Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

ՇՊՀ-ում ձևավորվում է նոր լեգիտիմ Ուսանողական խոհրդարան

ՇՊՀ-Ի ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

ՇՊՀ-ի նախաձեռնող ուսանողների խումբը, արտահայտելով բուհի ուսանողների մեծամասնության կարծիքը, գիտակցելով իր առաքելության կարևորությունը ուսանողների իրավունքների պաշտպանության գործում, հիմնվելով ՀՀ բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ կետի, ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի համար 1031-Ն որոշման 11-րդ գլխի, 124-րդ հոդվածի 10-րդ կետի, 129-րդ հոդվածի և 13-րդ հոդվածներով նախատեսված դրույթների վրա, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ Շիրակի պետական համալսարանում «Ուսանողական խորհուրդ» համարված մարմինը նախկինում եղել է ոչ լեգիտիմ, անօրինական, նախարարության կողմից չհաստատված կանոնադրությամբ ուսանողական կառույց, հայտարարում է՝ Շիրակի պետական համալսարանի նոր Ուսանողական խորհրդարանի /այսուհետ՝ Խորհրդարան/ կազմավորման գործընթացի սկիզբը։ Մենք` ներքոստորագրյալներս, նպատակ ունենալով Շիրակի պետական համալսարանում հիմնել Ուսանողական Խորհրդարան, հռչակում և ամրագրում ենք հետևյալ սկզբունքներն ու նպատակները.ՇՊՀ Ուսանողական խորհրդարանի ձևավորման նախաձեռնող խմբի նպատակներ և սկզբունքներ․
1. Ձևավորել նոր, թափանցիկ, բաց և ժողովրդավարական սկզբունքներով գործող, հանուն ուսանողական գերակա շահի և հանրության ու ուսանողության զարգացման գործունեություն ծավալող և ՇՊՀ ուսանողների շահերը պաշտպանող և ներկայացնող ՇՊՀ-ի Ուսանողական խորհրդարան,
2. Կազմակերպել նոր Ուսանողական խորհրդարանի Կանոնադրության մշակման, բաց, թափանցիկ և մասնակցային գործընթացները ՇՊՀ-ի ուսանողության շրջանում,
3. Անցկացնել ՇՊՀ-ի Ուսանողական խորհրդարանի ընտրություններ՝ շահագրգիռ մասնակցայնությամբ և ուսանողական լայն շրջանակների կամքի արտահայտմամբ,
4. Նպաստել Ուսանողական խորհրդարանում ուսանողների ներկայացուցչականության ապահովմանը,
5. Նպաստել ուսանողական ինքնավարությանը,
6. Ուսանողական խորհրդարանը կամավորության սկզբունքով աշխատող ուսանողական ինքնավար միավորում է,
7. ՈւԽ անդամները չեն վարձատրվում և իրենց կարգավիճակով նյութական բարիքներ ստանալու նպատակներ չեն հետապնդում,
8. ՈւԽ-ն ապակուսակցական կառույց է, որը չի մասնակցում համապետական, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև կուսակցական կամ քաղաքական քարոզարշավների: ՈւԽ-ի պարտականությունն ու մշտական առաքելությունն է՝ ձևավորել կանոնադրական երաշխիքներ և այս դրույթի պահպանմանն ուղղված ավանդույթներ,
9. ՈւԽ-ի համար կրթությունը և գիտությունը՝ որպես հասարակական կյանքի ոլորտ, առաջնահերթություններ են,
10. ՈւԽ-ի համար համալսարանի ուսանողի քաղաքացիական ազատ կամարտահայտման իրավունքը բացառիկ պաշտպանության ենթակա արժեք է,
11. ՈւԽ-ը պետք է նպաստի համալսարանի ուսանողների կրթական, գիտական, ֆիզիկական, մշակութային արժեքների ձևավորմանը և ստեղծի առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ համալսարանի բոլոր շահառու խմբերի միջև,
12. ՈւԽ-ի անդամ կարող է դառնալ համալսարանի ցանկացած ուսանող՝ անկախ ռասսայական, մշակութային, սեռային, կրոնական կամ այլ խմբերի պատկանելիությունից, հասարակական, քաղաքական կամ այլ կողմնորոշումից: ՇՊՀ-ի Ուսանողական խորհրդարանը մերժում է ռասսայական, կրոնական, ազգային, սեռային, սոցիալական որևէ խտրականություն,
13. ՈւԽ-ի գործունեության հիմքում դրված են որոշումների կայացման ուղիղ և ներկայացուցչական ժողովրդավարության ձևերն ու ավանդույթները,
14. ՈւԽ ղեկավար մարմնի ընտրությունն ու կարևոր որոշումները բոլոր հնարավոր դեպքերում կայացվում են ուղիղ ժողովրդավարական մեխանիզմներով: ՈւԽ նոր Կանոնադրությունը ուժի մեջ մտնելուց հետո բուհի ուսանողության պաշտոնական թվակազմի 15 և ավելի տոկոս ուսանողների ստորագրությամբ բարձրացված յուրաքանչյուր հարց պետք է որոշվի ուղիղ ժողովրդավարության մեխանիզմներով: 15. Ցանկացած գործողություն պետք է համապատասխանի վերոնշյալ սկզբունքներին:


Սույն Հռչակագիրը և նրանով սահմանված արժեքներն ու սկզբունքներն ամբողջապես ՀՀ օրենքի և Սահմանադրության հետ միասին հանդիսանում են ՈւԽ-ի կանոնադրության և գործունեության անքակտելի հիմքերը և ուժի մեջ են մտնում Հիմնադիր Ընդհանուր ժողովի հավանությանն արժանանալուց հետո՝ հրապարակման պահից:
Հիմնադիր Ընդհանուր ժողովն ընտրում է Կանոնադիր ժողով, որը Հռչակագրի հրապարակումից առավելագույնը մեկամսյա ժամկետում մշակում և ԿԳՄՍՆ է ներկայացնում ՇՊՀ-ի նոր Ուսանողական խորհրդարանի կանոնադրությունը:,

ՇՊՀ-ի նախաձեռնող ուսանողական խումբը հրավիրում է ՇՊՀ-ի բոլոր ուսանողներին նոր Ուսանողական Խորհրդարանի Կանոնադրության քննարկմանը և ընդունմանը սեպտեմբերի 7-ին, ժամը` 14:00-ին Zoom առցանց հարթակի միջոցով․ հղումը՝ https://us04web.zoom.us/j/3587891364?pwd=SFBlNHhEQmVoQklMbFk3dXZydC9vZz09

ՇՊՀ-ի նոր Ուսանողական խորհրդարանի Կանոնադրությունը՝

Ակնկալում ենք բոլոր ուսանողների ակտիվ մասնակցությունը այս կարևորագույն գործընթացում։

Սույն հայտարարությունը և Հռչակագիրը բաց է բոլոր միանալ ցանկացող ուսանողների համար։

Շնորհակալություն

Լավագույն մաղթանքներով և սիրով
ՇՊՀ-ի նոր Ուսանողական Խորհրդարանի նախաձեռնող խումբ․

—————————

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Նշենք որ, երեկ Նախաձեռնող ուսանողների խմբի, Կանոնադիր ժողովի լիազոր ներկայացուցիչների կողմից /Գևորգ Ղուկասյան, Մառա Հարությունյան, Բուրաստան Հովհաննիսյան, Աշոտ Մկրտչյան, Մարիամ Գրիգորյան/ դիմում է ուղարկվել ՇՊՀ-ի ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանին նաև ՇՊՀ ՀԽ նախագահ Լևոն Բարսեղյանին առ այն, որ սույն հայտարարությունը, ստորագրված և ընդունված Հռչակագիրը և նոր ՈՒԽ Կանոնադրությունը տեղադրվեն և հրապարակվեն բուհի պաշտոնական կայքում՝ ի լուր բոլոր ուսանողների, որպեսզի հնարավորինս հասանելի լինի բուհի լայն ուսանողական շրջանականերին։Նոր ՈՒԽ Կանոնադրության առցանց քննարկումն ու ընդունումը կապված է համաճարակային վտանգաների և ՀՀ-ում արտակարգ դրությունից բխող սահմանափակումների հետ, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների հորդորով՝ ելնելով վերընշյալ առողջապահական վտանգներից։

#Միասին_մենք_ուժեղ_ենք#RestartShSU

Spread the love