Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Մարզերում չի օգտագործվում երեխայի ամբողջ պոտենցիալը, եւ արդյունքում տաղանդավոր երեխան «կորչում» է. Սմբատ Գոգյան

Ամփոփվել են 2020/2021թթ. մաթեմատիկայի դպրոցական օլիմպիադայի արդյունքները։ Մաթեմատիկայի օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցած 259 աշակերտից 1-ին, 2-րդ, 3-րդ կարգերի դիպլոմներ, ինչպես նաեւ գովասանագրեր ստացել են մասնակիցներից 97-ը: Հատկանշական է, որ 7-12 դասարանների բոլոր դիպլոմներն ու գրեթե բոլոր գովասանագրերը (43 հատ) վաստակել են Երեւանի Ֆիզմաթ դպրոցի ու Քվանտ վարժարանի աշակերտները։

7-րդ դասարանում առաջին կարգի դիպլոմ է ստացել Քվանտ եւ Ֆիզմաթ դպրոցների 2-ական աշակերտ, 2-րդ կարգի դիպլոմ՝ Ֆիզմաթ դպրոցի 1 աշակերտ, 2-րդ կարգ՝ Քվանտ վարժարանի 1, Ֆիզմաթ դպրոցի 4 աշակերտ: 8 գովասանագրերից 7-ը այս դպրոցների աշակերտներինն են, իսկ մեկը՝ Եղեգնաձորի N 1 դպրոցի աշակերտինը:

8-րդ դասարանում առաջին կարգի դիպլոմ է ստացել Քվանտ վարժարանի մեկ աշակերտ, իսկ 2-րդ եւ 3-րդ կարգի ստացել են Քվանտից՝ մեկ, ֆիզմաթ դպրոցից՝ երեք աշակերտ. հինգ գովասանագրերը եւս ստացել են այս դպրոցի աշակերտները:

9-րդ դասարանում առաջին կարգ է ստացել ֆիզմաթ դպրոցից մեկ աշակերտ, 2-րդ կարգ է ստացել Քվանտ վարժարանից մեկ աշակերտ, իսկ 3-րդ կարգ եւ գովասանագրեր շահած վեց  երեխաները ֆիզմաթ դպրոցից են:

10-րդ դասարանում 1-ին կարգ են ստացել 2 աշակերտ ֆիզմաթ դպրոցից, իսկ 13 աշակերտ ստացել է 2-րդ, 3-րդ կարգ ու գովասանագրեր, որոնցից միայն մեկ աշակերտ՝ Կարապետյան Աշոտն է Շիրակի Գյումրու Ֆոտոն վարժարանից, իսկ մնացածը դարձյալ Քվանտ եւ Ֆիզմաթ դպրոցի սովորողներն են:

11-12-րդ րդ դասարանում 1-ին կարգի դիպլոմ ստացել է վեց աշակերտ, որոնցից հինգը ֆիզմաթ դպրոցից են, իսկ մեկը՝ Քվանտից, հինգ գովասանագրեր ստացող աշակերտներից մեկը Քվանտից է, իսկ 4-ը՝ ֆիզմաթից:

5-6 դասարանցիների մոտ ունենք այլ պատկեր. օլիմպիադայում լավ արդյունքներ գրանցած երեխաներ կան ոչ միայն մայրաքաղաքի դպրոցներից, այլ նաեւ տարբեր մարզերից՝ Վանաձորից, Աբովյանից, Կապանից, Հրազդանից եւ այլ վայրերից:

Արձանագրված արդյունքների մասին իր տեսակետը հայտնեց Մաթեմատիկայի օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Սմբատ Գոգյանը. նաանդրադարձավ նաեւ մարզերի ու Երեւանի դպրոցների միջեւ ջրբաժանին՝ ցավով ընդգծելով, որ միջին դպրոցում լավագույն արդյունքներ դրսեւորած աշակերտները ավագ դասարաններում չեն կարողանում դրսեւորել լավագույն արդյունքներ ու բարձր տարիքում նույնիսկ չեն հասնում եզրափակիչ փուլ:

«Սկզբունքորեն նորմալ է, որ մասնագիտացված դպրոցների աշակերտներն են առավելապես բարձր արդյունքներ գրանցում. խնդիրը, սակայն, այստեղ ուրիշ տեղ է. մարզում երեխան, որ 5-րդ դասարանում երեւանցիներից ու բոլորից շատ ավելի ուժեղ է իր ներուժով, երկու-երեք տարի հետո ոչ մի մասնագիտական աճ ու զարգացում չի գրանցում: Մարզերում մասնագիտացված դպրոցներ չկան, որ օգտագործվի երեխայի ամբողջ պոտենցիալը, եւ արդյունքում տաղանդավոր երեխան «կորչում» է կամ դառնում միջակ: Օրինակ՝ 2015 թվականի 5-րդ դասարանի հաղթած նույն երեխան 5 տարի անց՝ հիմա արդեն տասներորդ դասարանում սովորող, ընդհանրապես ոչ մի մրցանակային տեղ չի զբաղեցրել այս տարվա օլիմպիադայում. մինչդեռ Երեւանի հաղթողները մնացել են: Անհրաժեշտ է ամբողջ ներուժը տարածել ողջ Հայաստանով, որպեսզի երիտասարդները իրենց մարդկային ու մասնագիտական որակները տարածեն բոլոր դպրոցներով»,- նշեց նա:

Խոսելով իրողության պատճառների մասին՝ Սմբատ Գոգյանը նշեց, որ մարզերում միջավայր չկա, որպեսզի երեխաները կարողանան որակյալ գիտելիքներ ձեռք բերեն:

Հարցին, թե միջավայր ասելով՝ նաեւ ուսուցիչների՞ն նկատի ունի, Գոգյանը պատասխանեց, որ՝ ոչ, առավելապես համակարգի բացն է:

«Հանրակրթությունը խնդիր չունի մարզում գտնվող գյուղի տաղանդավոր երեխային տալ իր ընդունակություններին համապատասխան կրթություն, գիտելիք, այդ միջավայրը չկա, իսկ թե ինչո՞ւ, երեւի դիմեք նախարարությանը, իրենք են լուծում տվողը: Հուսով եմ՝ սրա հիման վրա Կառավարությունը չի որոշի այս հատուկ դպրոցներն էլ վերացնել, որ բոլորն էլ վատ հանդես գան»,- եզրափակեց նա:

Մարիամ Գեւորգյան

Spread the love