Օրերս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը պետդեպարտամենտում բավական ուշագրավ էր այն առումով, որ, ըստ էության, ԱՄՆ նախագահը ուղիղ տեքստով հայտարարեց, թե Վաշինգտոնն առաջիկայում վերբեռնելու է երկրի արտաքին քաղաքականությունը։ Որ Բայդենն իր պաշտոնավարումից հետո առաջին ելույթն ունեցավ հենց ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունում, ամերիկյան անցուդարձից տեղյակ փորձագետների համար անսպասելի չէր։ Բայդենը շատ վաղուց պետդեպարտամենտում համարվում է յուրային և, ըստ այդմ, նախագահի կողմից դա յուրահատուկ ժեստ էր՝ ուղղված մարդկանց, որոնց հետ Բայդենն անձամբ ծանոթ է, և որոնց հետ Օբամայի նախագահության շրջանում ուղիղ աշխատել է։ Այսուհանդերձ, առնվազն անլուրջ կլիներ համարել, թե Բայդենի ելույթն ուղղակիրորեն պայմանավորված էր առ արտաքին քաղաքական գերատեսչություն ունեցած սիրով։ Եթե ավելի հստակ՝ սիրո դրսևորումն ակնհայտ է, բայց ոչ թե գերատեսչության, այլ արտաքին քաղաքականության նկատմամբ։ Նորություն չէ, որ ամերիկյան դեմոկրատներն իրենց համար գերակա ուղղություններից մեկը համարում են հենց արտաքին քաղաքականությունը։ Այդ իսկ պատճառով վերջին չորս տարում թե՛ Սենատում, թե՛ Կոնգրեսում արդեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների թիրախում էր հայտնվում հենց «անատամ», իսկ որոշ դեպքերում նաև վախկոտության հասնող զգուշավոր արտաքին քաղաքականություն վարելու պատճառով։ Թրամփին դատափետում էին Սիրիայում ամերիկյան դիրքերը հանձնելու, Թուրքիայի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու, Սաուդյան Արաբիայի հետ ռազմավարական հարաբերությունները սովորական առևտրի վերածելու, Եմենի հարցում դիրքորոշում չունենալու, անհեռատեսորեն Իրանի հետ Օբամայի օրոք ստորագրված պայմանագիրը չեղարկելու, ինչպես նաև Մոսկվայի ու Պեկինի դեմ իրական կոշտ քայլեր ձեռնարկելու համարձակություն չունենալու համար։ Բայդենի ելույթի առանցքային դրույթներից մեկի հիմնաքարն այն էր, որ ԱՄՆ-ը վերադառնում է արտաքին քաղաքականություն, և գոնե առաջին չորս տարվա ընթացքում Վաշինգտոնի մրցակիցներն ու հակառակորդները պիտի ապրեն սա աչքի առաջ ունենալով։ Ընդ որում՝ հետաքրքիր է, որ վերլուծաբանները ամերիկյան արտաքին քաղաքականության իրական ակտիվացման համար ժամկետների մասով գրեթե համակարծիք են՝ նշելով ապրիլ-մայիս ամիսները։ Համակարծիք են նաև առաջին պատժվողի թեմայով՝ համերաշխորեն մատնանշելով Թուրքիան։ Որ պաշտոնական Վաշինգտոնը փորձելու է Անկարային կրկին դարձնել վերահսկելի՝ կասկածի տեղիք չէր թողնում։ Խնդիրն այն էր, թե ով կհաղթի նախագահական վերջին ընտրություններում, և, ըստ այդմ, ինչ գործիքակազմ կընտրվի։ Ինչ կլիներ Թրամփի ընտրվելու դեպքում՝ արդեն էական էլ չէ, սակայն չափազանց հետաքրքիր է, թե որ ուղին կընտրի Բայդենի վարչակազմը։ Վերջինն արդեն թևքում մի քանի խաղաքար ունի, որոնցից մեկն անմիջականորեն վերաբերում է մեր տարածաշրջանին։ Խոսքը ԱՄՆ Կոնգրեսի՝ անցած տարվա դեկտեմբերի վերջին կայացրած որոշման մասին է, համաձայն որի՝ ամերիկյան հատուկ ծառայությունները պարտավոր են երեք ամսվա ընթացքում «Կոնգրեսի (զույգ պալատների) հետախուզության հարցերով հանձնաժողովներին ներկայացնել գրավոր պարզաբանում Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև առկա լարվածության, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ»։ Փորձագետներից շատերի կարծիքով՝ ուղղակի անհնար է պատկերացնել, որ ամերիկյան հատուկծառայությունները, ի թիվս այլոց, չունենան կամ չկարողանան հայթայթել տեղեկություններ, որ Արցախյան Երկրորդ պատերազմին ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ունեցել է ուղղակի մասնակցություն՝ թե՛ F-35 կործանիչների, թե՛ հատուկջոկատայինների ու թուրք հրահանգիչների տեսքով, ինչպես նաև անմիջականորեն ներգրավված է եղել վարձկան ահաբեկիչներին Ադրբեջան «ներմուծելու» գործում։ Հարցերի հարցը մնում է այն, թե ինչպես նախագահ Բայդենի վարչակազմը կօգտագործի այս տեղեկությունը։ Հասկանալի է, որ խնդիրը մարդասիրության կամ արդարության տեսանկյունից դիտարկելը միամտություն կլինի։ Ամերիկյան վարչակազմերից և ոչ մեկը երբևէ սենտիմենտալությամբ աչքի չի ընկել, և Վաշինգտոնի հնարավոր գործողությունները վերլուծելիս անհրաժեշտ է հավատարիմ մնալ ռեալպոլիտիկի սկզբունքներին։ Իսկ դրանք հուշում են, որ ամերիկյան ճնշումը անառակ որդու՝ Անկարայի վրա, կահագնանա ճիշտ այնքան, որքան կխորանան ռուս-թուրքական հարաբերությունները, այդ թվում՝ ռազմական գործակցության ոլորտում։ Պետք է հստակ հասկանալ, որ ԱՄՆ-ի համար այս դեպքում ոչ այնքան Ռուսաստանն է ռազմավարական հակառակորդ, որքան թուրքական ուղղությունն է Վաշինգտոնի ռազմավարական առաջնահերթությունը: Ընդ որում՝ այս ուղղությունն այնքան կարևոր է Միացյալ Նահանգների համար, որ Անկարայի համառության դեպքում Վաշինգտոնը չի վարանի անգամ զոհաբերել Թուրքիան՝ աշխատեցնելով արդեն բոլոր իմաստներով պատրաստված գործոնը՝ քրդերին։ Եվ եթե այս սցենարն իրականություն դառնա, ապա առաջիկայում Հայաստանը կարող է նոր հարևան՝ Քուրդիստան ստանալ, իսկ ահա Բաքուն ոչ թե Ադրբեջանը Թուրքիային ցամաքային կապի նոր ուղիների մասին կխոսի, այլ կմտահոգվի Նախիջևանը տոտալ շրջափակումից դուրս բերելու հնարավորությունների մասին։ «Nothing personal, just buiseness!»:
Հեղինակ`Լևոն Սարդարյան
https://www.1lurer.am/
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
ՀԱՊԿ | «Ձևական կազմակերպություն»