Արվեստի և խաղաղության կապը դարեր շարունակ զբաղեցրել է փիլիսոփաների, մշակութաբանների և քաղաքական մտածողների մտահոգությունը։ Արվեստը, իր բազմազան ձևերով, գործել է ոչ միայն որպես գեղագիտական ձգտում, այլև՝ որպես էթիկական, սոցիալական և քաղաքական միջավայր։ Հարցն այն չէ, թե արդյո՞ք արվեստը կարող է նպաստել խաղաղությանը, այլ՝ թե ինչպես և ինչ պայմաններում այն կարող է դառնալ հաշտեցման, համակրանքի և սոցիալական վերափոխման գործիք։ Ինչպես գրել է Էռնստ Ֆիշերը. «Արվեստը անհրաժեշտ է, որպեսզի մարդը կարողանա ճանաչել և փոխել աշխարհը»։ Այդ ճանաչումն ու փոփոխությունն էլ խաղաղության հիմքն են։
Խաղաղությունը սովորաբար ձևակերպվում է իրավական կամ քաղաքական տերմիններով․ պայմանագրեր, բանակցություններ, փոխզիջումներ։ Սակայն այդ լեզուն սահմանափակված է իշխանության կառուցվածքներով։ Արվեստը առաջարկում է մեկ այլ լեզու՝ խորհրդանշական, գեղագիտական, զգայական, որն ունակ է անցնելու սահմանները և հաղթահարելու գաղափարական բաժանումները։ Ինչպես նշում է Ջոն Փոլ Լեդերակն իր «Բարոյական երևակայություն» հիմնարար աշխատությունում՝ խաղաղաշինությունը պահանջում է ունակություն՝ պատկերացնելու հարաբերությունների ցանց, որտեղ ներառված է նաև թշնամին։ Արվեստը հենց այդ երևակայության նյութականացումն է․ կտավ, բանաստեղծություն, բեմադրություն, որոնք թույլ են տալիս հանդիսատեսին դուրս գալ հակամարտության կոշտությունից։ Պիկասոյի «Գուեռնիկան» (1937) միաժամանակ մարմնավորում է պատերազմի սարսափը և խաղաղության տենչը։ Այն անմիջապես չի նկարագրում խաղաղությունը, բայց ստիպում է դիմացինին առերեսվել բռնության հետևանքներին՝ առաջ բերելով էթիկական պահանջ՝ նրա հակառակի՝ խաղաղության հանդեպ։ Նույն կերպ Շոստակովիչի երաժշտությունը՝ գրված տոտալիտարիզմի ստվերում, վկայում է, որ գեղարվեստական ձևը կարող է դիմակայել ճնշմանը և մատնանշել ազատության հնարավորությունը։
Խաղաղությունն անհնար է առանց հիշողության։ Արվեստը հաճախ գործում է որպես կոլեկտիվ հիշողության պահոց՝ պահպանելով տրավմաները, որպեսզի հասարակությունները կարողանան առերեսվել դրանց։ Օրինակ Անզելմ Կիֆերի ինստալացիոն գործերը, հագեցած Գերմանիայի նացիստական անցյալին վերաբերվող հղումներով, ստիպում են հանդիսատեսին ընդունել պատմությունը որպես հաշտեցման նախապայման։ Ինչպես նշում էր գերմանացի փիլիսոփա, սոցիոլոգ Թեոդոր Ադորնոն. «Աուշվիցից հետո բանաստեղծություն գրելը բարբարոսություն է» (Պրիզմեր, 1955), սակայն հետագայում ինքը նաև ճշգրտեց այս տեսակետը՝ հասկանալով, որ բանաստեղծությունը գուցե այն եզակի ուղին է, որով հնարավոր է պահպանել մարդկայնությունը աղետի հետո։ Ռուանդայում ցեղասպանությունից հետո թատերական ներկայացումները և համայնքային մշակութային հավաքները ծառայել են որպես հաշտեցման գործիքներ։ Այստեղ արվեստը ոչ միայն ներկայացնում է խաղաղությունը, այլև իրականացնում այն՝ ստեղծելով տարածքներ, որտեղ հանցագործներն ու փրկվածները կարող են կիսվել խորհրդանշական հիշողության ծեսերում։ Մշակութաբան Լի Էն Ֆուջին փաստում է, որ նման ներկայացումները չեն ծառայում որպես փախուստ իրականությունից, այլ՝ «վերաներդաշնակեցման վայրեր», որտեղ արվեստը օգնում է վերակառուցել կոտրված հասարակական հյուսվածքը։
Սակայն այս ամենից հետո հարց է առաջանում՝ կարո՞ղ է արվեստը միշտ ծառայել խաղաղությանը։ Ասել, թե արվեստը միշտ խաղաղություն է ապահովում, ռոմանտիկ մոտեցում կլիներ։ Արվեստը նաև գործածվել է որպես քարոզչություն՝ ուժեղացնելով բռնությունը և ազգայնականությունը։ Լենի Ռիֆենշտալի «Կամքի հաղթարշավից» մինչև ծայրահեղական գաղափարախոսություններում ժողովրդական արվեստի օգտագործումը, թույլ է տալիս եզրակացնել, որ գեղագիտությունը հաճախ զենքի է վերածվել։ Վալտեր Բենյամինի նախազգուշացումը իր «Արվեստի գործը տեխնիկական վերարտադրելիության դարում (1936) էսսեում, այսօր էլ ուշագրավ արդիականություն ունի․ ֆաշիզմը գեղարվեստացնում է քաղաքականությունը՝ բռնությունը ներկայացնելով որպես վեհ և տպավորիչ տեսարան։ Ուստի տեսաբանը պետք է պահպանի դիալեկտիկ տեսանկյուն․ արվեստը ինքնին խաղաղ չէ, բայց ունի խաղաղության համար ծառայեցվելու ներուժ։ Տարբերությունը պայմանավորված է մտադրությամբ, ընկալմամբ և համատեքստով։ Արվեստը, որը մարդասիրական է, համակրանք է առաջացնում, բացահայտում է տառապանքը և դիմացկունությունը՝ նպաստում է խաղաղությանը։ Իսկ այն արվեստը, որը փառաբանում է գերիշխանությունը կամ ջնջում «մյուսին», հակառակը՝ խորացնում է հակամարտությունը։
Մեր ժամանակներում համաշխարհային ճգնաժամերի՝ կլիմայական փոփոխությունների, զանգվածային տեղահանումների, թվային բևեռացման պայմաններում, արվեստի դերը խաղաղության գործում ստանում է նոր հրատապություն։ Այ Վեյվեյի՝ փախստականներին նվիրված ինստալացիաները, օրինակ՝ «Ճանապարհի օրենքը» (2017), ներկայացնում են փչովի նավակներ՝ լցված անանուն կերպարներով՝ դարձնելով փախստականների ճակատագիրը մոնումենտալ։ Այս գործերը միաժամանակ քաղաքական միջամտություն են և համակրանքի հրավեր։ Դրանք պահանջում են, որ տարբեր մշակույթների հանդիսատեսները ճանաչեն տեղահանվածների մարդկայնությունը և իրենց դերը բռնության պահպանման կամ հաղթահարման մեջ։
Մասնակցային արվեստի զարգացումն էլ է վերափոխում արվեստի և խաղաղության կապը։ Սյուզան Լեյսիի Օքլենդյան նախագծերը (1991-2001), որոնք ներգրավում էին երիտասարդներին բռնության ու անհավասարության շուրջ երկխոսություններում, ցույց են տալիս, որ արվեստը կարող է գործել որպես սոցիալական պրակտիկա, որտեղ գործընթացը նույնքան կարևոր է, որքան գեղարվեստական առարկան։ Արվեստի տեսաբան Քլեր Բիշոփը (2006) քննադատում է «հասարակությամբ ներգրավված արվեստի» անքննադատ գովերգումը, բայց ընդունում է, որ նման պրակտիկաները հաճախ ստեղծում են համերաշխության ձևեր, որոնք բացակայում են ավանդական քաղաքական ոլորտներում։
Փիլիսոփայության մակարդակում «արվեստը հանուն խաղաղության» գաղափարը բերում է հարց․ ի՞նչ գեղագիտական ձև ունի խաղաղությունը։ Եթե պատերազմը աղմկոտ, բռնի, խանգարող ու խաթարող է, ապա խաղաղությունը հաճախ ընկալվում է որպես լուռ, անտեսանելի, առօրյա մի բան։ Մարտահրավերն արվեստագետների համար այն է, թե ինչպես ներկայացնել խաղաղությունը՝ չվերածելով այն զգացմունքային կարծրատիպերի։
Ճապոնական «մա» հասկացությունը՝ հնչյունների, շարժումների և ներկայությունների միջև եղած տարածությունը, հուշում է, որ խաղաղությունը հնարավոր է պատկերել ոչ թե ավելցուկով, այլ զսպվածությամբ, լռությամբ և ուշադրությամբ։ Նույն տրամաբանությամբ Ջոն Քեյջի «4’33”» պիեսը (1952) հրավիրում է հանդիսատեսին ընկալելու լռությունը որպես կենդանի ներկայություն, որը վերափոխում է ունկնդիրը։ Սա համահունչ է խաղաղության գաղափարին՝ որպես ակտիվ ունկնդրում, այլ ոչ թե պարզապես հակամարտության բացակայություն։ Այսպիսով, որպես գեղագիտական տեսակետ, խաղաղությունը ոչ միայն ներդաշնակություն է, այլև հակասությունների համակեցություն՝ առանց բռնության։
Արվեստը մենակ չի կարող ստեղծել խաղաղություն, սակայն առանց արվեստի խաղաղությունը կարող է վերածվել վերացական, բյուրոկրատական ու անմարդկային երևույթի։ Ինչպես հիշեցնում է Ժակ Ռանսիերը իր «Գեղագիտության քաղաքականություն» (2000) աշխատությունում՝ արվեստը վերաձևում է «զգայականի բաշխվածությունը»՝ փոխելով այն, ինչ կարելի է տեսնել, լսել և զգալ։ Խաղաղության հասնելն ինքնին ընկալման վերաձևում է, և այս գործընթացում արվեստը անփոխարինելի դեր ունի։ Եվ այսօր, երբ աշխարհը կրկին կանգնած է բաժանարար գծերի առաջ, գուցե հենց արվեստն է այն տարածքը, որտեղ հնարավոր է պատկերացնել իրակա՛ն խաղաղությունը՝ նախքան այն իրականություն կդառնա։
