Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Ինչ ասել է «քաղաքացիական հասարակություն», այս արտահայտությունը լսում և օգտագործում են շատերը, բայց կարիք կա բացատրելու․ Լևոն Բարսեղյան

«Ինչու է աղմկում ցեխը


(Երկար պատմություն չսիրողներին խնդրում եմ բավարարվել վերնագրով)
Արդեն երկու տարուց ավելի է, ինչ զրպարտչական հաչ ենք լսում քաղաքացիական հասարակության մի քանի կազմակերպությունների հասցեին, թիրախավորված են մոտավորապես 20-25 կազմակերպություն եւ հատկապես Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստանը, որը հիմնականում ֆինանսավորվում է Ջորջ Սորոսի կողմից: Հասարակական կազմակերպությունները ֆինանսավորվում են ե’ւ այդ, ե’ւ բազմաթիվ այլ հիմնադրամների կողմից, մի քանիսը՝ ե՛ւ Հայաստանյան աղբյուրներից, ե՛ւ Հայաստանում գրանցված հիմնադրամների ու կազմակերպութունների եւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող ու մի շարք դեպքերում, գործընկեր համարվող երկրների պետական եւ ոչպետական հիմնադրամների կողմից:
Զրպարտչական հաչի թիրախ դարձած բոլոր այս կազմակերպությունների ֆինանսական հոսքերը եւ ծրագրերը օրինական են, տարիներ շարունակ եղել են պետական վերահսկողական համակարգի հսկողության տակ (ՊԵԿ, ԱԱԾ, Ոստիկանություն եւ այլն): Չէին կարող ցուցարար գնդակահարելու եւ ընտրակեղծարարության միջոցով իշխանություն դառածներին քննադատող կազմակերպությունները չհսկվեին բոլոր օրինական եւ անօրինական եղանակներով:


Ինչ ասել է «քաղաքացիական հասարակություն», այս արտահայտությունը լսում եւ օգտագործում են շատերը, բայց կարիք կա բացատրելու, որ դա մի այլմոլորակային համակարգ չէ: Լայն իմաստով դա բոլոր քաղաքացիներն ու նրանց միավորումներն են, որոնք իշխանության գործնական կրողներ չեն եւ չեն զբաղվում շահույթի հետապնդմամբ, այսինքն մարդիկ, մարդկանց խմբեր, որոնք իրավաբանական անձի կարգավիճակ չունեն կամ ունեն՝ հասարակական կազմակերպություններ, կրոնական կազմակերպություններ, համատիրություններ, արհմիություններ, ուսանողական եւ այլ միություններ: ՔՀ սահմանումը վերջնական չէ, եւ այլք այլ կերպ կսահմանեն, բայց հիմնականում այս է, ներառյալ՝ նույնիսկ արտախորհրադարանական քաղաքական ուժեր, շարժումներ եւ այլն: Հայաստանի քաղհասարակության կազմակերպությունների քանակը բարդ է սահմանել, տարբեր տարիների միայն գրանցված հասարակական կազմակերպությունները եղել են 3000-5500, հիմնադրամները մինչեւ 250-300 եւ այլն: Ըստ իրենց կանոնադրությունների, զբաղվել են կամ կամեցել են զբաղվել ամենաբազմազան գործերով, սկսած շների ստերջացումից, վերջացրած ընտանեկան բռնությունների զոհերին ապաստան տրամադրելով, սկսած ծառատունկից, վերջացրած հանքահենության դեմ պայքարով, ընտրությունների հսկողություն, կոռուպցիայի դեմ պայքար, ծառայությունների մոնիտորինգ, իրավապահ համակարգի ապօրինությունների հետաքննություն, բանակում խաղաղ պայմաններում սպանությունների եւ ինքնասպանությունների խնդրի ուսումնասիրություն, առաջարկությունների փաթեթների մշակում եւ ներկայացում իշխանություններին եւ այլն:


Ահա այս հազարավոր հասարակական խմբերից ու միավորումներից միայն 1-2 տասնյակն են, որ հեղափոխությունից հետո դարձել են զրպարտչական հաչի թիրախ: Հաչն այսպիսին է ընդհանուր առմամբ:
Ա. «Սորոսականներն են եկել իշխանության»,
Բ. «Եկել են, որ քանդեն երկիրը»,
Գ. Այս պարտությունից հետո. «Սորոսականները, զավթեցին, քանդեցին, ծախեցին երկիրը»:


Զրպարտչական, նշանակում է, հանրային ընկալումներում վնասակար, վարկաբեկիչ եւ/կամ հանցագործ բան արած լինելու սուտ մեղադրանք: Սա վիրավորանքի հետ են շփոթում շատերը, այնինչ, երբ մարդուն ասում են «տավար», դա վիրավորանք է, երբ ասում են «կաշառակեր», իսկ մարդը կաշառակեր չէ, դա զրպարտություն է: Ներողություն այս դասիկի համար:
Հիմնադրամի դեմ զրպարտչական քարոզչության շարքային զոհերին, երբ հարցնում եմ, ի՞նչն է ձեզ այդպես մտահոգում, ինչո՞ւ եք ուզում հիմնադրամը փակ տեսնել, եւ ինչո՞ւ եք ատում այնտեղ աշխատող ու հիմնադրամի հետ համագործակցող մարդկանց, պատասխան չունեն, ամենաշատ կրկնվող պատասխանը հետեւյալ են.«Ասում են, որ Հայաստանը կործանում է այդ հիմնադրամը….», երկրորդ տեղում հետեւյալն է.«բազմաթիվ երկրներում փակվել է այդ հիմնադրամի գրասենյակը», երբ հարցնում եմ՝ ո՞ր երկրներում, կարկամում են, էն միջների խորամանկները Հունգարիան են նշում, Թուրքիան, Ադրբեջանը, իսկ Ռուսաստանը «մոռանում են» նշել: Ոմանք, ստում են, թե բա չիմացա՞ք՝ Ամերիկայում էլ Տրամպն է փակել այդ հիմնադրամի գրասենյակը: Այս մեդիատգետները դեռ գուգլ ու ինտերնետ չեն հայտնագործել:


2018թ. հեղափոխությունից հաշված ամիսներ անց, սկսվեց արշավ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի դեմ: Շահարկման հիմքում խորքային ռասիզմ կա, միշտ շահարկվում է, զրպարտվում ու քարոզվում է ոչ թե հիմնադրամի անվանումով, այլ հիմնադրի՝ Ջորջ Սորոսի անունով: Ապշելու է Ցեղասպանություն տեսած ժողովրդի մի քանի զավակների այլատյացության գերագույն մակարդակը, էս ֆենոմենը ուսումնասիրել է պետք: Ոմանք, որ խորովածից, քյաբաբից, տարոսիկից ու շիլակից էն կողմ ազգային իմացություն չունեն, իրենց հակագլոբալիստական շարժման մոնումենտի տեղ են դնում, ցերեկները աղոթում են Վլադիմիր Վլադիմիրովիչի ողջության համար, երեկոները գրին քարտի հայտն են լրացնում ազգուերամի համար, իրենց գտել են ամենայն հայոց հակագլոբալիստի ատենապետի տեղում ու ողբում են «սոռեսի» ծնունդը, այդպես գիտեն այդ ազգանունը:


Իշխանությունը կորցրածներին մի քանի ամիս պետք եկավ, որ կարողանան ուշքի գալ, փոխանակ Հայաստանի ժողովրդից ներողություն խնդրեին իրենց հանցագործությունների համար, երկար մտածեցին, կամ էլ իրենց հուշեցին, որ կարելի է գտնել, կամ պետք է գտնել իշխանազրկման համար մեղավոր եւ թշնամի ու սկսել կառուցել թշնամու կերպար, այն դարձնել մեղավոր ու դրանով փորձել վարկաբեկել հեղափոխություն իրականացրած հասարակությանն ու իշխանություններին: Սրանց համար արտաքին թշնամի չկար, իրենց պատկերացրած թշնամին մեկն էր՝ ներքինը: Հիմնադրամի եւ գործընկեր մի քանի կազմակերպությունների դեմ զրպարտչական հաչը նախաձեռնողները ոչ մի շերեփ էլ չհայտնագործեցին, կապկեցին երիտթուրքերի ու ֆաշիստների արածները: Այդ հնարքներն օգտագործվել են Հիտլերի ու Գեբելսի կողմից, դա հիմա նույն մեթոդաբանությամբ կիրառվում է տարբեր երկրներում՝ հետապնդելով իշխանություն պահելու կամ ունենալու «վեհ եւ պանծալի» նպատակը: Ապաշխարանքի, երկիրը փոսից հանելու եւ առաջ տանելու գաղափարներ չեն ունեցել եւ չունեն, սնանկ էին եւ են, իրենց պնդմամբ, երկիրը փոսում չի էլ եղել, նորերը հենց Սորոսի հրամանով հեղափոխություն են արել, հներին տուն են ուղարկել, որպեսզի կործանեն Հայաստանը: Առանց Սորոս, անհնար էր, որ մարդիկ մտածեին, թե կառուպցիան է քանդում երկիրը, լավ էլ ապրում էին, ինչ էր պատահել, ինչու պիտի հեղափոխության ելնեին: Մոտավորապես այս է զրպարտչական պրոպագանդայի մուղամը:
Քաղաքացիական հասարակության մի քանի տասնյակ կազմակերպությունների, Բաց հասարակության հիմնադրամի, այլ հիմնադրամների հասցեին հաչ հեղափոխությունից առաջ էլ էր հնչում, չզարմանաք՝ տասնամյակներով, հնչում էր պաշտոնյաների բերանից («գրանտ են ստացել, ուտում են ու մեզ քրֆում են, թե իբր ասֆալտը լավ չենք անում…», «բանակն են վարկաբեկում…», «հերիք աղբը տնից հանեք …» եւ այլն), պետական եւ այլ՝ ենթակա լրատվամիջոցներով: Հեղափոխությունից առաջ իշխանությունները հմտորեն զրկել էին իրենց քննադատող հասարակական կազմակերպություններին ու հիմնադրամներին մեծ լսարաններով ԶԼՄ-ներով արտահայտվելու, այդ հաչին պատասխանելու հնարավորությունից, լրագրությունն էլ այդ ժամանակներում նույն թրիքի մեջ նստած նույն քյաֆթառ պառավին էր նման. հաչը այս կամ այն ՀԿ կամ հասարակական կամ քաղաքական գործչի մասին հաղորդում էին, մտքներով չէր անցնում մի կարծիք էլ այդ քֆրտված մարդկանցից հարցնել, հակառակ կողմին էլ արտահայտվելու հնարավորություն տալ, ինչպես ասում են, բոլորովին:
Բազմաթիվ կազմակերպություններ եւ հասարակական ու քաղաքական գործիչներ զրպարտվել ու ստորացվել են պետական պաշտոնյաների, ու նրանց բացահայտ կամ ծածուկ ենթակա լրատվամիջոցների բերանով, թե «շպիոն են», «դավաճան են», «խարդախ են», «ազգադավ են» եւ այլն:
Բայց այդ հաչն հիմնականում հաչողների համար ժամանցային բնույթ ուներ: Իշխանությունն այլ, ավելի արդյունավետ գործիքներ էլ ուներ: Մեկը ֆինանսատնտեսական լծակն էր: Նախկին իշխանությունները իրենց քննադատողներին չեզոքացնելու համար բացի զրպարտությունը եւ անվանարկումը, այլ մարտավարությամբ էլ էին ջանում չեզոքացնել: Հնարավոր բոլոր հիմնադրամներին, հատկապես այլ երկրների պետական հիմնադրամներին ծածուկ ու խաթրով ուղղակի հորդորում էին չֆինանսավորել իրենց քննադատող կազմակերպություններին, նույնիսկ ամենահաջող ծրագրերը, որոնք կոռուպցիայի այս կամ այն դրսեւորման դեմ էին, որոնցով բացահայտվելու էին իրենց հակաժողովրդավար էությունը, թալանը, ապօրինությունները, անպատժելիությունը, ընտրակեղծարարությունը, ու հաճախ հաջողում էին ժողովրդավարության խթանման օժանդակությանը կոչված դրամաշնորհները ուղղորդել անարդյունավետ ծրագրերի, ավելի «համեստ» եւ «ենթարկվող» ՀԿ-ների ուղղությամբ, ստեղծում էին իրենց մերձավորաց ՀԿ-ները եւ դրանցով ինչ-որ ծրագրեր իրականացնում: Սա հին հնարք է, կիրառվում է բոլոր բռնատիրական համակարգերում, որտեղ դեռ կամ արդեն գործում են քաղհասարակության ինչ-ինչ հաստատություններ.-Ծառատունկ արեք, բանտերի մոնիտորի՞նգն ինչ մեղքս է…, մոտավորապես: Այս համատեքստում հատուկ դիտավորությամբ ամենաշատ թիրախավորված կազմակերպությունը եղել եւ մնում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, որի բյուջեն իշխանությունների կամ մերձիշխանական շրջանակների հսկողության տակ չէր, իշխանությունները կամ իշխանավորները 23 տարի շարունակ չեն կարողացել այդ հիմնադրամին թելադրել կամ ասել՝ այս կազմակերպությանը կօժանդակես, այս մեկի ծրագրերին չաջակցես, որովհետեւ քննադատել է, թե 5 տեղանոց բանտախցում 8 հոգի են պահում…: Այս փողը իշխանության հսկողության տակ չի եղել, ինչը գործունեության հնարավորություն ու ազատություն էր տալիս քաղաքացիական հասարակության այն կառույցներին, որոնց շնչահեղձ էին անում, արգելափակելով այլ դոնորներից օժանդակություն ստանալու ճանապարհները:
Բազմաթիվ անհնազանդ հասարակական կազմակերպությունների վարձակալած գրասենյակային տարածքների տերերը պարբերաբար կանչվում էին պետական կամ տեղական իշխանությունների մոտ, որոշ դեպքերում՝ իրավապահ այս կամ այն կառույց, որտեղ նրանց ժամերով հորդորում էին՝ խզել վարձակալության պայմանագրերը, պահանջել կազմակերպությունից՝ հեռանալ տարածքից, խոստանում էին ոչ պակաս վճար այդ հայրենանվեր վտարման համար:
Երրորդ հնարքը՝ քարոզչականից եւ ֆինանսատնտեսականից հետո ահաբեկչությունն էր: Մինչ օրս անհայտ մնացած անձինք, իսկ որոշ դեպքերում լավ էլ բացահայտ անձինք հարձակվում էին իշխանություններին անցանկալի հասարակական գործիչների, լրագրողների վրա, հրկիզում կամ քարկոծում էին գրասենյակները, այրում էին փոխադրամիջոցները, գողանում էին կամ հրկիզում էին գույքը եւ այլն, փաստացի անհնարին դարձնելով նրանց բնականոն եւ օրենքով կարծես երաշխավորված գործունեությունը: Բոլոր հարուցված քրեական գործերը բոլոր այդ դեպքերով մնում են կարճված՝ կասկածյալի բացակայության պատճառով: Դժվար է ասել, թե քանի ՀԿ-ից քանի հոգի փախավ կամ արտագաղթեց հենց այդ պատճառով, հասկանալի՞ է, թե ինչու մարզերում այդպես էլ տեղական կամ պետական իշխանությունների ապօրինությունները հետաքննող, դիտարկող եւ քննադատող կազմակերպությունների թիվը չանցավ 4-5-ից:
Այդուհանդերձ, հանրությունը արեց հեղափոխությունը եւ այսպես թե այնպես տուն ուղարկեց պետությունը հարստահարողների եւ մարդու իրավունքները համակարգված կերպով ոտնահարող իշխանությունների մի մասին: Շատ չանցած շեշտակի աճեց հիստերիան մի քանի տասնյակ հասարակական կազմարպությունների նկատմամբ: Նախկին ու մեղադրյալ դարձած իշխանություններին ու նրանց ձագուկներին պատկանող, հաճախ կեղծ սեփականատերերի անուններով գրանցված լրատվամիջոցներում համակարգված կերպով սկիզբ առավ զրպարտչական կաղկանձը, թե «սորոսականները քանդեցին երկիրը, դատում են հերոսներին, իշխանություններին ինչ ասես անել են տալիս իրենց ուզածով…», «էս մեկը սորոսական է, որովհետեւ մի նկար կա, որտեղ ինքը բարեւում է հիմնադրամի տնօրենին…» եւ այլն:
Թե ինչո՞ւ հատկապես հեղափոխությունից հետո, շատերին պարզ է, բայց կարծում եմ լրացուցիչ բացատրության կարիք կա: Այս մի քանի կազմակերպությունը, որոնց վրա հաչում են օրինիբուն, համառորեն եւ հետեւողականորեն պնդել են ու պնդում են նախ պետության զավթման ռեժիմին քաղաքական գնահատական տալու կարիքը եւ դրանից բխող անցումային արդարադատության համակարգի ներդրումը, դրա բոլոր բաղադրիչներով, որ պարտադիր է զավթված պետությունից դեպի ժողովրդավար պետության որակյալ անցման համար, սովորական անցում, այսպես թե այնպես, լինում է: Սա նշանակում է բարեփոխումներ բոլոր եւ, հատկապես, պետաիրավական ոլորտում, մեղավորների պատասխանատվության համակարգ, այս թվում՝ պետությանը հասցված վնասների փոխհատուցում, արդար դատ ու դատաստան:
Անցումային արդարադատության հայեցակարգի մասին խոսվել է նաեւ հեղափոխությունից առաջ, այս մի քանի կազմակերպությունները իրենց մասնագետներով բացատրել են, թե ինչ է պետության զավթումը եւ ինչպես պիտի ապաքինել համակարգն ու երկիրը, այլապես այն լինելու է որդը կերած աթոռի պես մի բան, հենց քամին փչի՝ փլվելու է փոշի դառնա, որքան էլ արտաքին տեսքը չի հուշում վերահաս աղետը:


Հեղափոխությամբ իշխանության եկած ուժը Ն.Փաշինյանի գլխավորությամբ սկզբում զգալ տվեց, որ հասկանում է անցումային արդարադատության անհրաժեշտությունը, ինչը անշուշտ ծանր գործ էր, հրապարակային խոստումներ եղան, որ այն իրականացվելու է, հետո երբ բանը հասավ կոնկրետ գործողություններին, ոլորտ առ ոլորտ բարեփոխումների հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի/ճանապարհային քարտեզների մշակմանը եւ գործարկմանը, սկսվեցին տեղապտույտներ, ձգումներ ու դանդաղումներ, ավելի շատ ձեւական քայլեր եւ հաշտվողականություն նախկին համակարգի արատների ու զավթարար պաշտոնյաների, իրավապահների հետ, քան թե իրական եւ վճռական գործողություններ: Հեղափոխություն արած եւ իշխանություն դառածներից ոչ մեկը 2018-ի մայիսին չէր պատկերացնում օրինակ, որ մեծարգո պարոն Խունդկարյանը պիտի մնա նոր Հայաստանի դատական համակարգի վճռական դիրքերում, բայց երկու տարի անց սիրով պատկերացրեց, էլ ասելու չէ: Այդպիսի օրինակները բազմաթիվ են․․․

շարունակությունը կարող եք կարդալ հղումով »։

Գրառում էր կատարել Լևոն Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում

Spread the love