Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Գյումրիում ավտոկայանատեղիները անվճար են, ԱՆՎՃԱՐ, ավագանին է որոշել, ոչ մեկը լիազորված չէ գալ եւ ավտոկայանման համար փող ուզել. Լևոն Բարսեղյան

«Նստելուց պրծանք
Ծանոթացեք.
Ձախ եզրային հարձակվող՝ Ռուզաննա Գառնիկի Տիգրանյան եւ աջ եզրային հարձակվող Սամվել Ճղրիկյան:
Գյումրիում՝ հանրային տարածքներում ավտոկայանումը անվճար է: Այդպես է սահմանել Գյումրու ավագանին արդեն 5-6 տարին եղավ, եթե ոչ ավել: Միաժամանակ, մոտ 20 հոգի, «պարկովշիկ» վեհ մասնագիտությամբ եւ բացառիկ կարողություններով օժտված անձինք, շարունակում են կայանման օգնականի գործն անել: Նրանք որեւէ հիմնարկում չեն աշխատում, թե «տանիք» ունեն՝ տեղյակ չեմ: Մի քանի անգամ անցած տարիներին ոստիկանությունը փորձել է այդ մարդկանց հեռացնել վարորդներին կպրշկելու այդ սուրբն գործից, հիմնականում անհաջող: Այդ քսան հոգին տարբեր վարքուբարք ունեն, ոմանք ընդհանրապես փող չեն հայցում, օգնում են վարորդներին, նրանք էլ, 50/100 դրամ տալիս են: Իսկ մի քանիսը, համարյա ավտոյի տակ են ընկնում ավտոյի դեմն են փակում, ավել-պակաս հաչում են, որ փող պոկեն: Վարորդների իրավունքն է պարգեւատրել օգնության համար կամ ոչ: Ես էլ երբեմն տալիս եմ, երբեմն, երբ 5-10 րոպեով եմ կանգնում, քշում, չեմ տալիս ոչինչ: Հիմա էս աջ եւ ձախ եզրային հարձակվողները, որ հեշտությամբ կարող էին ռեգբիի մրցումներում թիմի կապիտան լինել, գեշ խասիաթ ունեն:

Մի անգամ մադամ Ռուզանան որոշեց իմ ավտոյի մոտ կորդեբալետ սարքել, թե պտի վճարես, վախխխ, ձունը՝ սարերույն, ինչպես կասեր Ժնջիլ Վաղոն, տեսնեմ բաջ ունի դոշին, ես էլ լավ գիտեմ, որ որեւէ հիմնարկից կամ մանավանդ քաղաքապետարանից նման լիազորություն չունի՝ վարորդների ավտոյի տակն ընկնելու, պոկեցի խրոխտ կրծքից բաջը, ճղեցի եւ արժանացա մի քանի հատոր անեծքի, հասկանալի է՝ չդիպա մարմնամասերին, զգուշացրի՝ այլեւս չհարձակվել վարորդների վրա, բոլորն իմ պես համեստ չեն լինի: Մի քանի անգամ տեսա հարձակվել է ուրիշ վարորդների վրա ու ապացուցում է, որ նրանք իրեն պարտք են, որովհետեւ այդտեղ են թողել մեքենան: Էս զույգը դեգերում է Սբ.Ամենափրկիչ եկեղեցու՝ հրապարակին հարող մայթին: Էսօր էլ նստեցի մեքենաս, շարժվեմ, էս կնիկը Մակեդոնացուն վայել կայծակնային արագությամբ գրոհեց, ձեռով ոտով մյուս հարձակվողին նշանէ տալիս, թե կալմեջ արա, տեսնեմ էլի դոշին բաջ կա: Իջա բաջը էլի հանեցի վրայից, ասի էլ ոտի տակ չընկնես, մադամ: Մեկ էլ տեսնեմ աջ եզրային հարձակվողն է գրոհում, փորձեց խփել, բռնեցի ձեռները, լավ էր, հիշեցի, որ դեռ անավարտ գործեր ունեմ (վեթինգ, ռոբիկ, սերժիկ…), չխփեցի, տեսնեմ վզից կախած է «Հայաստանի Հանրապետության Գյումրու քաղաքապետարան» պանծալի վերնագրով բաջը, խլեցի այն որպես օրինական ավար եւ երկու քաղցր խոսք ասացի մեր Կինո Երեւանի մայլի գրադարանից, հետո զգացի, որ լավ չեն հասկանում երկուսով, դիմակը հանեցի (պարետին չասեք) նորից հատ-հատ կրկնեցի ասածս, որի հիմնական բովանդակությունն այս է՝ բախտերդ չփորձեք վարորդներին նեղություն տակ եւ այլն, մնացածը՝ երեխաները քնեն՝ կգրեմ:

Ուրեմն, հարգելի գյումրեցի եւ հյուր վարորդներ, Գյումրիում ավտոկայանատեղիները անվճար են, ԱՆՎՃԱՐ, ավագանին է որոշել, ոչ մեկը լիազորված չէ գալ եւ ավտոկայանման համար փող ուզել, պահանջել, մանավանդ, արգելափակել ավտոյի ելումուտը կայանման տարածքներ: Եթե նման բան կանեն, շան տեղ չդնեք, բայց եւ չարժե վրաերթ անել, զանգեք ոստիկանություն: Կկամենաք օգնել՝ տվեք ինչքան սրտներդ կուզի, բայց ոչ ոք իրավունք չունի ձեզնից փող պահանջել կամ ավտոյի ճամփեն փակել… Ոստիկանությանը խնդրում եմ, էդ տարածքներում էս բաջավորներին հսկել, պահանջել հիմքեր նման վերնագրերով բաջեր կրելու համար եւ ազատել տարածքը դրամաշորթներից:
Ձեր՝ Կինո Երեւանի մայլի տաքսիստ»

Գրառումը Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից

Spread the love