
Վերջին մի քանի օրերի իրադարձությունները ևս մեկ անգամ, այս պարագայում ուղղակի ավելի ազդեցիկ, չափելի ու տեսանելի արդյունքով ապացուցում են Թավշյա հեղափոխության կարևորությունը և ժողովրդավարական պետությունների, ժողովրդավարական ինստիտուտների արդյունավետությունն ու կայունությունն ի տարբերություն ավտորիտար վարչակարգերի։
1․Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում ընտրված իշխանությունը, ունենալով լեգիտիմություն, ժողովրդի կողմից վստահություն, ավելի հաստատակամ է և ավելի վստահ տարվող քաղաքականության մեջ։Հաշվետվողականությունը, թափանցիկությունը և հանրության հետ վարվող արդյունավետ հաղորդակցությունը էլ ավելի են ամրապնդում իշխանություն-ժողովուրդ համագործակցությունը։
2․ Բանակում վերջին երկու տարում կատարված բարեփոխումները շատ կարևոր է, որ բարձրացրել են ոչ միայն Զինված ուժերի հանդեպ վստահությունը, այլև՝ իշխանությունների, որը նմանատիպ արտակարգ իրավիճակներում իսկապես կարևոր է։ Ծնողները, հարազատները իսկապես տեսնում են, որ պետության կողմից գնահատվում է իրենց զավակների անձնուրաց ծառայությունը։
3․ Ժողովրդավարական պետությունը իր կազմակերպվածությամբ ավելի արդյունավետ է, կայացված որոշումների մեջ վճռական և հեռատես, սրա ապացույց են ԱԳՆ, Զինված ուժերի հայտարարությունները ու պատգամավորների կողմից տարվող խորհրդարանական դիվանագիտությունը։
4․ Ժողովրդավարական պետության դեպքում նաև ավելի արդյունավետ են հասարակության հնարավոր մոբիլիզացման մեթոդները․ չկա տարերայնություն, կա մեծ ցանկություն ու մոտիվացիա, բայց ոչ ինքնագործունեություն ու արկածախնդրություն։
5․ Ժողովրդավարական վարչակարգերում գործում են ինստիտուտներ և որոշումների կայացումը ոչ թե ինչ-որ մեկի ցանկությունների արդյունքն է, այլ՝ մասնագիատական քննարկումների, իսկ կայացվող և կայացած ինստիտուտները ավելի դիմացկուն են, ավելի արդյունավետ են արձագանքում մարտահրավերների՝ թե՛ ներքին, թե արտաքին։
Ի տարբերություն այս ամենի, հարևան ավտորիտար պետությունը հնձում է իր իսկ ցանած հայատյաց քաղաքականության պտուղները։ Երբ, որ իշխանությունը ամեն գնով փորձում ես պահել ու քո երկրի ձախողումների համար մեղադրում ես բոլորին բացի քեզնից (նման մոտեցում հատուկ է հենց ավտորիտար և տոտալիտար ռեժիմներին՝ Ֆաշիստական Գերմանիա, ԽՍՀՄ) և այս ամենին զուգահեռ կտրվում ես ժողովրդից, իսկ ինստիտուտները ծառայում են ոչ թե քաղաքացիներին այլ քեզ, պետական ապարատը թուլանում է և չի ունենում կարողություն դիմագրավել մարտահրավերներին։ Սրա վառ ապացույցն է՝ ճարահատյալ ու նորից ժողովրդին մեղադրող հայտարարությունները, բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականը (կարելի է ենթադրել, որ այստեղ առաջնորդը՝ Ալիևը, ոչ միայն մեղքն է փորձում բարդել ուրիշի վրա, այլև շեշտում է, որ դեռ ունակ է որոշումներ կայացնել) ու առաջին գծում իրար հաջորդող ձախողումները։
Հայաստանը պետք է շարունակի գնալ ժողովրդավարության կայացման ուղով, կայացած ժողովրդավարությունն է հենց մեր ազգային անվտանգության հիմնական երաշխավորներից մեկը։
Գրառում էր կատարել Դավիթ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման