Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանի ձեռքբերման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է. ովքեր կարող են դառնալ շահառուները

Մանկահասակ երեխա ունեցող 1085 ընտանիք այս տարի կկարողանա օգտվել բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից: Կառավարությունն այս տարվա մայիսին 14-ին ընդունել է որոշում, որով կյանքի է կոչել ծնելիության խրախուսման, երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր: Ծրագրերն արդեն վերագործարկվել են, ուղղությունները երեքն են` աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը, խթանել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային բնակավայրերում և երեխայի ծննդյան դեպքում հիպոթեքային վարկի թեթևացում կատարել:

Ծրագրի բաղադրիչներ

Ծրագիրն իրենից ներկայացնում է 3 ենթածրագիր: Ըստ առաջինի` այս տարի նախատեսվում է միանվագ դրամական աջակցություն տրամադրել 245 շահառուի: Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող շահառուին և ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը։

Այս դեպքում շահառուն պետք է ունենա առնվազն երկու անչափահաս երեխա: Միանվագ դրամական աջակցության չափը կազմում է  ձեռք բերվող բնակարանի արժեքի հինգ տոկոսը, բայց ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամը: Նկատենք, սակայն, որ յուրաքանչյուր երեխայի ծննդյան փաստի հետ մեկտեղ գումարի չափը կարող է ավելանալ, միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կարող է լինել 2 միլիոն դրամ: Շահառուի` մինչև 30 տարեկան լինելու պարագայում դրամական աջակցության չափը կարող է ավելանալ, այս պարագայում առավելագույն չափը կարող է լինել 2,6 միլիոն դրամը:

Մյուս ենթածրագրով աջակցություն է տրվում ձեռք բերվող բնակարանի կանխավճարի ապահովագրության համար` ապահովագրության տարեկան վարձավճարը կատարելու համար: Այս դեպքում շահառուն առնվազն մեկ անչափահաս զավակ պետք է ունենա: Դրամական աջակցության չափը սահմանվում է համապատասխան պայմանագրով սահմանված տարեկան ապահովագրական վճարի 90 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տարեկան 180 հազար դրամը: Այս ենթածրագրով այս տարի աջակցություն կարող է տրամադրվել 540 շահառուի:

Երրորդ ենթածրագրով էլ աջակցություն է տրամադրվում երեխայի ծննդով պայմանավորված հիպոթեքային վարկ մարող ընտանիքին, գումարն ուղղվում է հիպոթեքային վարկի մայր գումարի մարմանը: Այս դեպքում ընտանիքի երկրորդ երեխան պետք է ծնված լինի 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, և երեխայի ծննդյանը նախորդող առնվազն մեկ տարվա ընթացքում շահառուն չպիտի ժամկետանց հիպոթեքային վարկ ունենա: Այս դեպքում աջակցություն կարող է ստանալ 300 շահառու:

Բոլոր ենթածրագրերի դեպքում շահառուն կարող է օգտվել միայն մեկ անգամ, հիպոթեքային վարկի գործողության ընթացքում բնակարանի օտարման դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման: Բոլոր դեպքերում  բնակարանի առավելագույն արժեքը 30 միլիիոն դրամն է, որը շահառուի երրորդ և հաջորդ երեխայի հաշվով ավելացվում է 5-ական միլիոն դրամով:

Ովքեր կարող են դառնալ ծրագրի շահառուներ

Վերջին տարիներին պետական աջակցության բնակարանաշինության ծրագրերի հիմնական շահառուներն են եղել երիտասարդ ընտանիքները, երիտասարդ մասնագետները, ԵՊՀ շրջանավարտները, այս ծրագրերի շրջանակում հիմնականում շեշտադրում է արվել բնակարանաշինությանը Երևանում, ինչը, սակայն  հասանելի չի եղել մարզային բնակիչներին: Քանի որ բացառությամբ Վանաձորի ու Գյումրիի, այլ համայնքներում գրեթե չկան նորակառույց շենքեր: Այս ծրագրի դեպքում էական չէ՝ շահառուն որ համայնքի բնակիչ է, ձեռք բերվող բնակարանը (անհատական բնակելի տունը) առաջնային շուկայից է, թե երկրորդային, ամուսինները պետական, թե մասնավոր հատվածի աշխատակից են, որքան է նրանց տարիքային հանրագումարը: Այս ծրագրի դեպքում ծրագրի շահառու կարող են դառնալ բացառապես ընտանիքում մանկահասակ երեխա(ներ) ունեցող ընտանիքները, որոնց վարկունակությունը կհամապատասխանի հիպոթեքային վարկ ձեռբերելու համար:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Սասուն Համբարձումյանն ընդգծում է` ծրագիրը միտված է ժողովրդագրական խնդիրների բարելավմանը, եթե քաղաքացիները նորապսակներ են, չունեն երեխա, չեն կարող ծրագրի հավակնորդ դառնալ նույնիսկ այն պարագայում, եթե ունեն լավ վարձատրվող, կայուն աշխատանք: Երեխայի ծնունդը պարտադիր պայման է, և երեխայի ծնունդների թիվը խրախուսող կոմպոնենտ է հանդիսանում այս ծրագրում:

Սասուն Համբարձումյանը

Հուլիսի 1-ից ծրագիրը գործարկվել է, մինչ այս պահը ստացվել է 44 դիմում, 17-ի համար վճարում է կատարվել, 14-ը հաստատվել է, մյուսները` ուսումնասիրվում են:

Սասուն Համբարձումյանի հետ հարցազրույցի ժամանակ էլ ծրագրից հետաքրքրվողները զանգահարում էին ու հետաքրքրվում, թե ինչպես պետք է դիմեն: Նախարարությունը քաղաքացուց դիմում ստանալու դեպքում նախ դիմում է Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, տեղեկություններ ստանում երեխայի ծննդյան վկայականի իսկության վերաբերյալ, որից հետո բանկից` քաղաքացու վարկունակության վերաբերյալ դրական պատասխան ստանալու դեպքում, վերջինիս դիմումը հաստատվում է:

Նախարարության հետ համագործակցող բանկերը

Այս ծրագրի շրջանակում նախարարության հետ պայմանագիր է կնքել ութ առևտրային բանկ և մեկ վարկային կազմակերպություն, դրանք են` «Հայէկոնոմբանկը», «Հայբիզնեսբանկը», «Էվոկաբանկը», «Արմսվիսբանկը», «Ինեկոբանկը», «ԱյԴի» Բանկը, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը», «ՎՏԲ-Հայաստան Բանկը» և «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» վարկային կազմակերպությունը: Ծրագրի հաստատումից հետո բանկերի միությունում քննարկում է եղել, և այն կազմակերպությունները, որոնք ցանկացել են միանալ ծրագրին, նախարարության հետ պայմանագիր են կնքել: Քաղաքացիները ծրագրի պայմաններին համապատասխանելու դեպքում կարող են և առցանց դիմել նախարարություն և դիմել բանկ, որտեղ վերջիններիս վարկունակությունը կգնահատվի:

Ցանկում նշված բանկերից մի քանիսում իրականացրած մեր հարցախույզից պարզ դարձավ, որ այս ծրագրի դեպքում բանկերը պետության և քաղաքացիների միջև միջնորդի դերում են հանդես գալիս: Եթե այլ ծրագրերի դեպքում շատ չափորոշիներ կան, որոնց պետք է համապատասխանեն ամուսինները, ինչպես օրինակ` «մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» ծրագրի դեպքում չունենան անշարժ գույք, ապա այս ծրագրի դեպքում իրենց անվամբ գույք ունենալը ևս խնդիր չէ: Ծրագիրը ոչ թե բնակարանաշինությանն է միտված, այլ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը:

Ծրագրի համար յուրաքանչյուր տարի պետական բյուջեի միջոցներից  հատկացվելու է 520 միլիոն դրամ: Ծրագրի տևողությունը մինչև 2023 թվականն է, սակայն նախարարության պաշտոնյան չի բացառում, որ շահառուների թիվը գերազանցելու դեպքում կարող են լրացուցիչ գումարներ ևս ուղղվել:

https://hetq.am/

Spread the love