Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Բարձրագույն կրթության հիմնախնդիրները ՀՀ-ում

Կրթությունը, առավել ևս բարձրագույն կրթությունը, յուրաքանչյուր երկրի զարգացման ու կայացման
կարևորագույն հիմքերից  մեկն է։ Այդ պատճառով կրթության որակի բարձրացումը ոլորտի
պատասխանատուների ուշադրության կենտրոնում է։ Գաղտնիք չէ, որ ՀՀ կրթության ոլորտում մշտապես
եղել են և կան բազմաթիվ խնդիրներ, որոնք, ցավոք, ունեն խոր արմատներ ու օրեցօր թվում են ավելի
անհաղթահարելի։ Հարց է ծագում, թե ինչու՞ այս նշանակալի ոլորտում կան այդչափ մեծ խնդիրներ,
որտեղի՞ց են ծագում դրանք ու արդյոք մեր՝ երիտասարդներիս սերունդը ևս չի կարողանա խելամիտ
լուծումներ գտնել։ Այս հարցերին պատասխանելու համար փորձեմ համառոտ ներկայացնել ինձ ու
հասակակիցներիս համար հիմնախնդիր հանդիսացող կետերը, որոնք ներկայումս առկա են գրեթե բոլոր
բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Թերևս ամենակարևոր և ամենառանցքային խնդիրներից մեկը ակադեմիական անազնվության
դրսևորումներն են, որոնք արտահայտվում են սկսած ընդունելության քննություններից մինչև
ուսանողական կյանքի ավարտ։ Բազմիցս լսել եմ ընկերներիցս և նաև ականատես եմ եղել նմանատիպ
դեպքերի, երբ դասախոսն ինքը օգնում է ուսանողներին քննությունների ընթացքում։ Ինչու՞ է դա արվում։
Գուցե ընկեր-բարեկամական հարաբերություններից ելնելով, գուցե գումարի դիմաց, գուցե սեփական
անունն ու պատիվը <<չգցելու>> համար։ Ամեն դեպքում, այս խնդիրը հանգեցնում է նրան, որ մեկ այլ
ուսանող, որը ուներ մեծ ցանկություն ու մոտիվացիա կրթվելու և դառնալու իր երազած մասնագետը,
պարզապես հիասթափվում է համակարգից, ու երկիրը կորցնում է լավ ուսանողի, որը գուցե կգերադասի իր
ուժերը ներդնել այլ երկրի զարգացման համար։ Իսկ մյուս ուսանողը, որը հեշտությամբ ստանում է բարձր
գնահատականներ և ավարտում է համալսարանը, ասենք թե կարմիր դիպլոմով, իրականում միջինից ցածր
մասնագետ է լինելու, և նույնիսկ խանգարելու է երկրի առաջխաղացմանը։ Արտագրությունների և
հետազոտական աշխատանքն այլոց պատվիրելու լայն հնարավորությունը, տարբեր բնույթի
համաձայնությունները, դասավանդողների կողմից սուբյեկտիվության և ոչ պատշաճ վարքագծի
դրսևորումները, ի վերջո, հանգեցնում են հասարակության կողմից կրթության կարևորման աստիճանի ու
որակի անկման:
Առաջին խնդիրը ծագում է մի շարք այլ հանգամանքներից։ Օրինակ այն, որ բուհերի բյուջեների մեծ մասը
համալրվում է ուսման վարձերի շնորհիվ և շատ ավելի քիչ մասը պետության ֆինանսավորումով, ինչը
հանգեցնում է նրան, որ բուհը զրկվում է ցածր առաջադիմությամբ և վատ վարքագծով ուսանողներին
հեռացնելու դրդապատճառներից։ Այդպիսի ուսանողներից ազատվելը և մնացածին խրատ տալը կարող է
բուհի սննկացման պատճառ դառնալ։ : Համեմատության համար նշեմ, որ ամերիկյան և եվրոպական բուհերի
բյուջեների ընդամենը 17-30%-ն է ձևավորվում ուսման վարձից, մինչդեռ հայկական բուհերում՝ 60-
90%-ը: Որակյալ կրթական համակարգ ունեցող երկրներում բուհերի ֆինանսավորման աղբյուրները
բազմազան են. ներառում են նաև մասնավոր հիմնադրամների նվիրատվություններ, տարաբնույթ
դրամաշնորհներ, պետական և մասնավոր պատվերներ, ինչպես նաև գործունեության այլ ձևեր:
Հաջորդ՝ ոչ պակաս կարևոր խնդիրը մասնագիտական կողմնորոշման համակարգի բացակայությունն է։ Այդ
պատճառով ստեղծվել է,այսպես կոչված մասնագիտությունների խտրականություն։  Այսինքն, անձը

մասնագիտությունն ընտրում է ոչ թե ապագայում իր ուզած ոլորտում կայանալու համար կամ նախորդող
կրթության ընթացքում ձեռք բերած հմտություններին համապատասխան, այլ, ելնելով ընտանիքի
անդամների խորհուրդներից կամ մասնագիտության հեղինակությունից, որը հաճախ չի համապատասխանում
ուսումնառողի կարողություններին, իրական նախասիրություններին և չի ընձեռում ինքնակայանալու
հնարավորություն։ Ահա ինչու շատ ու շատ կարևոր ոլորտներում մասնագետների պակաս կա, որը
դպրոցական տարիներին բնագիտական առարակների հանդեպ հետաքրքրության պակասն է, կամ որոշ
բուհերի ցածր վարկանիշը, ինչը ետ է պահում ուսանողին այդտեղ սովորելուց։ Հայաստանում ներկայումս
գործում է 71 բարձրագույն ուսումնական հաստատություն. 27-ը պետական բուհեր են (որոնցից 7-ը
միասին ունեն 14 մասնաճյուղ), 31-ը՝ ոչ պետական բուհեր, 5-ը՝ պետական մասնակցությամբ
արտասահմանյան բուհեր, 5-ը՝ արտերկրի պետական բուհերի մասնաճյուղեր, 3-ը՝ արտերկրի ոչ պետական
բուհերի մասնաճյուղեր: Այս բուհերից մոտ 10-ն են, որ սիրված են ուսանողների կողմից։
Կուզեի խոսել նաև մարզաբնակ երիտասարդների կրթության սահմանափակ հնարավորությունների մասին։
Մայրաքաղաքում ապրելն ու ուսում ստանալը պահանջում է բավականին մեծ ծախսեր, որոնք մարզերում
բնակվող շատ ընտանիքներ իրենց չեն կարող թույլ տալ։ Իրազեկվածության ցածր մակարդակի պատճառով
բազմաթիվ ընտանիքներ տեղեկացված չեն հովանավորների, դրամաշնորհ կազմակերպությունների մասին,
որոնք հնարավորություն են ընձեռում երիտասարաներին սովորել իրենց ուզած վայրում՝ մեծ զեղչերով, ու
նույնիսկ անվճար։ Մարզերում ևս գործում են պետական համալսարանների մասնաճյուղեր, սակայն դրանք
չեն բավարարում ուսանողների պահանջները։ Առաջնահերթ խնդիր է ստեղծել այնպիսի համարգ, որի
շնորհիվ մարզերում երեխաները ստանան նույն աստիճանի կրթություն, ինչ-որ մայրաքաղաքում։
Եվ իհարկե, մեր՝ ուսանողներիս համար ահռելի խնդիր է գործնական գիտելիքների պակասը, կամ որոշ
հաստատություններում նաև դրա բացակայությունը։ Ստանալով բավարար բանավոր ու գրավոր
գիտելիքներ, մենք ձգտում ենք կիրառել դրանք մեր նախընտրած ոլորտում՝ էլ ավելի ամրապնդելու համար
ստացած գիտելիքները։ Հաճախ համալսարաններում պրակտիկան միայն ստորագրվում է թղթի վրա, և
ուսանողները համալսարանն ավարտելուց հետո կանգնում են փաստի առաջ՝ չունեն փորձ, գործնական
գիտելիքներ, իսկ աշխատանքի ընդունվելիս դրանք շատ հաճախ պարտադիր պայման են։
Նմանատիպ մեծ ու փոքր խնդիրներն օր օրի ավելանում են։ Դրանք կանխելու և նոր խնդիրներից
խուսափելու համար պետք է համախմբվել ու աչքաթող չանել ոչ մի հարց։ Պարզ է մի բան․ բուհերը այժմ
ընկալվում են որպես տնտեսական կառույց, այլ ոչ թե կրթական։ Պետությունը ավելի մեծ ուշադրություն է
դարձնում բուհերի վարձավճարի սահմանումներին, զեղճային համակարգին, իսկ բովանդակային ու
ծրագային խնդիրները հստակեցված չեն։ Հարկավոր է մշակել կոնկրետ ծրագրեր բուհերի համար, ըստ որի
դրանք կլինեն համեմատաբար ավելի անկախ վիճակում, կկարողանան տնօրինել իրենց բյուջեն, ծրագրերը,
գույքը, անձնակազմին և ուսանողներին։ Պետք է գործարքներ կնքել միջազգային
կազմակերպությունների(Օր՝ Eramus+ կազմակեպությունը մշտապես աջակցում է բուհերին),
ուսումնական հաստատությունների հետ, բարելավել համալսարաններում տիրող անառողջ մրցակցային
միջավայրը։ Յուրաքանչյուր ուսանողի մեջ պետք է լինի այն համոզմունքը, որ կրթությունը ժամանակակից
ամենամեծ արժեքներից է, իսկ խաբկանքները ու անազնվության դրսևորումները խստագույնս պետք է
պատժվեն։ Իսկ եթե երեխան չի ցանկանում ստանալ բարձրագույն կրթություն, ընտանիքները պետք է
հարգեն այդ որոշումը, այլ ոչ թե ստիպելով կամ խարդախությամբ ընդունեն նրան համալսարան, ու նույն
ձևով էլ շարունակեն ուսուցումը։ Նմանատիպ գործարքները սատարելու փոխարեն, տրամադրենք

անապահով ընտանիքների ուսանողներին սոցիալական աջակցության փաթեթներ, ու տանք
հնարավորություն կրթվելու։
Այսպիսով, մեր առջև ծառայած խնդիրները լուծելու համար ձգտենք լինել ավելի լավը, մտածենք ոչ միայն
սեփական, այլև մեր ընկերների, համախմբեցիների ու հասակակիցների շահերի մասին։ Չլռենք
անազնվության դրսևորման ժամանակ և փորձենք կառուցել մեր երազած համայնքն ու կրթական միջավայրը։

Հղումներ.

https://asue.am/upload/files/-
Git_arcax_1.pdf?fbclid=IwAR2gU6f_GZvCOCHLluy1PNvPkg7zk2Y1iMiFE2JWtv1ts5T7
_8bU2tLQ8JM
https://paara.am/wp-content/uploads/2012/04/VARDEVAN-GRIGORYAN-ANAHIT-
FARMANYAN.pdf
https://erasmusplus.am/projects-in-armenia/

Էսսեն գրվել է Ռեստարտ ճամբար2-ի մասնակից  Ինա Խաչատրյանի կողմից։

Spread the love