Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) գիտնականների խումբը Յոել Ֆինկի գլխավորությամբ ստեղծել է նոր տեսակի էլեկտրոնային մանրաթել, որն աշխատում է որպես հաշվարկային համակարգի տարր: Նրանք ստեղծեցին պոլիմեր, որն իրեն պահում է սովորական թելի նման՝ կարող է թելվել ասեղի մեջ և հյուսվել պատրաստի գործվածքի մեջ: Սակայն, այս պոլիմերը նաև էլեկտրական ազդանշան է անցկացնում՝ որպես անալոգային կապի մալուխ:
Մանրաթելի պատրաստման փուլում գիտնականները վերջինիս մեջ տեղադրեցին սիլիցիումի շատ փոքր չիփեր`օժտված պարզ հրահանգներով (silicon microscale digital chips), որպեսզի արդյունքում ստացված գործվածքը կարողանա փոխանցել ոչ միայն պարզ էլեկտրական ազդանշանները, այլև թվային ինֆորմացիան։ Կամայական ձևերով դասավորելով ընդհանուր հաղորդակցման համակարգ ունեցող հարյուրավոր չիփերը՝ կարելի է ստանալ լայն պրոֆիլի թվային համակարգ: Օրինակ՝ իր ամենապարզ տարբերակում, այս գործվածքը տվյալների պահպանման ունիվերսալ սարք է։ Փորձարկումների ընթացքում էլեկտրոնային մանրաթելերով ասեղնագործված սրբիչը ավելի քան երկու ամիս պահում էր 767 կիլոբայթ ծավալ ունեցող գունավոր կարճամետրաժ ֆիլմ և 0,48 մեգաբայթ՝ երաժշտական ֆայլ: Պատկերացրեք, որ մի օր Ձեր հարսանեկան լուսանկարները կկարողանաք պահել հենց հարսանեկան զգեստի մեջ։
Էլ ավելի հետաքրքիր է, որ մանրաթելի երկարացման և դասավորության բարդացման հետ մեկտեղ դրանից կարելի է ստանալ համակարգչին կամ նեյրոնային ցանցին նմանվող համակարգ: Որպես օրինակ, Յ․ Ֆինկը պատրաստեց 1650 չիփ ունեցող մանրաթելային համակարգ, որը կարվեց վերնաշապիկի մեջ: Համակարգը վերլուծում էր մարդու մաշկի ջերմաստիճանի և խոնավության վերաբերյալ տվյալները, իսկ մարդու մարզվելուց հետո սովորեց ճանաչել նրա կատարած վարժությունների տեսակը 96% ճշգրտությամբ: Նման վերլուծական հատկություններով օժտված մանրաթելերից պատրաստված հագուստը մի օր կկարողանա իրական ժամանակում հայտնաբերել և զգուշացնել մարդկանց առողջության այնպիսի փոփոխությունների մասին, ինչպիսիք են շնչառության նվազումը կամ սրտի անկանոն բաբախյունները և այլն:
Ներկայացված նմուշը կարող է դիմակայել մինչև 10 անգամ լվացման և չորացման, այն չի սահմանափակում մարդու շարժումները և չի զգացվում այլ գործվածքի կազմի մեջ: Հիմնական խնդիրը արտաքին հսկիչի առկայությունն է, բայց Յ․ Ֆինկը կարծում է, որ ժամանակի հետ դժվար չի լինի այն փոխարինել մանր ներկառուցված օրինակով: Եվ այդ ժամանակ հնարավոր կլինի ստեղծել իսկապես «խելացի հյուսվածք», որը և կարելի է անվանել մանրաթելային համակարգիչ (fiber computer):
More Stories
ՀԱՊԿ | «Ձևական կազմակերպություն»
5 կենդանիներ, որոնք կարող են զգալ այն, ինչ մարդիկ չեն կարող
Բուրունդի՝ աշխարհի ամենադժբախտ ազգերից մեկը