Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

ՏԻՄ-ը և Համայնքը | Տեղեկատվական հոդված

ՆԱԽԱԲԱՆ

«Հանրային կառավարում» հասկացությունը` որպես գիտական հասկացություն, տարբեր կերպ է մեկնաբանվում: Երբեմն հանրային կառավարումը նույնացվում է պետական կառավարման հետ: Նեղ իմաստով հանրային կառավարումը կարելի է ներկայացնել որպես պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ամբողջական միասնություն, սակայն լայն իմաստով՝ հանրային կառավարման ամենաարդիական և ընդունելի մեկնաբանությունը այն որպես պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի ու զանգվածային լրատվության միջոցների ամբողջություն ներկայացնելն է :

Հանրային կառավարման գերակա դերակատար է համարվում պետությունը, որը մշակում է հանրային քաղաքականությունը և ապահովում համակարգի բնականոն զարգացումն ու արդիականացումը: Պետական կառավարման խնդիրը համազգային մակարդակում հանրության շահերի ներկայացումն է, ներառյալ մասնավոր շահերի պաշտպանության երաշխավորումը։ Տեղական ինքնակառավարման առանցքում նույնպես հանրային շահերի ներկայացումն է, սակայն՝ տեղային-լոկալ մակարդակում։ Ուստի շատ կարևոր է հստակ պատկերացնել «տեղական ինքնակառավարում» բաղադրիչի տեղն ու դերը հանրային կառավարման համակարգի մեջ;

Տեղական ինքնակառավարում

Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է համայնքի բնակիչների շահերից ելնելով,  և ըստ սահմանադրության լուծելու համայնքի հանրային հարցերը: Այն իրականացվում է ՀՀ-ի ողջ տարածքում, բացի Սևանա լճի ավազանից:

Տեղական ինքնակառավարման գոյությունն ինքնին դժվար է պատկերացնել առանց տեղական իշխանությունների։ Տարածքը, տեղի բնակչությունը և տեղական իշխանությունների առկայությունն են ամբողջացնում համայնքը՝ որպես տեղական ինքնակառավարման միավորի։ Ուստի, առանց տեղական իշխանությունների ձևավորման, անհնար է պատկերացնել լիարժեք տեղական ինքնակառավարման իրականացումը։ Տարբեր երկրներում տեղական ինքնակառավարման զարգացումը իր ուրույն ճանապարհն է ընտրել, սակայն տեղական իշխանությունների և դրանց ձևավորման իմաստով կան նաև շատ ընդհանուր գծեր: Ավելի վաղ, դեռևս հին ժամանակներում համայնքներում գործել են տարիքով ավագների կամ հեղինակավոր անձանց ժողովներ/խորհուրդներ, որոնք իրենց ծանրակշիռ դերն են ունեցել համայնքում հասարակական հարաբերությունների կարգավորման և ծագած վեճերի լուծման հարցերում։ Այս ժողովները/խորհուրդները շատ դեպքերում դիտարկվել են որպես համայնքային կյանքին վերաբերող  կարևորագույն որոշումների ընդունման հարթակ և որոշ դեպքերում էլ զսպող կամ հակակշռի դեր են կատարել համայնքի ղեկավարի նկատմամբ։ Ավագների խորհուրդը կամ ավագանին մշտապես իր ուրույն տեղն է ունեցել համայնքի կառավարման մեջ և հասարակական կյանքում։ Այն, որպես տեղական իշխանության տեսակ, առավել ամրապնդվեց 18–19-րդ դարերից սկսած, երբ ավագանու ինստիտուտը առավել ինստիտուցիոնալիզացվեց։ Նշված ժամանակաշրջանում Եվրոպայում մեծ թափ առավ երկրների սահմանադրությունների ընդունումը, որոնցով էլ ամրապնդվում էր ընտրովի ավագանու՝ որպես տեղական ինքնակառավարման մարմնի, տեղն ու դերը տվյալ երկրի հանրային կառավարման համակարգում։ Հատկանշական է, որ տեղական ինքնակառավարման զարգացման պատմության ընթացքում ավագանու ինստիտուտի դերը մշտապես ավելի է կարևորվել, քան համայնքի ղեկավարի (համայնքապետի, քաղաքապետի, գյուղապետի և այլն): Պատճառը թերևս այն է, որ ավագանու անդամները մշտապես ընտրված են եղել համայնքի բնակիչների կողմից, այնինչ համայնքի ղեկավարը որոշ դեպքերում ոչ թե ուղղակիորեն ընտրված է եղել բնակիչների կողմից, այլ հենց նույն ավագանու կողմից կամ նշանակվել է պետական կառավարման մարմինների կողմից։ Ընդ որում, համայնքի ավագանին մշտապես դիտվել է որպես օրենսդիր/ներկայացուցչական գործառույթներ ունեցող մարմին, իսկ համայնքի ղեկավարին վերապահվել է գործադիրի գործառույթներ։

