Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Գայանե Այվազյանի բաց նամակը Ռուզաննա Գրիգորյանին

Գայանե Այվազյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝

«Ռուզ ջան, ինչպես խոստացել էի, անդրադառնում եմ քո «ջնջվող ստատուսին»: Կարելի էր ուղղակի անտեսել, քանի որ ի սկզբանե լղոզված էր ուղերձդ, հարկ չէիր համարել նշել հիմնական հասցեատերերերին, ասելիքդ ակնարկից անդին ձևակերպել և վերջապես չջնջել գիրդ: Սրանք առանձնացնում եմ, քանի որ կարևորում եմ, գուցե դու չես կարևորել: Ես հասկանում եմ, որ Հայաստանում կա ներքին ուժեղ գրաքննություն, տարածքները փոքր են ու իրար քիթ քթի, բարև-բարլուսի հետևում թաքնվելը երբեմն ավելի կարևոր է, քան գաղափարական բանավեճի մեջ մտնելը, որ կարող է խախտել այս երկուսի սահմանը: Գրում եմ ընկերաբար, բայց եթե այդպես չընկալվի, չեմ ցավում, միշտ էլ կարելի է արտագաղթել:«Ջնջվող ստատուսում» և քոմենթներում գրում ես, որ Հայաստանի ամենաձախերն ու արմատականները՝ ես, Իպրեսն ու Ջալոյանը, լևոնական ենք Ղարաբաղի հարցում, բողոքում ես, որ բավարար երևակայություն չունենք Լևոնին հաղթահարելու: Ինձ համար շատ անակնկալ ձևով համարում ես, որ ես ու իմ արհմիութենական ընկերները առաջ ենք տանում Ղարաբաղի հարցում Լևոնի մոտեցումները, երբ երբեք արհմիությունը հանդես չի եկել Ղարաբաղի հարցով, ոչ մի անգամ:

ԵՍ ԵՒ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Ես լևոնական չեմ, նախ՝ որովհետև ես լիբերալ չեմ, երկրորդը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին համարում եմ դիսիդենտական-ազգայնական, ազգային պետության հիմնադիր նախագահը: Ես ինձ չեմ համարում նաև ազգայնական: Ես չեմ կիսում Ղարաբաղի հարցում Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետը: Ո՞րն է, այսպիսով, իմ լևոնականությունը, որը չկա, բայց դու դա տեսնում ես: Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի միակ ղեկավարն է մինչ օրս, որ ունեցել է քաղաքական պատասխանատվություն և անկեղծություն Հայաստանի ու Ղարաբաղի հասարակություններին ներկայացնելու կոնֆլիկտի էությունը, չխաբելու, չմանիպուլացնելու նրանց: Նա մինչ օրս եղած միակ ղեկավարն է, որ ստատուս-քվո կարգավիճակը չի համարել հարցի լուծում, փորձել է քաղաքական ուժերին համախմբել կոնֆլիկտի իրական լուծման շուրջ՝ շատ լավ իմանալով, որ լուծումը կնշանակի իր հեռացումը նախագահի պաշտոնից և գուցե սպանությունը: Լևոնին հեռացնելը Ղարաբաղյան զարգացումներում չի բերել առավել «հայանպաստ» իրավիճակ: Լինելով ազգայնական՝ նա տեռորիստ չէ, հասկանում է բոլոր հարևանների հետ բաց և գործող սահմաններ ունենալու կարևորությունը. նա ֆաշիստ չէ՝ չունի հայերի, թուրքերի, ադրբեջանցիների, պարսիկների միջև գենետիկ անհամատեղելիության մասին ընկալումներ, բացելով Ցեղասպանության թանգարան՝ նա հայդատական չէ: Այս ռացիոնալ ընկալումների համար, որ մեզ գնալով պակասում են, ես այս մարդուն հարգում եմ, բայց նրա գաղափարակիցը չեմ:

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՁԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Չլինելով լևոնական՝ ես հաճախ եմ դիսկոմֆորտի զգացողություն ունենում հայաստանյան ձախ համայնքում: Որքան էլ վերջինիս շարքերում կան իրենց գաղափարապես մարքսիստներ, լենինիստներ, տրոցկիստներ համարողներ, նրանց մեծագույն մասը ազգային հարցում դաշնակ է: Հայ «ձախերից» միայն Վահան Իշխանյանն ու իր շրջապատն են բացահայտ ցույց տալիս իրենց ազգայնական հայացքները, որի համար նույնիսկ ավելի հարգանքի արժանի են, քան մյուսները, որ ունեն ազգայնական հայացքներ, բայց դրանք թաքցնում են՝ գլուխը ջայլամի պես թաղելով հողի մեջ: Հայկական ազգայնականությունը, ֆաշիզմը չտեսնելու տալով՝ հայ «ձախերը» լավագույն դեպքում դա համարում են ինքնապաշտպանություն՝ երևակայելով, թե փոքր ժողովուրդների ֆաշիզմը ֆաշիզմ չէ, ազատագրական պայքար է: Ֆիկցիա՛: Այստեղ վերջանում է հայ «ձախը», որ չի յուրացրել ժողովուրդների բարեկամության և համերաշխության պարզ դասը: Նրա համար գոյություն չունի դասակարգային պայքար, համաշխարհային աշխատավորական շարժում, հայ ձախը կաղապարված է իր ազգային կճեպի մեջ, որտեղից վարում է ազգային-ազատագրական շարժում: Ի՞նչ է հայ ազգային ազատագրական շարժումը: Հայ ազգային ազատագրական շարժումը լեգենդ է, տեսիլ, որ հայ ձախը առանց մտածելու ծամում է: Հայ ազատագրական շարժման ակունքները թաղված են ցարիստական Ռուսաստանում, դրա գաղութային քաղաքականության հիմնային մասն են կազմել և հղացվել են ցարական տիրապետության տակ ապրող ռուսահայ «լուսավորականների» կողմից՝ ի սպաս ցարական Ռուսաստանի զավթողական քաղաքակության և ռուսահայ կապիտալիստների, որոնց շահերի պաշտպանն էին «լուսավորականները»: Այսպես, ազգայնական-բուրժուական ինտելիգենցիան իր առաջին լուսավորական քայլը կատարում է Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպով, որը փառաբանում է ռուսական զավթողական քաղաքականությունը պարսկական հպատակությունից արևելահայ հատվածին նվաճելու և իրեն կցելու համար: Աբովյանի քաղաքական սերունդները՝ նույնիսկ նրանց արմատական թևը չի թոթափել մանր բուրժուական տրամադրությունները, հանդես է եկել սոսկ ազգային-մշակութային ինքնավարության (կրոն, եկեղեցի, լեզու, ցեղային առանձնահատկություններ) ծրագրով, շատ դեպքերում խուսափել է նույնիսկ սատարել նույն ժամանակ Եվրոպայում ընթացող բուրժուա-դեմոկատական շարժումներին: Այս սերունդը առաջին քայլերն է կատարել ազգային-ազատագրական պայքարը Ռուսաստանից ուղղելու դեպի Օսմանյան կայսրություն: Արդեն Րաֆֆու ժամանակ ազատագրական պայքարի քաղաքական հայրենիքը վերջնականապես ու անդառնալիորեն դառնում է Օսմանյան կայսրությունը, որի դեմ էր ուղղված 19-րդ դարավերջին ռուսական նվաճողական քաղաքականությանը: 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմը, ռուսների զենքով թրքահայոց ազատագրության անհրաժեշտությունը դառնում է լիբերալ-բուրժուական «Մշակի» և նրա շուրջ համախմբված մտավորականների քաղաքական հիմնական օրակարգը: Թրքահայկական ազատագրական պայքարի ստեղծմանն են նվիրված Րաֆֆու հիմնական վեպերը: Այս նույն նպատակով եվրոպական և ռուսական օրիենտալիզմի ոգով գրել է մի շարք վեպեր, որտեղ ասիական բուրժուազիան հակադրել է եվրոպական բուրժուազիային, մահմեդականությունը՝ իբրև հետադիմություն հակադրել քրիստոնեությանը: Հետագայում 1920-30-ականներին խորհրդահայ հումանիտար միտքը արևելահայ ազգայնական-բուրժուական թևին տվեց իր քաղաքական գնահատականը՝ իբրև մարտական նացիոնալիզմ, ազգայնական ռոմանտիզմ, ռազմաշունչ բուրժուականություն, արդյունաբերական կապիտալի ազգայնականության քարոզչություն, շովինիստական-դաշնակցականություն, հայկական ֆաշիզմ: Շուտով, սակայն, ամեն «ինչ տեղն ընկավ»: Երկրորդ համաշխարհային պատերազմի հենց սկզբից անհրաժեշտություն առաջացավ խորհրդահայ ժողովրդի հայրենասիրական պաթոսը բարձրացնելու և հայրենիքի զավթիչների դեմ կռվի ուղարկելու: Րաֆֆին և ընկերները արագ ռեաբիլիտացվեցին, իսկ նրանց քննադատները լավագույն դեպքում մեղադրվեցին վուլգար սոցիոլոգիզմի մեջ: 1953 թ. Ստալինի մահը և անհատի պաշտամունքի դատապարտումը այս առումով չփոխեցին իրադրությունը և ինստիտուցիոնալ կայուն հիմքերի վրա դրեցին ռուսահայ բուրժուական-ազգայնական լուսավորականության ուսումնասիրության հարցը՝ համարելով նրանց արածը կարևոր պարսկա-թուրքական շրջանը պախարակելու տեսակետից: Այս մոտեցումները շարունակվեցին Երրորդ հանրապետության շրջանում թե՛ ակադեմիայում, թե՛ արտահիմնարկային ինտելեկտուալ շրջանակներում: Ստացվում է՝ հայաստանցի ձախը ցարիստ է, նա նախևառաջ պիտի դուրս թքի բերանից իր ծամածը, վերամտածի, հետ մտածի այս ամբողջ բուրժուա-ազգայնական, օրիենտալիստական, ցարական, ստալինական, դաշնակցական աղիքով մարսված կերը, որտեղ իր ազգային-ազատագրական պայքարի նպատակը Ռուսաստանին միանալն է և հետո կարող է հարել ձախականության

:ԵՐԵՒԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանցի «ձախերը» խաղաղության ու համերաշխության կոչերով արդեն հանդես են եկե՞լ, գանահարվե՞լ դրա համար, և ես դա բա՞ց եմ թողել, Ջալոյանի հետ միասին մնացել Լևոն Տեր-Պետրոսյանի երևակայության հույսի՞ն: Դու և մեր «ձախ» ընկերները պատերազմը դադարեցնելու պարզ, մարդկային պահանջ դրե՞լ են հանրային տարածքում, որ նախ՝ պնայվեն մարդկանց կյանքերը: Ո՞րն է հայ «ձախի» դիրքորոշումը այս հարցում: Եթե բոլորդ հատ-հատ սկսեք ձեր պատերին գրել, ես խոստանում եմ երևակայե՛լ: Թե՞ հայ «ձախը» ժամանակ չունի զբաղվելու այս անկարևոր ժողովուրդների այս նողկալի կռվով, այս գզվռտոցով, նա արևմտյան տեսություն է կարդում, Ադրբեջանի դեմ կռիվը համարում են շահագործման և իմպերիալիզմի դեմ պատերազմ: Ըստ հայ «ձախի» Ադրբեջանը իմպերիա է և Սովետում շահագործում էր հայերին, հիմա Արայիկ Հարությունյանը չի՛ շահագործում ղարաբաղցիներին, Մանվելի հողերը ազգայի՛ն են, Հայաստանը չի՛ գրավել ադրբեջանական տերիտորիաներ: Իսկ գուցե հայ «ձախը» պարզապես ամաչում է ցույց տալ իր միջի դաշնակին, իր ներսի Սամվելին, որ խելագար էր: Կամ պարզապես վտանգավոր է, տհաճ է Հայաստանի դեմոկրատական կարգերում խոսել պարզ, մարդկային բանի մասին՝ խաղաղության մասին, որովհետև քեզ հրապարակային կարող են բռնաբարությամբ սպառնալ, փանջունի համարել: Ես հերոս չեմ, գուցե դուք եղել եք հերոս Մաշտոցի պուրակում և համարում եք, որ ձեր կյանքի պայքարն այլևս ավարտված է, ձեզ սպառնացել են, ծաղրել ձեր ընկերները և դուք հաղթել եք՝ Տարոն ջան, սիրուն չի: Ղարաբաղի հարցի լուծման համար պայքարը չի ունենալու այդ հեփի-էնդը, որովհետև Ղարաբաղը անշառ հարց չի, այնտեղ մարդիկ են մեռնում և դեռ երկար կմեռնեն: Եթե պատերազմի համար զոհեր են պետք, խաղաղության համար հաստատ արժի մեռնել: Բայց կարևոր է կանգ առնել էշ նահատակներ պահանջելու ճամփին: Ի՞նչ երևակայություն ու ռադիկալություն ես պահանջում Ղարաբաղի հարցում, երբ անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի չափավոր լիբերալ-ազգայնականությունը Հայաստանում պարտվել է, ջախջախվել: Ղարաբաղի հարցում ամեն այլակարծություն Հայաստանում դավաճանություն է, ամեն քննարկում՝ սպառնալիք: 30 տարի շարունակ կոնֆլիկտի խաղաղ լուծման հեռանկարը վիժեցվում է, չկա տրամաբանություն, այլ կռապաշտություն է: Չկա կոնֆլիկտի լուծման պարզագույն քայլերի շուրջ պարտավորությունների կատարման հույսը՝ դեօկուպացիա, ապաշրջափակում, ապառազմականացում: Այստեղ երևակայելու քիչ թե շատ տարածքը Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցն է, որի մասին դեռ խոսք չկա: Նման պայմաններում կարելի՞ է երևակայել ուլտրա-ձախ պահանջներ: Ո՛չ, չի կարելի, հնարավոր չէ: Կարելի է, իհարկե, երևակայել՝ թքել Մինսկի խմբի վրա և ստեղծել սոցիալիստական հայկական հանրապետություն Կովկասում, մահապարտների համայնական արդար դիկտատուրա՞ հաստատել, թե՞ Բաքուն գրավել և հաստատել հայկական սոցիալական արդարություն, բայց վախենամ՝ սա քաղաքական ապուշություն էլ չկոչվի: Եւ այդ ո՞ւմ ենք պարտավոր ներկայացնել երևակայության քննությունը, ինչ-որ կոմիտե կա՞: Վաղվանից թող հայ «ձախերը» հատ-հատ հրապարակավ հայտնեն իրենց դիրքորոշումը տեղի ունեցող էսկալյացիայի մասին, դատապարտեն կամ սատարեն այն: Դրանից հետո կարելի է կոմիտե բացել, երևակայության տնայինի համար օրագրում գնահատական դնել և համարել դասարանը ավարտած: Վաղվանից սկսիր մտածել Աշոտ Հովհաննիսյանի մասին, նրան քաղաքական գնահատական տուր, նրան հաղթահարիր, նրան հերքիր, հետո կարող ես ձանձրանալ երևակայության պակասից, կարող ես հեգնել անհասներին, վախկոտներին և պարզունակ խաղաղասերներին: Լավ լինես, շատ-շատ լավ:

Անշուշտ, կան ձախեր Հայաստանում, որ ցարիստ չեն, ազգային-ազատագրական պայքար չեն մղում, որի վերջին հանգրվանը Ռուսաստանն է: Նրանց էլ նվիրում եմ այս գրառումը»։

Spread the love