Բաց նամակ
«Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ի աշխատակազմը սույնով տեղեկացնում է Ձեզ, որ 26.06.2021 թ. առավոտյան պատկերասրահի աշխատակիցները պատահաբար իմացել են այն փաստի մասին, որ պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Վարդպարոնյանը, ով 2017 թվականից աշխատել է պատկերասրահում, իսկ 2019 թվականից նշանակվել է որպես տնօրենի ժ/պ, աշխատանքից հեռացման դիմում է ներկայացրել համայնքապետարան: Փորձելով ճշտել դեպքի դրդապատճառները՝ աշխատակազմը իմացել է, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Մ.Վարդպարոնյանը դիմել է նման քայլի նույն պատկերասրահի աշխատակցուհի՝ Անի Ավետիսյանի՝ աշխատանքից հեռանալու վերաբերյալ դիմումը ներկայացնելուց հետո:Անի Ավետիսյանը բազմիցս ունեցել է կոնֆլիկտներ վերոնշյալ պատկերասրահի գրեթե բոլոր աշխատակիցների հետ՝ աշխատանքային, քաղաքական, սոցիալական, կենցաղային և այլ տարբեր հարցերի շուրջ, որոնց ընթացքում բազմիցս օգտագործել է անձնավորված վիրավորանքներ և դրսևորել է ոչ ադեկվատ պահվածք (հեռախոսը նետել այլ աշխատակցի ուղղությամբ, հարվածներ ինքն իր գլխին, բղավոցներ և այլն, որոնք բազմիցս գրավել են հարակից շենքի բնակիչների ուշադրությունը )։Աշխատակազմը բազմիցս փորձել է հարթել իրավիճակը և զերծ պահել պատկերասրահի տնօրենի ժ/պ Մ.Վարդպարոնյանին վերոնշյալ կոնֆլիկտներից և չհայտնել բազմիցս պատահած նմանատիպ իրավիճակների մասին, մտածելով,որ խնդիրը ժամանակավոր է և կարելի է հաշտության եզրեր գտնել Ա.Ավետիսյանի հետ:Իրավիճակը սրվեց 20.06.2021 թ. արտահերթ ընտրություններից առաջ, երբ Անի Ավետիսյանը, ունենալով այլ քաղաքական հայացքներ (պաշտպանում է ներկայիս ընդդիմության շահերը), վեճի բռնկվեց աշխատակիցներից մեկի հետ, որից հետո Անի Ավետիսյանը աշխատանքի է ներկայացել մայրիկի հետ: Աշխատակազմը Անի Ավետիսյանի մայրիկին ներկայացրել է ստեղծված իրավիճակը և խնդրել,որ փորձի խոսել դստեր հետ և հասկանալ, թե ինչն է խնդիրը: Վերոնշյալ դեպքից մի քանի օր անց պատկերասրահի աշխատակից Անի Ավետիսյանը կոնֆլիկտի է բռնկվում աշխատակցուհի Վարդիթեր Բաղդասարյանի հետ՝ չցանկանալով կատարել իրեն վստահված էքսկուրսավարի աշխատանքային պարտականությունները: Տվյալ իրավիճակից հետո Ա. Ավետիսյանը ներկայացել է աշխատանքի մայրիկի ուղեկցությամբ, ով առանձնազրույց է ունեցել պատկերասրահի տնօրենի ժ/պ Մ.Վարդպարոնյանի հետ։ Այնուհետև Մ. Վարդպարոնյանին հանդիպում է Ա.Ավետիսյանի հայրը և թույլ է տալիս ոչ հարիր արտահայտություններ:Մ.Վարդպարոնյանը, փորձելով հարթել աշխատակիցների միջև եղած անախորժությունները, խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ բանավոր նկատողության է արժանացրել բոլոր աշխատակիցներին և խստացրել աշխատանքային պայմանները, ըստ որի՝ յուրաքանչյուր աշխատակից պետք է գտնվի իր աշխատատեղում, և արգելել է աշխատավայրում ոչ աշխատանքային թեմաների շուրջ որևէ հարցի քննարկումը:«Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ը ունի հուշանվերների խանութ, որտեղ վաճառվում են տարբեր անձանց կողմից վաճառքի ներկայացված իրեր, այդ թվում նաև Անի Ավետիսյանի ներկայացրած զարդերը:23.06.2021 թ. Անի Ավետիսյանը, մոտենալով պատկերասրահի հսկիչ Մերի Կարապետյանին, ով համակարգում է հուշանվերների խանութի աշխատանքը,հայտարարել է, որ ներկայացրած զարդերից մեկը չկա, հավաստիացնելով, որ տվյալ զարդը դրված է եղել հուշանվերների խանութում, և իր մայրիկը ևս դրանից տեղյակ է: Մերի Կարապետյանը, լինելով պատշաճ աշխատակից, իր մոտ ունի մատյաններ, որտեղ արձանագրում է, թե ով քանի իր է ներկայացրել վաճառքի և դրանց նկարագրությունը: Իր մոտ արձանագրված տվյալները ստուգելով և աշխատակիցներից ճշտելով՝ Մերի Կարապետյանը հաստատել է, որ այն զարդը, որի մասին խոսում է Ա.Ավետիսյանը, երբևէ չի գտնվել պատկերասրահի հուշանվերների խանութում՝ վաճառքի նպատակով:24.06.2021 թ. աշխատակիցներն աշխատանքային օրվա ավարտին ներկայացրել են առաջացած խնդիրը պատկերասրահի տնօրենի ժ/պ Մ.Վարդպարոնյանին, ով խնդիրն իմանալուց հետո հրավիրում է խորհրդակցություն՝ կոնֆլիկտը ճշտելու և խնդիրը հարթելու կապակցությամբ: Խորհրդակցության ընթացքում Ա.Ավետիսյանը ևս մեկ անգամ ցուցաբերում է նյարդային պահվածք, որից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին է ներկայացնում իր կամքով աշխատանքից հեռանալու վերաբերյալ դիմումը: 24.06.2021թ. Ա.Ավետիսյանը, վերոնշյալ խորհրդակցությունից հետո, ինքնակամ և առանց հուշանվերների խանութի համակարգող Մ.Կարապետյանի իմացության մտել է հուշանվերների խանութ և վերցրել է իր կողմից վաճառքի ներկայացված իրերը և դուրս եկել պատկերասրահից:
25.06.2021թ. հուշանվերների խանութի համակարգող Մ.Կարապետյանը զեկուցագիր է ներկայացրել պատկերասրահի տնօրենի ժ/պ Մ.Վարդպարոնյանին՝ վերոնշյալ դեպքի կապակցությամբ: Նշված դեպքից հետո, պատկերասրահի տնօրեն Մ.Վարդպարոնյանը զանգ է ստացել Գյումրու համայնքապետարանից, որից հետո՝ չճշտված հանգամանքներում գրում է իր աշխատանքից ազատման դիմումը: Տվյալ դեպքի մասին իմանալով՝ աշխատակազմը փորձում է ճշտել դիմումի պատճառը և կատարելով որոշակի ճշտումներ՝ իմանում, որ Անի Ավետիսյանի հայրը՝ Գագիկ Ավետիսյանը, Գյումրու համայնքապետ Սամվել Բալասանյանի մանկության ընկերն է և համայնքապետի մոտ մտնելուց հետո հնարավոր է, որ նման խնդրանքով դիմած լինի: Համայնքապետարանից ճշտվել է, որ Ա.Ավետիսյանը իր կամքով աշխատանքից ազատման դիմումը ներկայացնելուց հետո իր հայր՝ Գ.Ավետիսյանի հետ եղել են համայնքապետի մոտ, որից հետո պատկերասրահի տնօրենի ժ/պ՝ Մ.Վարդպարոնյանը զանգ է ստացել, ըստ որի` չի կարող համատեղել երկու աշխատանք, մինչդեռ ժամանակավոր պաշտոնակատարը իրավունք ունի հիմնական աշխատանքից զատ զբաղվել ժամանակավոր աշխատանքով: Պատկերասրահի աշխատակազմը եզրակացնում է, որ տնօրենի ժ/պ-ի դիմաց համայքապետարանից պայման է դրվել, որ Անի Ավետիսյանի աշխատանքից ազատման դեպքում պատկերասրահի տնօրենի ժ/պատոնակատարը ևս ներկայացնի աշխատանքից ազատման դիմում, հիմք ընդունելով այն փաստը, որ Անի Ավետիսյանի հայր՝ Գագիկ Ավետիսյանը հանդիսանում է Գյումրու համայնքապետ՝ Սամվել Բալասանյանի մանկության ընկերը և համայնքապետի մոտ մտնելուց հետո հնարավոր է, որ նման խնդրանքով հանդես եկած լինի:27.06.2021 թ. աշխատակազմը որոշում է Գյումրի համայնքի մշակույթի բաժնի պետին ներկայացնել ստեղծված իրավիճակը։ Բացի այդ աշխատակազմը ցանկացել է հանդիպել Գյումրու համայնքապետ Սամվել Բալասանյանի հետ, ով չի ընդունել պատկերասրահի աշխատակիցներին,քանի որ տվյալ պահին իր աշխատասենյակի մուտքի մոտ նստած է եղել Ա.Ավետիսյանի հայրը, ում ընդունարանում տեսել է պատկերասրահի ողջ անձնակազմը:Պատկերասրահի աշխատակազմը, ցանկանալով տեղեկացնել վերոնշյալ դեպքերի մասին, որոշել է ներկայացնել իրողությունը, ըստ որի՝ պատկերասրահի տնօրենի ժ/պ Մ.Վարդպարոնյանը երբևէ կոնֆլիկտ չի ունեցել անձնակազմի ոչ մի անդամի հետ: Նա միշտ փորձել է հարթել անձնակազմում եղած խնդիրները: 01.07.2021 թ. առավոտյան Միքայել Վարդպարոնյանը, ներկայանալով համայնքապետարան, փորձել է բոլոր բաժինների պատասխանատուների ինչպես նաև համայքապետի հետ ունենալ հանդիպում,որպեսզի վերջնական հարթի լարված իրավիճակը: Երկար տևած քննարկումներից հետո (3-4 ժամ), Մ.Վարդպարոնյանը, չունենալով իր մեղքի բաժինը կատարվածի հետ ,ամեն դեպքում խոստացել է նույնիսկ ուղղել այն սխալները,որոնք ինքը չի իրականացրել: Ներողություն խնդրելով բոլորից ՝առաջարկել է Անի Ավետիսյանին վերադառնալ աշխատանքի,որից հետո համայնքապետարանի կողմից Մ.Վարդպարոնյանի դիմաց դրվել են մի շարք պայմաններ՝գրել ինքնակամ ազատման դիմում անժամկետ ,ներողություն խնդրել Ա.Ավետիսյանից,նրա հորից, մորից , համայքապետից ,վերականգնել Ա.Ավետիսյանի ազատ գրաֆիկով աշխատանքը՝ապահովելով ուրախ ,անհոգ, չծանրաբեռնված աշխատանքային ընթացք: Ի վերջո Մ.Վարդպարոնյանի կողմից իրականացվել են նրա դիմաց դրված բոլոր պայմանները, որից հետո Մ.Վարդպարոնյանը մշակույթի բաժնի վարիչ Լիլիթ Թովմասյանի հետ վերադառնալով Ասլամազյան պատկերասրահ՝ պատկերասրահի անձնակազմին ներկայացրել է ,որ իրավիճակը հարթվել է՝Անի Ավետիսյանը վերադառնալու է աշխատանքի, և բոլոր աշխատակիցները պետք է ապահովեն Անի Ավետիսյանի բարձր տրամադրությունը: Աշխատակազմը, հարգելով տնօրենին,գնահատելով նրա ազնիվ և անաչառ պահվածքը,համաձայնում է յուրաքանչյուր պայմանի հետ : Հինգ րոպե անց համայնքապետարանից ստացվել է զանգ նոր պայմանի վերաբերյալ,որ նրանց անձնական ամբիցիաների շահերից բխում է ևս մի քմահաճույքի իրականացում ՝ անհիմն կերպով հեռացնել աշխատանքից պատկերասրահի աշխատակցուհի Վարդիթեր Բաղդասարյանին, ով տվյալ պատկերասրահի պարկեշտ և նվիրված աշխատակիցներից մեկն է։
Խնդրում ենք վերանայել Վարդիթեր Բաղդասարյանին աշխատանքից ազատման հարցը։Տվյալ պարագայում, չտեսնելով այլ ելք և հեռանկարներ, սատարելով պատկերասրահի տնօրենի ժ/պ Միքայել Վարդպարոնյանի անաչառ և անկողմնապահ աշխատանքը, ինչի մասին կարող են փաստել Գյումրու մշակութային և արվեստի բնագավառի գործիչները, նկարիչների միության անդամները, (ովքեր ևս Մ. Վարդպարոնյանին տնօրենի ժ/պ նշանակվելու քննարկմանը մասնակից են եղել և միաձայն համաձայնություն են տվել), խնդրում ենք այս հարցի վերաբերյալ Ձեր ուշադրությունը, քանի որ Նոր Հայաստանում չպետք է լինի անարդարություն և կողմնապահություն որևէ բնագավառում:Հուսով և հավատով լցված՝ սպասում ենք Ձեր արձագանքին տվյալ իրավիճակից ելքեր գտնելու համար:
Հարգանքներով՝ «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ» -ի աշխատակազմ։
More Stories
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում
ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կատարելագործումը որպես պետության զարգացման հիմնական գործոն