նշել, որ բուհական կրթությունը երիտասարդության մասնագիտական պատրաստման միայն մի փուլ է: Կրթական համակարգի զարգացման միջոցով անհրաժեշտ է ապահովել աշխատաշուկայում բուհերի շրջանավարտների մրցունակությունը, իսկ մասնագիտական կրթության հիմքը պետք է դառնա ուսանողների՝ մշտապես զարգանալու և կատարելագործվելու ձգտումը: Ընդհանրապես, շրջանավարտների մրցունակության խնդիրը կապված է կրթության գործընթացից բուն աշխատանքային գործունեության անցնելուն, և այս ամենը տեղի է ունենում աշխատանքային ազատ շուկայի պայմաններում, որն ունի իր օրենքները և դիպլոմավոր մասնագետների նկատմամբ իր պահանջները: Աշխատանքային շուկայի՝ «պահանջարկը պայմանավորում է առաջարկը» սկզբունքը արտահայտություն է գտնում կրթական ծառայությունների ոլորտում և արտացոլվում է գործատուների կողմից բուհերի շրջանավարտների նկատմամբ անընդհատ աճող պահանջների մեջ: Այսինքն` «առաջարկը պետք է համապատասխանի պահանջարկին», բուհերը պետք է ունակ լինեն պատրաստելու աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող մրցունակ մասնագետներ: Այդպիսով, երիտասարդ մասնագետների աշխատանքային փորձի պակասը աշխատաշուկա մտնելու լուրջ արգելք է, որը պայմանավորված է մասնագիտական կարողությունների բացակայությամբ և տեսական գիտելիքները գործնական հմտությունների վերածելու անկարողությամբ: Այս խնդիրը կրթական հաստատությունների թերացման արդյունք է, ուստի և վերջիններս պետք է մեծ ուշադրություն դարձնեն արտադրական պրակտիկաների պատշաճ կազմակերպմանը:

Բացի այդ, տեխնոլոգիաների զարգացմանը զուգնթաց մեծանում են կադրերի նկատմամբ ցուցաբերվող ոչ միայն մասնագիտական, այլև հոգեբանական, սոցիալական և անհատական պատրաստվածության պահանջները: Որքան ավելի հստակ սահմանվեն շրջանավարտների՝ աշխատանքի տեղավորման չափորոշիչները, նրանք այնքան ավելի պահանջված կլինեն: Այսպիսով, մի շարք խոչընդոտներ խանգարում են դիպլոմավոր մասնագետներին՝ իրենց տեղը գտնելու աշխատաշուկայում: Դրանք են` 

  • աշխատաշուկայի և կրթական ծառայությունների շուկաների փոխադարձ կապն ապահովող կառուցակարգերի բացակայությունը, 
  • կրթական հաստատությունների՝ իրենց շրջանավարտների աշխատանքի տեղավորման հարցում հետաքրքրվածության բացակայությունը, 
  • ընկերությունների կադրային քաղաքականությունը՝ կողմնորոշված միայն դեպի ընթացիկ արդյունքները, բայց ոչ երբեք հեռանկարային նպատակները, 
  • աշխատաշուկայում ինքնորոշման և կողմնորոշման, ինչպես նաև գործատուի հետ կառուցողական երկխոսության մեջ մտնելու՝ շրջանավարտների մեծ մասի անկարողությունը: 

Այդուհանդերձ, նմանատիպ խնդիրներից կարելի է խուսափել՝ ձեռնարկելով հետևյալ միջոցառումները. 

