Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Հայաստանում սովորելն իմ ամենաճիշտ որոշումն էր. Իսպանացի ուսանողուհի

Ջուլիա Մարտինեզ Տոմենը սովորում է Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանում: Էրազմուսի շարժունության ծրագրի շրջանակում Եվրասիա միջազգային համալսարանում Ջուլիան իրականացնում է հետազոտական աշխատանք:

Հայաստանում սովորելն իմ ամենաճիշտ որոշումն էր. Իսպանացի ուսանողուհի

Հայաստանում ուսումնառության փորձի, հետազոտության նպատակի, ինչպես նաև Հայաստանի և Իսպանիայի կրթական համակարգերի նմանությունների և առանձնահատկությունների մասին Erit.am–ը զրուցել է իսպանացի ուսանողուհու հետ:

-Ասացեք խնդրեմ՝ ուսանողական շարժունության ծրագրերին մասնակցելու նպատակով ինչու՞ որոշեցիք ընտրել հենց Հայաստանը:

-Հայաստանում փոխանակման ծրագրի իրականացման նպատակն առաջին հերթին այն էր, որ այստեղ ես գտնվում եմ իմ հարմարավետության գոտուց միանգամայն դուրս: Բացի այդ, ինձ Հայաստան է բերել Արցախյան պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի ուսումնասիրության հնարավորությունը, քանի որ բակալավրիատի ավարտական հետազոտական աշխատությանս թեման է՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. հայ հասարակական կարծիքի վերլուծություն»: Իմ հետազոտության ընթացքում, նախևառաջ, ես պատրաստվում եմ ներկայացնել պատմական և տեսական ակնարկ, այնուհետև հասարակության տարբեր խմբերի հետ իրականացնել հարցում: Թեմայի ընտրությունն ուղղակիորեն կապված էր Հայաստանում ուսանելու հնարավորության հետ. երբ ես սկսեցի ուսումնասիրություններ կատարել միջազգային հակամարտությունների և, մասնավորապես, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին, այս թեման ինձ շատ հետաքրքրեց: Հետևաբար մտածեցի, որ կարող եմ տեղում ուսումնասիրություն իրականացնել՝ տարբեր տեսանկյուններից: Իմ նպատակն է՝ այս հետազոտությունը տպագրել Իսպանիայում և հայ-ադրբեջանական հակամարտության մասին իրազեկել մարդկանց:

-Նախապես գիտե՞իք՝ ինչպիսի երկիր եք ուղևորվում և ինչպե՞ս եք պատրաստվել այդ այցին:

-Իհարկե, գիտեի, թե ինչ է ինձ սպասվում, ուստի Հայաստանին նախապես ծանոթանալու նպատակով բավականին շատ էի կարդում երկրի, այստեղ ապրող մարդկանց և մշակույթի մասին: Հիմնականում կարդում էի առցանց հոդվածներ և դիտում տեսանյութեր, ինչպես նաև վավերագրական ֆիլմեր՝ Հայաստանի մասին: Ես նաև զրուցում էի այն մարդկանց հետ, որոնք նախկինում արդեն իսկ փոխանակման ծրագրով եղել էին Հայաստանում:

-Նկարագրեք Ձեր առաջին տպավորությունները Հայաստանում:

-Այն, ինչ ես ամենաշատը սիրեցի Հայաստանում, այստեղ ապրող մարդիկ են: Հայ ժողովուրդն այնքան բարի ու ջերմացնող է և մշտապես պատրաստակամ՝ օգնել յուրաքանչյուր հարցում, նույնիսկ լեզվական խոչընդոտի առկայության պարագայում: Ինձ զարմացրեց ու հիացրեց նաև Հայաստանի բնությունը. այն բավականին հետաքրքիր և բազմազան է:

-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել Հայաստանում:

-Հիմնական դժվարությունը, ըստ իս, միանշանակ լեզվական խնդիրն է: Չնայած այն փաստին, որ ես սովորաբար ցանկացած իրավիճակում կարողանում եմ հաղթահարել այդ խոչընդոտը (հիմնականում առցանց թարգմանիչների), բայց և այնպես, դժվարարությամբ եմ հասկանում հայերենի այբուբենը:

-Հայաստանի բուհերի դասավանդումն արդյոք շա՞տ է տարբերվում Ձեր մայր բուհից: Խնդրում եմ պատմել ՀՀ և Իսպանիայի կրթական համակարգերի առանձնահատկությունների և նմանությունների մասին:

-Հայստանում իմ ուսումնասիրությունները հիմնականում իրականացնում եմ հետազոտությունների հիման վրա, այդ իսկ պատճառով շատ բան չեմ կարող նշել կոնկրետ դասապրոցեսների մասին: Կարող եմ ասել միայն այն, ինչ ինձ հետ կիսվել են իմ ընկերները. այստեղ դասընթացներն ավելի ինտերակտիվ են իրականացվում՝ ի տարբերություն Իսպանիայի համալսարանների:

 Եվրասիա միջազգային համալսարանում էլի կա՞ն օտարերկրյա ուսանողներ:

-Իմ բուհում ես համարվում եմ առցանց Էրազմուս ուսանող, բայց միաժամանակ այստեղ կան շատ օտարերկրյա ուսանողներ՝ Իրանից, Իրաքից և այլն:

-Որտե՞ղ եք Երևանում անցկացնում Ձեր ազատ ժամանակըօգտվու՞մ եք արդյոք մայրաքաղաքի մշակութային կյանքից:

-Ես սիրում եմ Երևանի մշակութային կյանքը և իսկապես հաճույք եմ ստանում քաղաքում կորելուց, երկար զբոսանքներից, նոր սրճարաններ հայտնաբերելուց… Անհամբեր սպասում եմ խորը գարնանը, որպեսզի կարողանամ մի փոքր ավելի շատ շրջել Երևանում և, առհասարակ, Հայաստանում:

-Ի՞նչ խորհուրդ կտաք նրանցովքեր պատրաստվում են գալ սովորելու Հայաստանում:

-Պարզապես գնացեք այդ քայլին: Անկախ այն բանից, որ Հայաստանը շատ է տարբերվում Եվրոպայից, բայց այն կատարյալ վայր է՝ այցելելու համար: Դուք կծանոթանաք մի մշակույթի հետ, որը կընդլայնի ձեր միտքը և աշխարհայացքը, կհասնի ձեր սրտին: Դուք կունենաք մի ողջ կյանքի փորձ: Սա իմ կայացրած ամենաճիշտ որոշումն էր:

Նյութը պատրաստեց՝ Հեղինե Հովհաննիսյանը

https://erit.am/

Spread the love