Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Աշխատանքով ապահովել գործազուրկին ու բյուջեից գումար ստանալ․ սոցապի նոր նախագիծը

«Կորոնավիրուս (COVID-19)»-ի համաճարակի պատճառով աշխատանքը կորցրած անձանց աշխատանքի տեղավորելու նպատակով, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը նախագիծ է մշակել ու այն տեղադրել իրավական ակտերի միասնական հարթակում։ 

Նախարարությունն առաջարկում է միանվագ  250 հազար դրամի փոխհատուցում այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն համավարակի պատճառով աշխատանքը կորցրածներին։ Ծրագրում առաջնահերթության կարգով կընդգրկվեն հաշմանդամություն ունեցող, երեխաներ ունեցող և ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող անձինք:

Թեթև արդյունաբերության ոլորտը կորոնավիրուսի համավակարկից ամենաշատը   տուժածներից է։ Այստեղ պատվերները կրճատվել են, ժամանակ առ ժամանակ այս կամ այն ձեռնարկությունում էլ կորոնավիրուսի օջախ է բռնկվում։ 

Զրուցակիցս՝ Ժաննան, համավարակի այս օրերին գործազուրկ է դարձել․ «Ես աշխատում եմ Նորագավթում` կարի արտադրամասում։ Մենք մարտի  16–ից  սկսած  աշխատում էինք ընդհատումներով, ապրիլ, մայիսը ընդհանրապես չենք աշխատել։ Հունիսը աշխատել ենք մի քանի օր։ Վերջում ասացին դիմում գրեք,  ազատվեք աշխատանքից, մենք չենք կարողանում աշխատող պահել»,-ասում է Ժաննան։

Թե կորոնավիրուսի համավարակի հետևանքով որքան մարդ է  աշխատանքը կորցրել, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունում ամփոփ տվյալներ դեռ չկան։  Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշում է, որ   ունեն վերլուծություն, թե հատկապես որ  ոլորտներում են մարդիկ  ամենաշատը աշխատանք կորցրել՝ տուրիզմ, ռեստորանային բիզնես, սպասարկում։ Սարգսյանն ընդգծում է՝  հատկապես գարնանն էին  մարդիկ աշխատանք կորցնում։ Եվ ահա աշնանը նրանց մի մասին նոր աշխատանք գտնելու հնարավորություն կտրվի։

Նախարարությունը որոշել է աջակցել համավարակի հետևանքով գործազուրկ դարձած քաղաքացիներին, նաև` խրախուսել գործատուներին վերջիններիս աշխատանքի ընդունելու համար։ Իրավական ակտերի միասնական հարթակում քննարկման է դրված նախագիծը․

«Եթե գործատուն աշխատանքի ընդունի այն անձին, որը աշխատանքը կորցրել է այս տարվա մարտից մինչև դեկտեմբերի 1 ընկած ժամանակահատվածում, ապա մենք գործատուին կտանք միանվագ 250 հազար դրամ։ Սա մոտիվացիա կլինի գործատուների համար»,- նշում է Ժորա Սարգսյանը։

Նախարարությունում գիտեն՝ կլինեն դեպքեր, երբ գործատուն աշխատանքի կընդունի գործազուրկին, կստանա գումարն ու նրան աշխատանքից կազատի։ Գիտեն ու, այսպես ասենք, կանխարգելիչ միջոցառում են առաջարկում․

«Մենք ՊԵԿ–ի բազաները նայում ենք, ու եթե պարզվի, որ աշխատանքային հարաբերությունները ավարտվել են ավելի շուտ, քան մեկ տարին է, ապա գործատուն պարտավոր է 250 հազար դրամ գումարը վերադարձնել պետական բյուջե։ եթե աշխատողը չի ուզում  մեկ տարի աշխատել, ապա նրանից ենք հետգանձում անելու, բացառությամբ հաշմանդամություն ունեցողների։ Նրանց դեպքում հետգանձում չենք նախատեսում»,- ասում է Աշխատանքի և զբաղվածության վարչության պետը։

Ծրագրի նպատակն է, որ առնվազն մեկ տարի պետական բյուջեի աջակցությամբ աշխատանքի ընդունված անձը  շարունակի աշխատել։   Նախնական   հաշվարկներով`   ծրագիրը  500 շահառուի համար է նախատեսված։ Սակայն, եթե նախագիծը հաստատվի,  պահնաջարկ ու բյուջեում էլ փող լինի` շահառուների ցանկը կընդլայնվի։

Շահառու դառնալու համար պետք է գրանցվել Զբաղվածության տարածքային կենտրոններում, կհաշվառվեն՝ ներկայացնելով աշխատանքի ազատման հրամանը։

Տնտեսագետ փորձագետ Հայկ  Բեջանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝  Հայաստանում  գործազրկության մակարդակը շուրջ  17 տոկոս է, աղքատության մակարդակը՝  25–26 տոկոս է կազմում, ուստի չենք կարող ասել, որ սոցիալական  աջակցության ծրագրերը բավարար են․

«Դա հսկայական միջոցների հետ է կապված։ Այսինքն, սոցիալական ծրագրերը պետությունն անում է այն չափով, ինչքանով ներում են իր հնարավորությունները, որովհետև 25 տոկոս աղքատության համար ինչքան էլ նոր հատկացում ու փոխհատուցում անես, պակաս է լինելու»,- ասում է փորձագետը։

Համավարակի սոցիալական հետևանքների չեզոքացման նպատակով կառավարությունը  13 միջոցառում է իրականացրել՝ կոմունալ վճարների փոխհատուցումից մինչև  կորոնավիրուսից ամենաշատը տուժած ոլորտների աշխատակիցներին միանվագ գումարներ տրամադրելը։

https://hy.armradio.am/

Spread the love