
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պաշտպանության բանակի լրատվական ծառայությանը տված մեկնաբանությունում հայտարարել է՝ իր համար անհասկանալի են Ադրբեջանի նախագահի հայտարարությունները։
«Ադրբեջանի գերագույն հրամանատարը օգտագործել է «քանի ուշ չէ» արտահայտությունը, որ հայկական ուժերը պետք է լքեն իր նշած տարածքները։ Հաշվի առնելով, որ մեր վարչապետը և Արցախի նախագահը միշտ հանդես են գալիս ոչ նման արտահայտություններով, հակառակը՝ կոչ անելով խաղաղության ու բանակցությունների շարունակականության, մեզ համար անհասկանալի են այդպիսի արտահայտությունները։ Ուղղակի որպես ՊՆ նախարար կուզեի հասկանալ՝ «քանի ուշ»-ը ե՞րբ է»,- հայտարարել է պաշտպանության նախարարը։
Անդրադառնալով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այն հայտարարություններին, որ պատրաստ են գործողություններ սկսել և միայն հրամանի են սպասում, Դավիթ Տոնոյանը ասել է՝ «այնպես չէ, որ մենք չենք սպասում նմանատիպ հրամանի». «Տավուշի մարտական գործողությունները վառ ապացույց են, որ կարճ ժամանակահատվածում, թեև հակառակորդը օգտագործեց գերժամանակակից շատ խիտ միջոցներ, հաջողության չհասավ ու ունեցավ բազմաթիվ կորուստներ»,- հայտարարել է Տոնոյանը։

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման