Կանադայի արևմուտքում, մեկ շաբաթվա ընթացքում, բնիկ ժողովուրդների մի քանի բնակավայրերում այրվել են կաթոլիկ չորս եկեղեցիներ։ Ավելի վաղ, գրել էինք, որ նախորդ շաբաթների ընթացքում այդ շրջանում գտնվող մի քանի գիշերօթիկ դպրոցների տարածքներում հայտնաբերվել են հնդկացի երեխաների հարյուրավոր գերեզմաններ, որոնք ժամանակին ստիպողաբար ուղարկվել էին կաթոլիկ եկեղեցու կառավարման ներքո գտնվող գիշերօթիկ դպրոցներ։
Ոստիկանությունը դեռևս չի կարող պնդել, որ այս դեպքերի միջև կապ կա։ BBC-ն գրում է, որ շաբաթ գիշերը Բրիտանական Կոլումբիա նահանգի երկու տարբեր բնակավայրերում միաժամանակ այրվել են Սուրբ Աննայի և Չոպակա եկեղեցիները։ Դեպքից վեց օր առաջ՝ Կանադայի բնիկ ժողովուրդների օրը, Բրիտանական Կոլումբիայում այրվել էր ևս երկու եկեղեցի։
Ոստիկանությունը դեռևս չի համարձակվում պնդել, որ դրանք եղել են կանխամտածված գործողություններ։ «Նախորդ երկու հրդեհների և այս երկու նորերի հետաքննությունը շարունակվում է։ Որևէ մեկը ձերբակալված չէ և որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ»,- հայտարարել է Կանադայի թագավորական ոստիկանության տարածքային բաժնի մամլո քարտուղար, սերժանտ Ջեյսոն Բեյդան։
Տեղի հնդկացիական Ստորին Սիմիլքամին համայնքի ղեկավար Քիթ Քրոուն CBS-ին պատմել է, որ իրեն զանգահարել են շաբաթ՝ հունիսի 26-ի երեկոյան և հայտնել, որ Չոպակա եկեղեցին այրվում է։ Երբ նա 1,5 ժամ անց հասել է դեպքի վայր, եկեղեցին հիմնահատակ այրվել էր։ «Ես կատաղած եմ։ Չեմ հասկանում, թե ինչ լավ բանի դրանով կարելի է հասնել։ Խնդիրներ կլինեն»,- հայտարարել է Քիթ Քրոուն։ Նրա խոսքերով՝ համայնքի բնակչության մեծ մասը կաթոլիկներ են և խիստ մտահոգված են կատարվածով։
Այս տարվա հունիս և մայիս ամիսներին, Կանադայի արևմտյան հատվածում, այդ թվում Բրիտանական Կոլումբիայում, հայտնաբերվել է 966 անանուն գերեզման, որոնք գտնվել են գիշերօթիկ այն դպրոցների տարածքներում, որտեղ ժամանակին հարկադրաբար ուղարկել են հնդկացիների երեխաներին։ Այդ գիշերօթիկ դպրոցները եղել են հնդկացիների ասիմիլյացիայի ծրագրի մաս, որը գործել է XIX-XX դարերում։ Ծրագիրը պետական էր, բայց գիշերօթիկ դպրոցների կառավարմամբ զբաղվում էին կրոնական կազմակերպությունները՝ հատկապես կաթոլիկ եկեղեցին։
Այս տարվա մայիսին Բրիտանական Կոլումբիայի Կամլուպս տեղանքում գտնվող նախկին գիշերօթիկ դպրոցի տարածքում հայտնաբերվել է 215 երեխայի գերեզման։ Գիշերօթիկ դպրոցը բացվել էր 1890 թվականին և փակվել 1978-ին, իսկ դրա կառավարմամբ զբաղվում էր կաթոլիկ եկեղեցին։ Հունիսի 25-ին Cowessess First Nation համայնքի ներկայացուցիչները հայտարարել էին, որ Սասկաչևան նահանգի Մարիվալ գյուղում հայտնաբերվել է ևս 751 անանուն գերեզման։ Դեռևս անհայտ է, թե արդյոք այդ բոլոր գերեզմաններում երեխաների մասունքներ են։ Մարիվալի գիշերօթիկ դպրոցը ևս գտնվել է կաթոլիկ եկեղեցու վերահսկողության տակ։
Գիշերօթիկ դպրոցներում հնդկացիական երեխաները հիմնականում մահացել են կեցության ծանր պայմաններից։ Դրանց շինությունները եղել են խարխլված, վատ են ջեռուցվել, ինչպես նաև տիրել է հակասանիտարական վիճակ։
Ասիմիլյացիայի ծրագիրը Կանադայում գործել է 1863-1998 թվականներին և այս ընթացքում իշխանությունները ծնողներից վերցրել ու գիշերօթիկ դպրոցներում տեղավորել են ավելի քան 150 հազար հնդկացի երեխաների։ Այնտեղ նրանց արգելվել է խոսել մայրենի լեզուներով և հետևել հնդկացիական սովորույթներին ու կենսակերպին։
2008 թվականին Կանադայի իշխանությունների կողմից ստեղծված հանձնաժողովը պարզել է, որ շրջանավարտների մեծամասնությունը չի վերադարձել իրենց համայնքներ։ Հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ պարտադրվող ասիմիլյացիայի քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան մշակութային ցեղասպանություն։ Այդ ժամանակ Կանադայի կառավարությունը ներողություն էր խնդրել բնիկ ժողովուրդներից։ Դա դեռևս չի արել կաթոլիկ եկեղեցին, որի կառավարման ներքո են եղել գիշերօթիկ դպրոցների մոտ 70 %-ը։
Լուսանկարը՝ BBC

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման