
«Բելառուս. քաղաքակրթական ընտրության փորձաքարը
Բելառուսում օգոստոսի 9-ին ակնհայտորեն կեղծված ընտրություններից հետո իրավիճակը չի կայունանում: Տասնամյակներով կուտակված ժողովրդական ցասումը հանդիպել է բռնապետական կոշտ հակահարվածին` բիրտ ուժի կիրառությամբ: Երբեմնի խաղաղ ու հանդարտ Բելառուսի ժողովուրդը հոգնել է 26 տարի շարունակվող միանձնյա կառավարումից եւ առանց քաղաքական ղեկավարի շարունակում է ազատության համար պայքարը:
Որքան էլ խուսափենք Բելառուսում տեղի ունեցողը հայկական Թավշյա հեղափոխության հետ համեմատելուց, արդեն 5-րդ օրը շարունակվող համաժողովրդական շարժման ընթացքում կիրառվող պայքարի մեթոդները չափազանց նման են հայկականին:
Այսպես, առաջին իսկ օրվանից ընտրվեց ոչ բռնի բողոքի ցույցերի ապակենտրոնացումը, ինչպես մայրաքաղաք Մինսկի տարբեր շրջաններում` այնպես նաեւ երկրի խոշոր քաղաքներում: Բջջային հեռախոսների լույսերից մինչեւ ճանապարհները մարդկանցով փակելը, մեքենաների ազդանշանները, դանդաղ վարելը, կամ` մեքենաներով ճանապարհները խցանելը: Գործադուլների մասին դեռեւս ավելի շատ խոսվում է, սակայն դրանք եւս հեռու չեն:
Աշխարհի տարբեր հատվածներում բնակվող բելառուսական փոքրաթիվ սփյուռքը եւս գործի է անցել: Մոսկվա, Կիեւ, Վարշավա, Բրյուսել, Վաշինգտոն եւ այլ խոշոր քաղաքներում կազմակերպվել ու նախատեսվում են բողոքի ցույցեր, որտեղ հավաքվում են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ վախեցել են խոսել, երկրում ապրող հարազատներին խնայելու նպատակով` հաշվի առնելով Լուկաշենկոյի ռեժիմի բնույթը:
«Եվրոպայի վերջին բռնակալը» որակվածն անտարակույս հեռանալու կամ հեռացվելու է, սա այլեւս ժամանակի հարց է: Նրան այսպիսի թույլ դիրքերում պահելու ցանկություն ունեն ինչպես Մոսկվան, այնպես էլ խոշոր որոշ խաղացողներ: Եվրոպայի պարագայում, սակայն, մոտեցումը հստակ է. Լուկաշենկոն պետք է լինի արժեքային ռեգիոնում հավակնություն ունեցող վերջին բռնակալը եւ 2020-ի օգոստոսը նրան չի ներվելու:
Նախկին ԽՍՀՄ երկրներից Մինսկի բռնակալին շնորհավորել շտապողներից շատերը սա արեցին շատ կոնկրետ` մորթապաշտական մղումներով: Դրա ամենավառ դրսեւորումը Ալիեւինն էր, որը լավ է հասկանում, որ Լուկաշենկոյից հետո հերթն իրենն է, հաշվի առնելով Ադրբեջանում տեւական ժամանակ խմորվող դժգոհությունն ու խորացող ատելությունը Բաքվի բռնակալի նկատմամբ:
Այսպիսով բացարձակ անհասկանալի է մնում Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը: Թավշյա հեղափոխության եւ ապա վարչապետի հասցեին հրապարակային ցինիզմից, մինչեւ Ալիեւի հետ շարունակվող ռազմաքաղաքական սիրահետումներով հայտնի ընտրակեղծարարին ինչո՞ւ եւ ի՞նչ առիթով ենք շտապում շնորհավորել: Որոշումը հիմնավորել փորձող որեւէ իրական փաստարկ մինչ այս պահը չեմ լսել, իսկ ռեալպոլիտիկի ու բարձր դիվանագիտության մասին «դասախոսություններն» առնվազն անլուրջ են սիրելիներ:
Իմ խորին համոզմամբ սա մեծ սխալ էր, որն առաջին հերթին թուլացնում է հենց Նիկոլ Փաշինյանին: Այս քայլով ինքնակամ ընտրություն է արվում խորացնել Հայաստանի մասնակցությունը դեսպոտական ռեժիմների ակումբում, նվազեցնում ժողովրդավարությունը` որպես հետհեղափոխական Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային գործիք կիրառելու վաստակած իրավունքը, միֆականացնում քաղաքակրթական փոփոխությունների հասնելու մասին գործող քաղաքական մեծամասնության հռչակած արժեքային գերակայությունը:
Իսկ ամենացավալին այն է, որ այսպիսով կոտրում ենք Բելառուսի, եւ մեր մեծ տարածաշրջանում ազատության համար պայքարի ելած մարդկանց փոփոխության հասնելու հույսերը, գուցե անդառնալիորեն կորցնելով նրանց սրտերը»։
Գրառում էր կատարել Արսեն Խառատյանը իր ֆեյսբուքյան էջում

More Stories
Արվեստը հանուն խաղաղության
Աթլետիկա․ Սպորտի թագուհու ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա
Ժողովրդավարական արժեքները՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության նախապայման