ՏԻՄ-ը և Համայնքը

Համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակիչների հանրություն է։  Համայնքը հանրային իրավունքի իրավաբանական անձ է։ Համայնքը կառավարվում է տեղական ինքնակառավարման մարմինների շնորհիբ: Տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով: Ընտրական օրենսգրքով կարող է սահմանվել համայնքի ղեկավարի ուղղակի կամ անուղղակի ընտրություն: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կարգը սահմանվում է Ընտրական օրենսգրքով: 

Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները լինում են սեփական՝ համայնքի պարտադիր և կամավոր խնդիրների լուծման նպատակով, ինչպես նաև պետության կողմից պատվիրակված։ Համայնքի պարտադիր խնդիրները սահմանվում են օրենքով, իսկ կամավոր խնդիրները՝ համայնքի ավագանու որոշումներով։ Պետական մարմինների լիազորությունների առավել արդյունավետ իրականացման նպատակով դրանք օրենքով կարող են պատվիրակվել տեղական ինքնակառավարման մարմիններին։  Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, որոնք ենթակա են կատարման համայնքի տարածքում: Համայնքի ղեկավարը կատարում է համայնքի ավագանու որոշումները, իրականացնում է համայնքի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը։ Համայնքի ղեկավարը պատասխանատու է համայնքի ավագանու առջև:  

Համայնքի բնակիչները կարող են անմիջականորեն մասնակցել համայնքի գործերի կառավարմանը՝ համայնքային նշանակության հանրային հարցերը տեղական հանրաքվեով լուծելու միջոցով։ 

Համայնքի սեփականությունը 

Համայնքն ունի հողի, ինչպես նաև այլ գույքի նկատմամբ սեփականության իրավունք։ Համայնքի տարածքում գտնվող հողը, բացառությամբ պետությանը, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող հողերի, համայնքի սեփականությունն է։ Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի սեփականությունը:  Համայնքն ունի իր բյուջեն, որը համայնքի ղեկավարի ներկայացմամբ ընդունում է համայնքի ավագանին։  Համայնքի ավագանին օրենքով սահմանված դրույքաչափերի շրջանակներում սահմանում է տեղական հարկեր և տուրքեր։ Համայնքի ավագանին կարող է համայնքի մատուցած ծառայությունների համար սահմանել համայնքի բյուջե մուտքագրվող վճարներ։ 

Համայնքի ֆինանսավորումը 

 Համայնքի պարտադիր խնդիրների լուծման նպատակով օրենքով սահմանվում են հարկային և ոչ հարկային այնպիսի աղբյուրներ, որոնք անհրաժեշտ են այդ խնդիրների իրականացումն ապահովելու համար։ Համայնքներին պետության կողմից պատվիրակված լիազորությունները ենթակա են պետական բյուջեից պարտադիր ֆինանսավորման։  Պետությունն իր հնարավորությունների շրջանակներում միջոցներ է հատկացնում համայնքների համաչափ զարգացումն ապահովելու համար:

Ավագանու և համայնքապետի ընտրություն

Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների արտահերթ ընտրություններ նշանակում է կառավարությունը` համապատասխան ավագանու արձակվելուց հետո` երկշաբաթյա ժամկետում:

Համայնքի ավագանին ներկայացուցչական մարմին է, որը 5 տարի ժամկետով է ընտրվում: Ավագանու նիստերը անցկացվում են ամիսը 1 անգամ:

Նիստերը դռնբաց են քաղաքացիների համար, եթե չկա ավագանու հատուկ որոշում: Ավագանիների քանակը կախված է համայնքի բնակչության թվից և ընտրողների քանակից, կարող է լինել 5-33 անդամ:

Ավագանին չի վարձատրվում:

Համայնքի ղեկավարը գործադիր մարմինն ընտրում է 5 տարի ժամկետով:

Համայնքի վարչական ղեկավարը, նշանակվում է համայնքի ղեկավարի կողմից՝ յուրաքանչյուր բնակավայրում, հետևում է համայնքի խնդիրներին և դրանք ներկայացնում է համայնքի ղեկավարին: Նա մասնակցում է ավագանու նիստերին՝ ներկայացնելով՝ բնակավայրի խնդիրները և ներկայացնում իր հարցերն ու առաջարկությունները:

ՏԻՄ մարմինների թեկնածուներ կարող են լինել 18 տարին լրացած քաղաքացիները, կրթությունը նշանակություն չունի:

Հոդվածը պատրաստվել է «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպված «Ժողովրդավարության դպրոց»-ի շրջանակներում։

Spread the love