Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Հակահայկական շեշտադրումներով հաղորդում Վրաստանի ընդդիմադիր հեռուստաալիքի եթերում

Գիորգի Գաբունիան՝ իր ոճի մեջ. հակահայկական, կողմնակալ հաղորդումը

Վրաստանյան ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաընկերության եթերում Գիորգի Գաբունիայի «Post Factum» հաղորդման հուլիսի 26-ի թեման  հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունն է եղել: Հաղորդավարի նախաբանը, ինչպես նաև հաղորդման մաս կազմող ու մանրակրկիտ պատրաստված ռեպորտաժը, ամբողջովին հիմնված են Ադրբեջանի իշխանամետ, հաճախ կեղծ «տեղեկություններ» տարածող haqqin.az լրատվամիջոցի հրապարակումների վրա: Հաղորդումը վերնագրված է՝ «Նոր և մեծ պատերազմում ներգրավված Վրաստանը՝ հայ-ադրբեջանական հակամարտության սահմանին»։

Ստորև ներկայացնում ենք նախկինում բազմաթիվ սկանդալային իրավիճակներ ստեղծած հաղորդավար Գիորգի Գաբունիայի նախաբանը, ինչպես նաև այլ մանրամասներ վերոնշյալ հաղորդման մասին։

«Պակասում էր միայն, որ ուրիշների պատերազմի մեջ ներքաշվեինք: Չնայած սա արդեն ներքաշվել չի կոչվում, եթե իշխանությունն ինքն է որոշում կայացրել Վրաստանի տարածքով  զենք անցկացնել ու թշնամանալ 2 հակառակորդ հարևաններից մեկի հետ․ այն էլ հենց նրա, ով մեր ռազմավարական գործընկերն է: Շատ մեծ է հավանականությունը, որ հայկական կողմը ադրբեջանական գյուղերը ռմբակոծել է հենց մեր տարածքով ներմուծած զենքով: Ամեն դեպքում մեր ընկերը՝ Ադրբեջանը, վստահ է, որ այն հենց մեր տարածքով է անցել և մեր իշխանությունն է դա թույլ տվել: Այս մասին արդեն Ադրբեջանի կառավարությունն է խոսում: Եթե սա իրականություն է, հնարավոր է՝ «Վրացական երազանքը» անմիջապես Ռուսաստանի հրամանով է նման որոշում է կայացրել: Ամենաշատը հենց Ռուսաստանին է ձեռնտու, որ մեզ համար կարևոր գործընկեր Ադրբեջանը հեռանա մեզնից: Դավիթ Գարեջայում ստեղծված պատմությամբ սա նրանց չհաջողվեց, հիմա հնարավոր է  զենքի տեղափոխմամբ ստացվի»,- հայտարարում է Գաբունիան։ Այս նախաբանից հետո մեկնարկում է ռեպորտաժը՝ հետևյալ բովանդակությամբ․

«Գիտեիք, թե ոչ, ցանկանում էիք, թե ոչ, այսօրվանից ի վեր Հայաստանի դաշնակիցն եք՝ Ադրբեջանի դեմ պատերազմում: Եթե մեր գլխավերևում ռումբ էլ պայթեր, այնպես չէր վնասի, որքան Ադրբեջանի արդեն պաշտոնական մեղադրանքը, որ նպաստել ենք  Հայաստան զենք ներմուծելուն: Զենքը սերբական էր և Բաքվի վարկածով՝ մեր միջոցով Հայաստան է մտել  երկու երկրների միջև հակամարտության մեկնարկից օրեր առաջ»։

Ռեպորտաժի շրջանակներում Վրաստանի տարածքով անցնող ռազմական մեքենաների՝ ադրբեջանական լրատվամիջոցի տարածած լուսանկարը «ստուգելու» համար  Մթավարիի լրագրողը հասել է Սադախլո բնակավայր, որտեղ հարցում է արել տեղում բնակվող ադրբեջանցիներից՝ արդյո՞ք մոտ օրերին նման բեռնատարներ տեսել են: Տեղի բնակիչներից մի մասն ասում է, որ չի տեսել, մյուսը հաստատում է՝ բեռնատարները տեսել են համավարակից առաջ, կան նաև ընդամենը վերջերս մեքենաները «տեսնողներ»:

Ռեպորտաժում  և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ Վրաստանի փորձագետների հարցազրույցներից հատվածներ են  ներառված, ինչպես նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի տեսակետը խնդրի վերաբերյալ, բայց նյութի հեղինակ Թենգո Գոգոտիշվիլին իր մոտեցումները հիմնավորում է մեծամասամբ haqqin.az-ի վրա հղվելով՝ որպես «հավաստի ու հեղինակավոր աղբյուրի», թեև այն ճիշտ հակառակ համբավն ունի:

Ռեպորտաժն  ամփոփվում է հետևյալ եզրահանգումներով․ «Վրաստանի գլխավոր շահը, իհարկե, կովկասյան խաղաղությունն է: Պետք է լինի: Սակայն առաջնահերթություններ սահմանելիս պետք է հիշենք, որ մեր ռազմավարական դաշնակցի անունն Ադրբեջան է, Հայաստանի դաշնակցինը՝ Ռուսաստան: Ադրբեջանական տեղեկատվական գործակալությունը շատ մանրամասներ չի հրապարակում: Ինչով մի կողմից անվստահության, մյուս կողմից՝ տարբեր վարկածների տեղիք է տալիս: Օրինակ՝ ինչու՞ պիտի Հայաստանը կարիք ունենար այլ տեղից ներմուծել ռուսական կալիբրի և համակարգի զենք, եթե ռազմավարական դաշնակցի արտոնությամբ, Ռուսաստանից կարող է համաշխարհային գներից 60-65 տոկոսով ավելի էժան ցանկացած զենք ու տեխնիկա ձեռք բերել: Իսկ եթե ավելի հեռու գնանք, գուցե այս սխեման ու տեղեկության հրապարակման ժամանակն ուղղված է  Վրաստանի ու Ադրբեջանի ռազմական, քաղաքական ու տնտեսական տանդեմի վերացմա՞նը: Ծրագրել է դա Ռուսաստանը թե ոչ, Գյումրիի բազան արդեն տեղից շարժվել է։ Հայաստանի արտգործնախարարությունը չնայած մեր խնդրանքին, լռում է: Հայաստանի, Վրաստանի պաշտպանության նախարարությունների հետ մեկտեղ, լեզուները կուլ են տվել»:

haqqin.az-ի ու Վրաստանի կառավարության երկխոսությունը

Հիշեցնենք, որ ինչպես նախորդ շաբաթ ներկայացրել էինք, ադրբեջանական լրատվամիջոցը «Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով Հայաստանը Վրաստանի միջոցով զենք է ստացել Սերբիայից» խորագրով խմբագրական հոդված էր հրապարակել, վերջում  Վրաստանի կառավարութունից պաշտոնական բացատրություն պահանջելով: Բացատրությունն, ի դեպ, չուշացավ: Վրաստանի արտգործնախարարությունը հերքեց տեղեկությունը և այն  ապատեղեկատվություն, ինչպես նաև երկու ռազմավարական գործընկերների միջև արհեստականորեն խնդիրներ ստեղծելու նպատակ ունեցող սադրանք որակեց: Միաժամանակ, Ադրբեջանում Սերբիայի դեսպանի պաշտոնակատարը Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել հարցի վերաբերյալ բացատրություն տալու, որտեղ նշել էր, որ «տեղեկություն չունի զենքի տեղափոխման մասին»:

«Haqqin.az»-ի խմբագրական հոդվածն ու պաշտոնական Թբիլիսիի պատասխանը

Սրանից հետո, սակայն, հուլիսի 21-ին ադրբեջանական լրատվամիջոցը ևս մեկ անգամ դիմում է Վրաստանի կառավարությանը, այս անգամ ներկայացնում է  բեռնատարների լուսանկար, որոնք իբրև անցնում են Սադախլո բնակավայի մոտ, որն էլ տեղակայված է հայ-վրացական սահմանի մոտ:

Սրա հետ կապված լրագրողների հարցերին պատասխանել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան.

«Վրաստանի ու Ադրբեջանի միջ եղբայրությանը ոչինչ չի սպառնում: Սովորական բեռնատար է առանց ոչինչի: Ի՞նչ զենք»,-ասել է Գախարիան, հիշեցնելով, որ սա ընդամենը լրատվմիջոցով տարածված չճշտված տեղեկություն է, ուշադրության արժանի կլիներ, եթե սա երկու պետությունների միջև քննարկման առարկա դառնար:

Օգտատերերի արձագանքը սոցիալական ցանցում

Մթավարի ալիքի ֆեյսբուքյան էջում հետևել ենք թեմայի հետ կապված մեկնաբանություններին: Օգտատերերի կարծիքները կիսվել են, չնայած մեծամասամբ արձանագրվել են հակահայկական կարծիքներ: Օգտատերերը ֆիքսել են նաև «բարեկամ» արտահայտությունը, որը շատ է հիշատակվում ռեպորտաժում՝ Ադրբեջանի մասին, դեմ են արտահայտվել նման հայտարարությանը, ատելության լեզու են կիրառել բացի հայերից նաև ադրբեջանցիների նկատմամբ:

Spread the love