Ֆենթեզին որպես ժանր ձևավորվել է 20-րդ դարասկզբին։ Վստահաբար կարելի է նշել, որ անգլիական գրականությունը այս ժանրում մեկ դար շարունակ չի զիջում իր առաջատար դիրքը։ Ֆենթեզիի նախահայր կարելի է համարել Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքիենին։ Իսկ ո՞վ է հայկական ֆենթեզիի հիմնադիրը կամ ռահվիրան. հարցի պատասխանը, անկասկած, դժվար է գտնելը, քանի որ ժանրը օրգանիկ դրսևորում դեռևս չի ստացել հայկական գրականության շրջանակներում։
Ունենալով հարուստ ու բազմաժանր գրականություն` հայերի համար կարծես թե օտար է ֆենթեզի ասվածը։ Ժանրն ի սպառ բացակայում է նաև հայկական ֆիլմարտադրության մեջ։ Թերևս սխալ կլինի նշել, որ չկա ֆենթեզի ընթերցող։ Համաշխարհային շատ ու շատ գլուխգործոցներ թարգմանվում են հայերեն և սիմվոլիկ կարճ ժամանակում դառնում բեսթսելլերներ. գուցե սա գլոբալիզացիայի հետևանք է կամ ֆեյշն-թրենդային հերթական նկրտումներից։ Ծայրահեղության հասնող պահպանողականությունն է պատճառը, թե սխալ պատկերացումները` դժվար է ասելը. Ֆենթեզին չի ենթադրում «դատարկաբանություն կամ օտարածին տարրերի ազգայնացում»։
Մենք ունենք գրոտեսկային պաշարով պատմություն` առասպելներ, վիպերգեր, լեգենդներ։ Ամուր հիմքով դիցարանի առկայությունը վկայում է հայոց մեջ հին հավատալիքների առկայության մասին։ Ցավալի է այն փաստի գիտակցումը, որ Մովսես Խորենացուց հետո և ոչ մի հեղինակ անդրադարձ չի կատարել հին հայ վիպերգերին (բացառությամբ մի քանի մշակումների)։
Հարկ է խոսել նաև էպոսի մասին. էպոսը ֆենթեզիի պատրաստի հարթակ է, որից միայն ճիշտ օգտվել է պետք։ Մարվելային հասարակությանը, հիրավի, դժվար է զարմացնել հայկուբելյան որոշակի հնացած կերպարներով, բայց ունենք կերպային ու հիմնային հերոսներ, որոնց մշակելով` կարելի է ստանալ համաշխարհային մեծության կերպարներ, սուպերհերոսներ, հայկական «մարվելներ»։ Մենք ունենք հարուստ ու շատ ճկուն լեզու, հետևաբար ունենք լեզվական մանյովրներ անելու բարենպաստ պայմաններ։ Մենք ունենք նաև հրաշալի երկիր, որն էլ իր հերթին հրաշալի սեթթինգների աղբյուր կարող է դառնալ։ Մի քանի գործերից մտաբերել կարելի է Մկրտիչ Արմենի «Գույնզգույն թագավորությունը»։
Հայոց իրականության մեջ պետք է կոտրել այն թյուր կարծիքը ու բոլոր պատնեշները, որոնք խանգարում են ժամանակակից հեղինակներին ստեղծագործել հենց այս ժանրերում։ Հայկական միակ հարթակը սեթթինգ «Արմկոն»-ն է, որը պարբերաբար մեկնարկ է տալիս ֆենթեզիի և գիտաֆանտաստիկայի ժանրերում համահայկական գրական մրցույթների, որոնց արդյունքում էլ տպագրվում են ժողովածուներ և դուրս գալիս վաճառքի։ Սա թերևս միակ և համարձակ քայլն է` միտված այս հարցի լուծմանը։
Սակայն, մինչ քաղաքակրթությունից ու սոցիալ-հասարակական արքուբարքերից դժգոհելն ու բողոքելը, պետք է հասկանալ այս ժանրում ստեղծագործելու նպատակն ու իմաստը։ Ընդհանրապես ցանկացած հեղինակ պիտի հասկանա, ինչու է գրում և ինչու է գրում հենց այդ ժանրում։
Ուստի մեզ անհրաժեշտ են որոշակի միջոցառումներ կամ ինչ-որ ձեռնարկում-քայլեր, որոնք կմիտեն և կխրախուսեն ժանրի զարգացմանը։ Դրանք կարող են լինել թեթև սեմինար-հանդիպումներ, որոնց ընթացքում կարելի կլինի մոտենալ ժանրերին, հասկանալ ահռելի տարբերությունը ֆենթեզիի և ֆանտաստիկայի միջև, փոքրիշատե ծանոթանալ համաշխարհային գլուխգործոցներին։ Անհրաժեշտ է անցկացնել նաև վարպետության դասեր, որոնց ընթացքում կբացահայտվեն կերպարների ստեղծման նյուանսները, նկարագրությունների ճիշտ դասավորությունը, կձևավորվեն ստրուկտուրալ հմտություններ, ինչպես նաև լեզվի ճկունություն։
Ֆենթեզիի և ֆանտաստիկայի հիմքում ընկած է ֆոնային (բեքգրաունդային) գիտելիքը։ Սա նշանակում է, որ մինչ գրելը անհրաժեշտ է ձեռք բերել որոշակի գիտելիքներ։ Բայց գիտելիքներ ձեռք բերելը միայն քիչ է. Պետք է ունենալ նաև այդ գիտելիքները ճիշտ ու տեղին կիրառելու հմտություն։
Ելնելով վերըգրվածից կարելի է ասել, որ ֆենթեզի և ֆանտաստիկա ժանրերը ուրույն աշխարհ են ներկայացնում, որտեղ հայտնվելը բավականին բարդ է։ Հայտնի խոսքի համաձայն` «կանաչ արև հորինելը շատ հեշտ է, բայց դժվար է կանաչ արևին համապատասխան միջավայր ստեղծելը»։
Եզրակացնելով կարելի է ասել, որ կա հնարավոր և նպաստավոր այն ամենը, ինչը պետք է ֆենթեզի ժանրը առաջ մղելու համար։ Չկա միայն կոլեկտիվ գիտակցություն և աջակցություն, և կա կախարդանքի պակաս։ Իսկ ժանր ձևավորելը մի խումբ էնտուզիաստներով` մեղմ ասած անհնարին է։ Անհրաժեշտ է միավորվել ու կայծը ձևավորել, ինչից հետո էլ` ի գործ։
Աղբյուրներ՝
- https://hy.m.wikipedia.org/wiki/%D5%84%D5%AF%D6%80%D5%BF%D5%AB%D5%B9_%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6
- https://www.armcon.am/
- https://www.britannica.com/art/science-fiction
- https://en.m.wikipedia.org/wiki/Fantasy
- https://hy.m.wikipedia.org/wiki/%D5%96%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1
More Stories
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում
ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կատարելագործումը որպես պետության զարգացման հիմնական գործոն