  • երիտասարդ սերնդի մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացում, ինչին կարող են աջակցել ինչպես վերջիններիս ընտանիքի անդամները, այնպես էլ ուսուցիչները, բուհերի դասախոսները, զբաղվածության գործակալությունները, կենտրոնները և այլն, 
  • ուսանողների սոցիալ-հոգեբանական և մասնագիտական հարմարման համակարգերի ներդրում. այսինքն, անհրաժեշտ է դեռևս դպրոցում օգնել երեխաներին՝ հասկանալու և ճիշտ գնահատելու իրենց հնարավորություններն այս կամ այն մասնագիտության ձեռքբերման առումով, իսկ մասնագիտացված կրթական հաստատությունները պետք է աջակցեն ուսանողների սոցիալմասնագիտական հարմարմանը՝ կողմնորոշվելու աշխատաշուկայի իրական պահանջների նկատմամբ,
  •  աշխատաշուկայի և կրթական ծառայությունների շուկայի մշտադիտարըկման համակարգի ձևավորում, որը թույլ կտա վերհանել գործատու (պահանջարկ)-դիպլոմավոր մասնագետ (առաջարկ) անհամապատասխանություները,
  • դիպլոմավոր մասնագետների աշխատանքի տեղավորմանն առնչվող խնդիրների մանրամասն ուսումնասիրություն՝ հաշվի առնելով նրանց շահերն ու պահանջմունքները:

Դիտարկելով երիտասարդ մասնագետների նկատմամբ աշխատաշուկայի ներկայացրած պահանջները՝ ակնհայտ է դառնում, որ կրթական համակարգը բավական հետ է մնում գործատուների պահանջներից: Թերևս դա է պատճառը, որ կրթական համակարգի հրատապ խնդիրներից են երիտասարդ մասնագետներ պատրաստելը և վերջիններիս՝ աշխատաշուկայի նոր պայմաններին ծանոթացնելը, մասնագիտական հարմարեցմանն աջակցելը: Սակայն հնարավոր չէ լուծել աշխատաշուկա-կրթական ծառայություների շուկա արդյունավետ փոխգործակցության ապահովման խնդիրը՝ առանց հաշվի առնելու կրթական ծառայությունները, սպառողի նպատակները, խնդիրները, շահերը, պահանջմունքները:

Բարձրագույն կրթության և աշխատաշուկայի միջև համապատասխանության պակասը լուրջ մտահոգության պատճառ է Հայաստանում: ՀՀ-ի աշխատաշուկան, ինչպես անցումային տնտեսություն ունեցող մյուս երկրներում, գտնվում է հասարակության և տնտեսության մեջ արմատական փոփոխություններ առաջացրած համակարգային և կառուցվածքային մի շարք գործոնների ազդեցության ներքո: Վերջին 25 տարիներին ՀՀ-ում աշխատաշուկայի զարգացումները բնութագրվում են մի շարք օրինաչափություններով.

  • Աշխատուժի առաջարկը կրել է ժողովրդագրական մի շարք գործոնների ազդեցությունը: Հայաստանը համարվում է ծերացող, նույնիսկ աշխարհի արագ ծերացող երկրներից մեկը: 
  • Բնակչության տարիքային կազմը փոփոխվել է հօգուտ ծերացման: Ավելացել է բնակչության կյանքի տևողությունը, իսկ ծնելիությունը՝ նվազել, որի հետևանքով մեծանում է աշխատունակ տարիքում գտնվող բնակչության, տվյալ դեպքում` ուսանողության տնտեսական ծանրաբեռնվածությունը: Այն արտահայտվում է տարբեր ցուցանիշներով. 
  • Ըստ պաշտոնական վիճակագրության՝ շարունակվում է տնտեսապես գործուն բնակչության նվազումը: Տնտեսական ակտիվության անկումը և զբաղված բնակչության թվի նվազումը վերջին տարիներին ցայտուն է դրսևորվել մանավանդ կանանց շրջանում:
  • Բավական ցածր է աշխատունակության տարիքում գտնվող բնակչության զբաղվածության մակարդակը՝ մասամբ պայմանավորված նրանով, որ անցումային բարեփոխումների նախաշեմին Հայաստանում աշխատաշուկայի իրավիճակը անբարենպաստ էր, իսկ հետագա բարեփոխումները բացասական ազդեցություն ունեցան դրա վրա: 
  •  Անցյալ տասնամյակում տնտեսական աճի բարձր տեմպերը չեն զուգորդվել զբաղվածության աճով: Ինչպես անցումային շատ երկրներում, Հայաստանում նույնպես արձանագրվել է «աշխատատեղեր չապահովող աճ», անգամ «աշխատատեղերի կորստով զուգորդված աճ»: 
  • Տնտեսության գլխավոր ճյուղերում, հատկապես արդյունաբերության և շինարարության մեջ տեղի են ունեցել զբաղվածության կառուցվածքի էական փոփոխություններ: Զբաղվածների թվի ամենամեծ կրճատումը դիտարկվել է գիտության մեջ: Ծառայությունների ոլորտում զբաղվածների հարաբերակցությունը մնացել է համեմատաբար կայուն, սակայն այստեղ ևս գրանցվել է զբաղվածների թվի նվազում, շարունակվում է զբաղվածության տեղաշարժը պետականից դեպի մասնավոր ոլորտ:
  • Ուսանողության զբաղվածության մակարդակի վերլուծությունը կարևորվում է հասարակական հարաբերությունների համակարգում նրանց հատուկ դերով և կարգավիճակով: Տնտեսագետների և սոցիոլոգների մի շարք հետազոտույուններ ցույց են տվել, որ աշխատաշուկայում տնտեսապես պաշտպանված չեն 18-24 տարեկան երիտասարդները: Այս խմբի ուսանողությունը յուրահատուկ սոցիալական կատեգորիա է, որը չունի ավարտուն սոցիալականացում, աշխատանքային փորձ, երբեմն նաև՝ աշխատաշուկայում իր ուրույն տեղը:

Հասարակական կառուցվածքը և կրթվածության մակարդակ-գործազրկություն համադրությունն ուսումնասիրելիս նկատվում է, որ գործազուրկների թվում մեծ տեսակարար կշիռ են կազմում բարձրագույն կրթություն ունեցողները: 

Սա կարող է պայմանավորված լինել մի շարք հանգամանքներով. 

  • Կրթական ծառայությունների շուկան էականորեն հետ է մնում աշխատաշուկայի պահանջներից, 
  • Խորանում է աշխատուժի մասնագիտական կարգավիճակի և գործատուի պահանջարկի միջև անհամապատասխանությունը,
  • Գործատուի կողմից առաջարկվող ցածր վարձատրությունը,
  • Գործատուի բարձր պահանջները՝ կապված մասնագետների փորձի և որակավորման մակարդակի հետ:

Նոր տնտեսության արժեքներով կողմնորոշվող երիտասարդությունը ձեռք է բերել ձգտում դեպի այն մասնագիտությունները, որոնք կարող են կարճ ժամանակում ապահովել ֆինանսական ինքնուրույնություն և նյութական անկախություն, առաջխաղացում և կարիերային աճ: Վերջին 10-15 տարվա ընթացքում արմատացած այս կողմնորոշումներին մեծապես համապատասանում են տնտեսության առանձին ճյուղերում, ձեռնարկություններում, հատվածերում երիտասարդների կողմից որոնվող և պահանջվող հնարավոություները: Հայաստանը փոփոխությունների հետևանքով նախկին արդյունաբերական մակարդակից նահանջեց նախաարդյունաբերական մակարդակին: Արդյունաբերական այլ չափանիշներով առաջընթաց քայլ է կատարվել՝ ընդլայնվել է ծառայությունների ոլորտը, ներմուծվել ու զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները, մեծանում է բնակչության կրթամակարդակը, հատկապես երիտասարդ սերնդի շրջանում, մտավոր աշխատանքը տնտեսության որոշ ոլորտներում սկսել է հարաբերաբար վարձատրվել: Զբաղվածության մակարդակի աճը ապագայում պայմանավորված է լինելու հիմնականում գործազրկության մակարդակի կրճատմամբ, թեև ակնկալվում է նաև տնտեսական ակտիվության ցուցանիշի ոչ բացասական դինամիկա:

 1. Տնտեսական ակտիվության կամ աշխատուժի մասնակցության ցուցանիշը արտացոլում է զբաղվածության մակարդակում տեղի ունեցող պարբերական փոփոխությունները: Վերջին 10 տարիների ընթացքում զբաղվածության և աշխատուժի մասնակցության մակարդակի պարբերական տատանումները խիստ փոխկապակցված են, ինչը վկայում է պասիվից ակտիվ կարգավիճակի անցնելու ՀՀ աշխատուժի կարողության մասին: 

2. Մասնակցության և զբաղվածության մակարդակներ պայմանավորող մեկ այլ բացարձակ ցուցանիշ` 16 տարեկանից բարձր բնակչության թիվը էական փոփոխության չի ենթարկվելու: 

