Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

RestART արվեստի մրցանակաբաշխություն 2023

«Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոնը ամփոփել է RestART արվեստի մրցանակաբաշխություն 2023-ը Հայաստանի Հանրապետությունում արվեստի և մշակույթի բնագավառներում ստեղծագործողների, ժամանակակից արվեստագետների, քաղաքացիական ակտիվիստների և հանրային գործիչների համար։ 

Մրցանակաբաշխության սահմանված 4 անվանակարգերը հետևյալներն էին՝

● Տեքստ/գրականություն (արձակ, պոեզիա, հրապարակախոսություն),

● Վիզուալ արվեստ (գեղարվեստական ֆիլմ, վավերագրական ֆիլմ, անիմացիա, անիմացիոն ֆիլմ, լուսանկարչություն, վավերագրական լուսանկարչություն, կերպարվեստ, սթրիթ արտ, աբստրակցիա, ինստալյացիա/ներ, կոմիքս/ներ, ծաղրանկար/ներ),

● Պերֆորմանս (ակցիա, թատրոն),

● Երաժշտություն (երգ, երաժշտական համար)։

Այժմ, ամիսներ անց ուրախ ենք հայտարարել հաղթողների անունները։ Մրցանակաբաշխության ժյուրիի կողմից աշխատանքների երկարատև դիտարկումներից հետո ունենք հետևյալ արդյունքները․

Երաժշտություն անվանակարգում հաղթող է հռչակվել Հայկ Պիջոյանը։

Վիզուալ արվեստ անվանակարգում հաղթող է հռչակվել Գագիկ Ղազարէն։

Անվանակարգերում ունենք նաև խրախուսական երկլեզու հավաստագրերի արժանացած մասնակիցներ (գրականություն և պերֆորմանս անվանակարգերում հաղթողներ չկան)։

Այսպիսով Ժյուրիի բարձր գնահատականին են արժանացել՝

  • Վիկտորիա Սամուելը՝ Գրականություն անվանակարգում,
  • Բենյամին Ամլաշին՝ Երաժշտություն անվանակարգում,
  • Անի Հակոբյանը՝ Վիզուալ արվեստ անվանակարգում,
  • Անահիտ Հարությունյանը՝ Վիզուալ արվեստ անվանակարգում,
  • Ադրինե Թորոսյանը՝ Վիզուալ արվեստ անվանակարգում,
  • Աստղիկ Ղազարյանը՝ Վիզուալ արվեստ անվանակարգում,
  • Հայկուհի Մելքոնյանը՝ Վիզուալ արվեստ անվանակարգում,
  • Գայանե Եղիազարյանը՝ Պերֆորմանս անվանակարգում։

Ստորև ներկայացնում ենք հաղթողների աշխատանքները և աշխատանքների նկարագրությունները։

ՀԱՅԿ ՊԻՋՈՅԱՆ (Երաժշություն)

Ստեղծագործողի համար միջավայրը, արտաքին աշխարհից ստացվող ինֆորմացիան շատ մեծ ու ազդեցիկ դեր ունի, որը զգացվում է իր ստեղծագործության մեջ ու փոխանցվում ունկնդրողին։

2020-2023 թվականների ընթացքում, գործնական և ստեղծագործական զբաղվածություններից դուրս գալով, ժամանակի մեծ մասը գտնվել եմ Սյունիքի մարզում, Արցախում կամ Հայաստանի այլ հատվածներում՝ շփվելով պատերազմի պատճառով տարհանված ընտանիքների հետ։ 

Այդ ամենի ազդեցության տակ 2021 թվականին գրել և 2023-ին թողարկել եմ իմ առաջին սոլո դաշնամուրային ալբոմը։

Ձեզ եմ ներկայացնում հաջորդ ալբոմիս ոչ ավարտուն տարբերակը, որը առաջին ալբոմի թեմատիկ և էմոցիոնալ շարունակությունն է։

(Հղում՝ https://www.youtube.com/watch?v=S4nEdiVXZqo)

ԳԱԳԻԿ ՂԱԶԱՐԷ (Վիզուալ արվեստ)

Այս բովանդակությունը կարողացա ձևակերպել «Projektgruppe neue musik bremen»-ի համար, որպես սինոփսիս։ Վիդեոարտը ստեղծվել է նրանց պատվերով, «Արտիվիզմ» նախագծի շրջանակում, 2022թ.-ին։

