
Restart Times-ի զրուցակիցն այս անգամ «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության անդամ, ՇՊՀ-ի ուսանողուհի Բուրաս Հովհաննիսյանն է, ով խոսել է ՇՊՀ-ի նախկին ՈՒԽ-ից , կառույցի ներսում եղած բարձիթողի իրավիճակից և ՇՊՀ ՆՈՐ ՈՒԽ-ի գործունեությունից և նախատեսվելիք փոփոխություններից:
Դուք նախաձեռնել եք ՇՊՀ ուսանողական խորհրդարան կառույցի ստեղծումը, կմանրամասնե՞ք՞
Դեռևս մեկ տարի առաջ ՇՊՀ-ում իրականացրինք մոնիթորինգ, որի արդյունքում բացահայտեցինք մի շարք ապօրինություններ. մասնավորապես այն, որ ՈՒսանողական խորհուրդը չունի կանոնադրություն, որը ընդունված է ՈՒԽ համագումարի կողմից և հաստատված է ԿԳՄՍ նախարարության կողմից, վերահսկվում է վարչական աշխատողի կողմից, որն իր հերթին չի համապատասխանում իր զբաղեցրած հաստիքին և չունի նույնիսկ բարձրագույն կրթություն: Մենք հաշվի ենք առել նաև բուհի ուսանողների դժգոհությունները կառույցի վերաբերյալ. շատ ուսանողներ չեն կարողանում ընդգրկվել ուսանողական խորհրդում, քանի որ այն նեղ ծանոթների համար է: Ստացվում է, որ այնպես որ կառույցը, որը պետք է զբաղվեր ուսանողների շահերի պաշտպանությամբ և բուհում ուսանողների համար տարբեր կրթական և ժամանցային միջոցառումների կազմակերպմամբ, մատնված է անգործության կամ պարզապես հատուկ անձանց շահերի սպասարկմամբ և որևէ կապ չունի ուսանողների հետ: Նման պայմաններում է, որ մենք՝ ՇՊՀ ուսանողներս համալսարանի տարբեր ստորաբաժանումներից համախմբվեցինք և ձևավորվեց ՇՊՀ ՆՈՐ ՈՒԽ նախաձեռնող խումբ, որը ընդունեց հռչակագիր, որում սահմանված են մի շարք կարևորագույն սկզբունքներ, և որի շուրջ հավաքվեց 100-ից ավելի ՇՊՀ ուսանող։ Նախաձեռնող ուսանողների խումբը, որպես այդպիսին, դարձավ ՆՈՐ ՈՒԽ Ընդհանուր ժողովը, որից ձևավորվեց Կանոնադիր ժողով, որը մշակեց ամբողջովին նոր կանոնադրություն (14 էջ), և պետք է նշեմ, որ ՀՀ բուհերից որևէ մեկի ՈՒսանողական կառույցի կանոնադրություն այդքան մանրակրկիտ, պարզ և հստակ ձևակերպումներ չունի։ Երեք շաբաթ առաջ տեղի ունեցավ առցանց Ընդհանուր Ժողով, որը նշանավոր դարձավ այն հանգամանքով որ 80-ից ավելի ուսանողներ (նախկինում այդքան մեծ ուսանողների թվաքանակով Ընդհանուր ժողով երբևէ չի եղել ՇՊՀ-ում) մասնակցեցին 2 կարևորագույն օրակարգային հարցերի քննարկման ՝ ՇՊՀ ՆՈՐ ՈՒԽ կանոնադրության քննարկում և ընդունում, և ապօրինի ՈՒԽ կանոնադրության ուժը կորցրած ճանաչելու որոշման ընդունում։ Սա, կարելի է ասել, պատամական իրադարձություն էր ՇՊՀ -ում։ Հավելեմ, որ 2 օրակարգային հարցերը ընդունվեցին Ընդհանուր ժողովի կողմից, և ՇՊՀ ՆՈՐ ՈՒԽ կանոնադրությունը արդեն իսկ ուղարկվել է ԿԳՄՍ նախարարություն հաստատման։
Ի՞նչ նպատակներ է հետապնդում այդ կառույցը
Այս կառույցը, որի կանոնադրությունը արդեն իսկ ուղարկվել է նախարարություն հաստատման և հաստատվելու պարագայում, այն կդառնա ՇՊՀ նոր ուսանողական խորհուրդ, ստանձնելով նախկին ապօրինի ուխ-ի բոլոր լիազարությունները, որպես այդպիսին կդառնա բուհի ամենամեծ, ամենաընդգրկուն, ուսանողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ուսանողական կառույց , որը նաև ըստ կանոնադրության, կառավարման մարմիններ ուսանողական ներկայացուցիչներ պատվիրակելու լիազորություն կունենա։ Այս նոր ՈՒսանողական խորհուրդը կլինի ամբողջովին նոր արժեհամակարգային և սկզբունքային մոտեցումներով, կլինի բաց,անկախ, թափանցիկ, ներառական, ազնիվ և արդար գործելաոճ ունեցող ուսանողական կառույց։ Այս կառույցում բոլորը ունեն մեկ նպատակ, բարձրացնել ուսանողի դերը հասարակության կայացման գործում, մեծացնել ուսանողի իրավագիտակցության մակարդակը և քաղաքացիական բարձր պատասխանատվությունը։ Այս կառույցը բուհի ուսանողության ինքնազարգացման և բոլոր ուսանողների համար նոր հնարավորություննների ընձեռնման հարթակ է դառնալու, իսկ մարզային ամենամեծ բուհի ուսանողական խորհուրդը իր գործելաոճով օրինակ է դառնալու մյուս բոլոր բուհերի ուսանողական կառույցների համար։