3. Զբաղվածության ճյուղային կառուցվածքի տեսանկյունից ակնկալվում են նկատելի փոփոխություններ: Ենթադրվում է, որ ժամանակի ընթացքում պետք է նվազի գյուղատնտեսությունում զբաղվածների տեսակարար կշիռը՝ հօգուտ արդյունաբերությունում և շինարարությունում աշխատողների, թեև իրակաությունն այս առումով քիչ հույսեր է ներշնչում:

4. Բնակչության եկամուտների աղբյուրների մասով նշանակալի փոփոխություններ չեն սպասվում: Վարձու աշխատանքից ստացված եկամուտների տեսակարար կշիռը ընդհանուր եկամուտների մեջ վերջին 12-13 տարիների ընթացքում ավելացել է գրեթե 1.8 անգամ` 2012 թ. հասնելով շուրջ 54% ի: Մինչև 2017 թ. այս ցուցանիշը կհասնի 55%-ի, իսկ 2021 թ., ըստ կանխատսումների, կկազմի 58%: 

5. Աշխատաշուկայի վերաբերյալ գործուն քաղաքականություն մշակելիս ապագայում պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել երիտասարդության շրջանում գործազրկության հիմնախնդիրներին, մասնավոապես մանրամասն վերլուծել բարձր գործազրկության պատճառները: Նման ուսումնասիրության շնորհիվ հնարավոր կլինի մշակել ուսումից դեպի աշխատանքն անցումն ապահովող պրակտիկաները կամ կրթության ֆինանսավորման այնպիսի մեխանիզմներ, որոնք ենթադրում են սահմանված տևողությամբ հանրային աշխատանքի իրականացում կրթաթոշակ ստացողի կողմից: Ընդհանուր առմամբ, աշխատաշուկայի ակտիվ քաղաքականության իրագործման արդյունավետությունը կգնահատվի նաև երիտասարդների գործազրկության և գործազրկության միջին մակարդակի միջև եղած տարբերության կրճատման տեսանկյունից: 

Այսպիսով, ուսանողների հիմնախնդիրները պետք է մշտապես գտնվեն պետության ուշադրության կենտրոնում, որը պետք է մշակի և իրականացնի պետական երիտասարդական քաղաքականություն՝ որպես պետության ընդհանուր քաղաքականության կարևորագույն ռազմավարական ուղղություն, նպաստի ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդ ուսանողի անձի ձևավորմանը` ապահովելով նրա իրավունքները և քաջալերելով նախաձեռնություններն ու հետաքրքրությունները:

Գրականության ցանկ

1.ԱՊՀ վիճակագրություն, 1994 թ. և ՀՀ ԱՎԾ-ի տվյալներ, 2006 թ.: ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիր 77-78 էջ:

2.«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք, 14 դեկ., 2004թ., Հոդված 4:

3.«Կրթության մասին» ՀՀ օրենք, 14 ապրիլի 1999 թ., հոդված 36:

4.«Կրթության մասին» ՀՀ օրենք, 14 ապրիլի 1999 թ., հոդված 37:

5.Հայաստանի Հանրապետության 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիր, էջ 74-75:

6.Մելքումյան Ա.,Աշխատանքի շուկա և զբաղվածություն.արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում և ԱՊՀ այլ երկրներում, Ե., 1999:

7.Պողոսյան Գ. Ա., Հայ հասարակությունը XXI դարասկզբին, Ե., 2006, էջ 344:

8.Авраамова Е. М., Верпаховская Ю. Б. Работодатели и выпускники вузов на рынке труда: взаимные ожидания(Социологическиеисследования,2006,№4,с.37-46) http://demoscope.ru/weekly/2007/0291/analit01.php.

9.Лаврентьев Г. В., Лаврентьева Н. Б., Неудахина Н. А.  Инновационные обучающие технологии в профессиональной подготовке специалистов.10.Николаева П. П. Молодежь в социальном пространстве России, М., 2008, с. 109.

Հոդվածը գրվել է «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպված «Հոդվածների մրցույթ»-ի առաջին փուլի մասնակից Նազելի Պողոսյանի կողմից:

Spread the love