ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 316 կողմ, 113 դեմ ձայներով հաստատել է 2022 թվականի 768 մլրդ դոլարի պաշտպանության բյուջեն, որը ներառում է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ, հաղորդում է Interfax-ը:
768 մլրդ դոլարից 740 միլիարդը տրամադրվում է անմիջապես Պենտագոնի կարիքներին, 28 միլիարդը` էներգետիկայի նախարարությանը:
Օրենսդիրներն օրինագծում ներառել են փոփոխություններ՝ կապված «Հյուսիսային հոսք-2» գազատարի, ինչպես նաև ռուսաստանցի մի խումբ ներկայացուցիչների դեմ նոր պատժամիջոցների հետ:
«Մարդու իրավունքները խախտելու» համար մեղադրվող ռուսաստանցիների ցուցակում են Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, Russia Today հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և մի շարք այլ անձինք:
Սենատը պատրաստում է պաշտպանության բյուջեի սեփական տարբերակը: Երկու պալատների օրինագծերը պետք է միավորեն, ապա ներկայացնեն նախագահի ստորագրմանը:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ռուսաստանի ներկայացուցիչների դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկն անվանել է «Կապիտոլիումի բլուրում էնտուզիաստների հակառուսական կողմնորոշման վարժանք»: «Միայն ռուսական իրողությունների մասին բացարձակ պատկերացում չունեցողները կարող են կազմել այնպիսի մարդկանց ցուցակ, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչություն չունեն տվյալ թեմայի հետ»,- ասել է Զախարովան:
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
More Stories
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
ՀԱՊԿ | «Ձևական կազմակերպություն»
5 կենդանիներ, որոնք կարող են զգալ այն, ինչ մարդիկ չեն կարող