Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

27 տարին լրացած և չծառայած ՀՀ քաղաքացիները, որոնք հետախուզվում են, կարող են վերադառնալ Հայաստան՝ վճարի դիմաց․ օրենքի նախագիծ

Շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ, որով 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և քրեական հետախուզման մեջ են, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։

«Բացի այդ, վերոնշյալ գումարը վճարելուց և քրեական հետապնդումից արդեն իսկ ազատվելուց հետո առաջիկա երեք տարվա ընթացքում երկու տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում վճարված գումարն ամբողջությամբ հետ կստանան, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հնարավորություն կստանան»,- գրել է նա։

Օրինագիծը հեղինակել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը և Անդրանիկ Քոչարյանը, ինչպես նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Առաջարկվող նախագիծն ուղղված է կարևորագույն երկու խնդիրների լուծմանը, առաջինը՝ ՀՀ պաշտպանության և անվտանգության բնագավառում ծագող հասարակական հարաբերությունների պաշտպանության նպատակով խստացվում են քրեաիրավական կարգավորումները ՝ երկարաձգելով 327-րդ հոդվածով [ՍիվիլՆեթ – Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը] արգելված արարքների համար սահմանված վաղեմության ժամկետները և բարձրացնելով ազատազրկման ձևով պատիժների նվազագույն և առավելագույն չափերը, ինչը զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով արտագաղթի լավագույն կանխարգելումն է, որը հետադարձ ուժ չունի: Երկրորդը՝ հայրենադարձության ապահովման նպատակով հետադարձ ուժ ունեցող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածում լրացվող նոր խրախուսող նորմն է»,- ասված է Ազգային ժողովի կայքում հրապարակված՝ նախագծի հիմնավորման մեջ:

Լուսինե Վարդանյան

https://www.civilnet.am/

Spread the love