Ովքե՞ր կարող են ներգրավվել կառույցի աշխատանքներում
Կառույցը ՇՊՀ բոլոր ուսանողների համար է և ըստ սահմանված կանոնադրական և ընթացակարգային դրույթների ուսանողները, դառնալով ՇՊՀ ՆՈՐ ՈՒԽ անդամ, ներգրավվում են կառույցի աշխատանքներում։ Այս կառույցը չունի որևէ խտրական դրսևորում ուսանողների ներգրավման հարցում, մենք նույնիսկ նոր կանոնադրությամբ սահմանել ենք, որ ՇՊՀ ՆՈՐ ՈՒԽ անդամ կարող են դառնալ առաջին կուրսի ուսանողները։ Այսպիսով ՇՊՀ ՆՈՐ ՈՒԽ-ն, ՇՊՀ բակալավրիատում, մագիստրատուրայում առկա և հեռակա բաժիններում սովորող բոլոր կուրսի ուսանողների համար բաց է։
Ի՞նչ գործառույթներ է իրականացնելու կառույցը։
Կառույցը իրականացնելու է այն բոլոր գործառույթները, որոնք սահմանված են կանոնադրությամբ և ընթացակարգերով։ Այն, դառնալով բուհի ամենամեծ և ընդգրկուն ուսանողական կառույցը, զբաղվելու է ուսանողների շահերի պաշտպանությամբ, ուսանողների կրթական, գիտական, ժամանցային միջոցառումների կազմակերպմամբ, բուհում ուսանողական կյանքի ակտիվացմամբ և ընդհանուր առմամբ ուսանողների իրավագիտակցության և քաղաքացիական ակտիվության բարձրացմամբ։Այս կառույցի ինչպես ձևավորման, այնպես էլ գործունեության հիմքում դրված են ժողովրդավարական արժեքներ, որոնք ամուր հիմք են ցանկացած կառույցի կայացման և զարգացման համար։
Ըստ ձեզ ինչո՞վ այս կառույցը կտարբերվի ՇՊՀ-ի նախկին Ուխ-ից
Այս կառույցը տարբերվում է արժեհամակարգով, սկզբունքներով, գործելաոճով և ընդհանուր առմամբ իր տեսակով և նպատակներով։ Նոր ՈՒԽ-ը բացառապես ուսանողների և ուսանողական կյանքին, ու վերջիններիս վերաբերող հարցերի բարձրաձայնմանն ու լուծմանն է ուղղված լինելու: Այն անկախ է քաղաքական, կուսակցական և ցանկացած այլ հարցերից, որոնք չեն առնչվում ուսանողներին և ուսանողությանը։ Այս կառույցը նոր ուսանողական օրակարգ է բերում բուհ։
Վերջերս իրականացրած իրազեկման ակցիայի ժամանակ արդյո՞ք ուսանողների շրջանում հետաքրքրվածություն կար կառույցի նկատմամբ
Միանշանակ, պետք է մեծ ուրախությամբ նշեմ, որ հենց իրազեկման ակցիայի ժամանակ անմիջապես բուհից մեզ միացան մի շարք ուսանողներ, ովքեր մեզ հետ միասին իրականացրեցին իրազեկիչ թերթոնների տրամադրման գործընթացը առաջին կուրսեցիների շրջանում, ողջունելի էր նաև առաջին կուրսի ուսանողների շրջանում առկա մեծ ոգևորությունն ու քաջալերանքը իրականացվող պրոցեսների նկատմամբ։
Ըստ ձեզ արդյո՞ք այս կառույցը կարող է համարվել հեղափոխության մուտքը դեպի բուհեր
Մենք միշտ նշում ենք, որ հեղափոխությունը այդպես էլ բուհեր չհասավ և մուտք չգործեց, բայց ես այսօր, այս պահին ուզում եմ ասել, որ եթե կա նպատակ, ապա բոլոր միջոցները կնպաստեն այդ նպատակի իրագործմանը։ Այսօր մենք՝ ՇՊՀ –ի ուսանողներս, գիտակցելով և կարևորելով հեղափոխության և հեղափոխական արժեքների կարևորությունը և անհրաժեշտությունը, նոր ուսանողական, հեղափոխական օրակարգ ենք բերում բուհ։ Մարզային ամենամեծ բուհում մուտք է գործում հեղափոխությունը և առաջնագծում են ուսանողները։ Հեղափոխությունը և հեղափոխական արժեքները ա՛յս կառույցով են մտնելու բուհ:
https://restarttimes.am/

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման