
Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին օգոստոսի 20-ից վերակենդանացման բաժանմունքում է՝ կոմայի մեջ։ Նրա թիմակիցներն ու փաստաբանները պնդում են, որ Նավալնուն թունավորել են։ Բուժող բժիշկները երկու օր շարունակ լռում են․ պաշտոնական ախտորոշումը մինչ այժմ չի հրապարակվել։ Միտումնավոր թունավորման հոդվածով քրեական գործ հարուցված չէ։ Բժիշկներն արգելում են Նավալնուն տեղափոխել արտասահման․ առավոտյան Գերմանիայից հատուկ չվերթով Օմսկ ժամանակ բուժաշխատակազմին էվակուացման թույլտվություն չի տրվել։
Նավալնու հիմնադրած Կոռուպցիայի դեմ հիմնադրամի ղեկավար Իվան Ժդանովն առավոտյան ճեպազրույցի ընթացքում պատմել է, որ ականատես են եղել, ինչպես է Տրանսպորտային ոստիկանության ներկայացուցիչը հիվանդանոցի գլխավոր բժշկին հեռախոսով ինչ-որ բան ցույց տալիս և ասում, որ այս նյութը հայտնաբերել են Նավալնու օրգանիզմում։ Ի՞նչ նյութ են հայտնաբերել հարցին ոստիկանության ներկայացուցիչը պատասխանել է՝ «քննության գաղտնիք է»՝ հավելելով, սակայն, որ այն մահաբեր է և վտանգ է ներկայացնում ոչ միայն Ալեքսեյի կյանքի համար, այլև նրան շրջապատող մարդկանց, և որ նրան հանդիպելու համար պետք է պաշտպանիչ համազգեստ կրել։
Նավալնու կինը նշել է, որ Օմսկի շտապ օգնության հիվանդանոցից Ալեքսեյին տեղափոխել հրաժարվում են։
Նրա մամուլի խոսնակ Կիրա Յարմիշի փոխանցմամբ, որ տեղափոխումը վերջին պահին են մերժել։ Մինչ այդ բժիշկները համաձայնել էին էվակուցման համար անհրաժեշտ փաստաթղթերը փոխանցել հարազատներին։
Պաշտոնական մեկնաբանությամբ՝ տեղափոխումը հետաձգվում է Նավալնու առողջական վիճակի բերումով։ Ընդդիմադիր գործչի թիմակիցների պնդմամբ՝ բժիշկներն ու հիվանդանոցում կուտակված մեծաթիվ ուժայինները պարզապես ժամանակ են շահում՝ թույնի հետքերը նրա օրգանիզմից վերացնելու համար։
Լրագրողների հետ զրույցում Օմսկի շտապ օգնության հ․1 հիվանդանոցի գլխավոր բժիշկը նշել է, որ հատուկ չվերթով Օմսկ ժամանած գերմանացի բժիշկների և գերմանական հատուկ կլինիկայի հետ, որը պատրաստակամություն է հայտնել ընդունել Նավալնուն, խորհրդակցելու կարիք չի տեսնում, քանի որ Բուդենկոյի և Պիրագովի կենտրոնների մասնագետներին գերմանացի բժիշկներից վատը չի համարում։
Ավելի ուշ՝ ժամը 12-ի շրջանակներում, Ժդանովի և Նավալնու կնոջ ճեպազրույցից հետո հայտարարությամբ է հանդես եկել նաև հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն․ վերջինս նշել է, որ Նավալնու արյան և մեզի մեջ մինչ այժմ որևէ թույն չի հայտնաբերվել։ «Ուստի՝ թունավորման վարկածը ներկա պահին, հավանաբար, մեր գիտախցության խորքում մնում է դեռ, բայց մենք չենք կարծում, որ պացիենտը թունավորում է տարել», – ասել է նա։
Նախնական դիագնոզը չի նշվել։ Կալինիչենկոն հավելել է, որ բժիշկներն աշխատում են հինգ տարբեր վարկածների վրա, հետազոտությունների ևս երկու օր կշարունակվեն։
Հիվանդանոցի ներսում, շրջակայքում, Նավալնու բուժմամբ զբաղվող բժիշկների աշխատասենյակներում մեծ թվով ոստիկաններ են կուտակված, այդ թվում՝ Դաշնային անվտանգության ծառայությունից, Քննչական կոմիտեից և այլն։
Ռուսաստանի տարբեր քաղաքներում, Օմսկի հիվանդանոցի մոտ պիկետներ են անցնում, այդ թվում՝ Նավալնու էվակուացումը թույլատրելու պահանջով։ Կան ձերբակալվածներ։
Պուտինի ամենասուր քննադատ և հիմնական հակառակորդ Նավալնուն, որի հիմնադրած կառույցը՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը, վերջին շրջանի ամենաաղմկահարույց կառուպցիոն հետաքննությունների հեղինակն է, իսկ նրա նախաձեռնած «Խելացի քվեարկությունը»՝ հիմնական գործիքը, որի պատճառով իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը շոշափելի հետքայլեր է արձանագրում տեղական ընտրություններում, ըստ ընդդիմադիրների, գալիք ընտրություններին ընդառաջ թունավորել են։
Մահափորձի վարկածը առավել հիմավոր է դառնում Խաբարովսկի զանգվածային բողոքի ցույցերի (որոնք չէին լինի, եթե չլիներ «Խելացի քվեարկությունը»), Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների, ընդդիմադիր գործիչների թունավորման կամ սպանության արմատացած պրակտիկայի ֆոնին։
Օգոստոսի 20-ի առավոտյան Նավալնու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է ինքնաթիռում՝ Տոմսկից Մոսկվա թռչելիս։ Օդանավը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ ընդդիմության առաջնորդին անգիտակից վիճակում հոսպիտալացվրել են տեղական հիվանդանոցներից մեկում: Մինչ այդ Նավալնին առողջական խնդիրներ չի ունեցել։ Ուշաթափվելուն նախորդող երկար ժամանակահատվածում նա ոչինչ չի կերել և միայն սև թեյ է խմել՝ Տոմսկի օդանավակայանի սրճարաններից մեկում։
Սա Նավալնուն թունավորելու արդեն երրորդ փորձն է։ Նախորդ երկուսի, այդ թվում՝ ոստիկանական մեկուսարանում տեղի ունեցածի առթիվ քրեական գործեր չեն հարուցվել անգամ, պատասխանատվության ենթարկվածներ չկան։

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման