
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը, որը դեռ մշակման փուլում է:
Վարչապետն ընդգծել է հուշարձան շենքերի պահպանության ուղղությամբ հետևողական աշխատանքների կարևորությունը և շեշտել նախապես մշակված չափորոշիչները մինչ նախագծի ավարտը պահպանելու անհրաժեշտությունը:
Նշվել է, որ թաղամասի կառուցապատման նախագծերի վրա աշխատում է ճարտարապետական 7 խումբ՝ 60 ճարտարապետով: Փոխհատուցման ծավալը կազմում է 60 մլն դոլար, իսկ ընդհանուր թաղամասի կառուցապատման ներդրումային արժեքը գնահատվում է 300 մլն դոլար: Ակնկալվում է, որ շինարարական աշխատանքների ընթացքում ստեղծվելու է 8-10 հազար նոր աշխատատեղ:
Պատասխանատուները վստահեցրել են, որ մեծ ուշադրություն է դարձվելու հուշարձան շենքերի պահպանությանը: Թաղամասում կառուցվելու են նաև ստորգետնյա ավտոկայանատեղիներ:
Կառուցապատման ընդհանուր տարածքը կազմում է 58 հազար քմ, իրացվել է 49 հազար քմ, 9 հազար քմ տարածքը գտնվում է իրացման փուլում: Արդեն իսկ փոխհատուցվել է 378 ընտանիքի, ընթացքի մեջ է 50 ընտանիքի փոխհատուցման գործընթացը:
Օրեր առաջ ակտիվիստներն ահազանգել էին, որ թաղամասի հին շենքերից մեկը քանդում են: Այդ հրապարակումները լայն արձագանք էին ստացել ու քննադատության արժանացել։
2018-ին մարտին Կառավարությունը վերահաստատել է գերակա հանրային շահն արդեն նոր մոդելով: Տարածքը բաժանվել է 19 տարբեր մասերի և ներգրավվել են տեղական և օտարերկրյա ներդրողներ: Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ավելի վաղ հայտարարել էր, որ 10,000 շինարար Ֆիրդուսում $250 մլն-ի ծրագիր է իրականացնելու 3 տարի ժամկետով, և այդ ծրագիրը տնտեսական մեծագույն լոկոմոտիվ կլինի, իսկ այն կասեցնելը` սաբոտաժ։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը եռաչափ կադրեր է հրապարակել, որտեղ ներկայացված է Երևանի կենտրոնում՝ Ֆիրդուսի թաղամասում նախատեսվող կառուցապատման աշխատանքների ընդհանուր պատկերը։
PanARMENIAN.Net

More Stories
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. «ՀՀ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ»
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ 2026
Երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքում. ինչպես գաղափարը վերածել փոփոխության