Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Վարորդական ստանալու նոր կարգը

 Վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունում ավելացել է գիտելիքի ստուգման թեստերի հարցաշարը՝ 10 հարցի փոխարեն սահմանվել է 20 հարց, քննությունը 15 րոպեի փոխարեն կտևի 30 րոպե, հայտնում են Ոստիկանությունից։

Վարորդական իրավունքի վկայական ստանալու նոր կարգի վերաբերյալ որոշումն ուժի մեջ է մտել 2021-ի հունվարի 1-ից։

Համաձայն Կառավարության սահմանած նոր կարգի՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար հունվարի 1-ից նախատեսվել է տեսական քննությունների անցկացումը, բացի հայերենից, հնարավոր դարձնել նաև անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով։ Նախատեսվում է տրամադրել վարորդական իրավունքի վկայական նաև մոպեդ վարելու համար։

Ոստիկանությունը նաև նախատեսում է A կարգի, A1 և B1 ենթակարգերի դեպքում գործնական քննությունն ընդունել միայն ավտոդրոմներում, իսկ դրանց բացակայության դեպքում մինչև 2027 թվականը՝ իրական պայմաններում, այսինքն՝ հանրապետության ճանապարհներին կամ փողոցներում։ B կարգի դեպքում` միայն իրական պայմաններում։ Մյուս բոլոր կարգերի և դրանց ենթակարգերի դեպքում իրականացնել և ավտոդրոմներում, և երթևեկության իրական պայմաններում, իսկ մինչև 2027-ն ավտոդրոմ կամ ավտոհրապարակ չունեցող քննական մարմիններում՝ միայն իրական պայմաններում։

Ոստիկանությունը նշում է, որ A, B և BE կարգերի, ինչպես և A1 և B1 ենթակարգերի վարորդական իրավունքի վկայական ստանալու, վկայականը փոխանակելու կամ վկայականի կրկնօրինակ ստանալու համար դիմած անձն անցնում է բժշկական հավատարմագրում, եթե վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն իրականացնելիս ակնհայտ երևում է, որ նա կարող է ունենալ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող առողջական վիճակ։

C, D, T և CE, DE կարգերի, C1, D1 և C1E, D1E ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական առաջին անգամ ստանալու համար դիմող անձինք պետք է ճանապարհային ոստիկանություն ներկայացնեն բժշկական հավատարմագրում անցած լինելու մասին տեղեկանք: Վկայականը փոխանակելու կամ դրա կրկնօրինակը ստանալու համար դիմողները պետք է անցնեն բժշկական հավատարմագրում, եթե ակնհայտ երևում է, որ կարող են ունենալ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող առողջական վիճակ։

PanARMENIAN.Net

Spread the love