Աշխատանքը զգայական է, դժվարացել եմ գրել ինչի մասին է։ Ցավի, կորստի, հիշողություններից, մտքերից, վերլուծելուց ազատվելու անկարողության, վերջնարդյունքում՝ ամեն ինչի մասին է, մեծ աշխարհի տալ-առնելիքին զոհաբերվող փոքր մարդկանց, «անկարեւոր» կյանքերի մասին է։ «Աննշան մարդիկ», ովքեր ունեն հայրենիք, լեզու, մտավոր մշակույթի պատմություն, որ ոմանց արդեն հարյուր եւ ավել տարիներ խանգարում են։

(Հղում՝ https://www.youtube.com/watch?v=BwfF4i4PxAY)

ԱՍՏՂԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ (Վիզուալ արվեստ)

Տվյալ Ֆիլմի ստեղծման ընթացքում, որը նվիրված է սեռով պայմանավորված աբորտներին, ցանկանում էի խորանալ խնդրի էության մեջ, որը խորը արմատավորվել է մեր հասարակությունում։

Ընդգծելու համար երևույթի անհեթեթությունը՝  որոշեցի պատմությունը ներկայացնել երեխայի աչքերով, ով  անտեղյակ է հասարակական նորմերից և կարծրատիպերից։

(Հղում՝ https://www.youtube.com/watch?v=XWwHNvjl8M0

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (Վիզուալ արվեստ )

«Պատերազմի սարդոստայնը» ֆիլմը ներկայացնում է 2020թ-ի  44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո գերեվարված ու հայրենիք վերադարձած մարդկանց։

Ֆիլմը բաղկացած է երեք մասից։ Առաջին մասում Խծաբերդից 62 գերիների պատմությունն է, հարցեր ու հարցականներ, որ դեռ մնում են անպատասխան։

Ֆիլմի ամեն մի հատված  ամբողջացնում  ու մեկ կերպարով խտացնում է  սպասումի ու  հուսահատության  երանգները, հոգեբանական այդ ծանր ու խճճված ցանցից դուրս գալու իրենց բանաձևը։ 

(Հղում՝ https://www.youtube.com/watch?v=-_K0y39NLt4&t=159s

ԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆ (Վիզուալ արվեստ)

«Ճշմարտություն» ֆիլմը ներկայացնում է արցախցի երիտասարդ դերասան Գենայի պատմությունը, ով Ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակից է և չնայած բոլոր կորուստներին ու դժվարություններին, ոչ միայն չի հուսահատվել, այլ նաև մեկ նպատակ ունի. ապրել ու ստեղծագործել իր ինքնիշխան հայրենիքում։ 

(Հղում՝ https://www.youtube.com/watch?v=_9kNpqAHiW4

ԱԴՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ(Վիզուալ արվեստ)

Նարինե Գրիգորյանը՝ տղամարդու դերում և խոստովանություն անելիս։

Նարինե Գրիգորյանը «Ռոսինանտ» ներկայացման մեջ մարմնավորել է ձիուն եւ Դոն Կիխոտին: Բազմաթիվ դերերի շարքում այս նոր կերպարն իր համար էլ էր փոքր-ինչ արտասովոր. «Սկզբում մտածում էի` ինչպես եմ տղամարդու դեր խաղալու, բայց շատ հետաքրքիր  թվաց: Ես աղջիկ եմ, խաղում եմ Դոն Կիխոտ, պետք է սիրո խոստովանություն անեմ: Զգացի, որ մարմնավորում եմ տղամարդու իմ իդեալին եւ մեկ բան հասկացա. սիրո իմպուլսը բոլոր մարդկանց մեջ նույնն է»: 

(Հղում՝ https://t.ly/dyMJl

ՀԱՅԿՈՒՀԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ(Վիզուալ արվեստ) 

Լուսամփոփը հետաքրքիր խորհրդանշական ստեղծագործություն է, որն արտահայտում է մարդու մտածողության և ստեղծագործական ուժի կապը լույսի հետ։ Ինչպես ասել է Վարդգես Պետրոսյանը.  «Բայց մարդ մի՞թե աչքերով է քնում։ Ուզում ես անգամ կարիր մարդու կոպերը, մեկ է, երբ միտքն արթուն է, չի օգնի»։ Մտածողությունը թույլ է տալիս մարդկանց մեկնաբանել, ներկայացնել կամ մոդելավորել աշխարհում իրենց փորձառությունը եւ կանխատեսումներ անել հենց այդ աշխարհի վերաբերյալ։ Միտքը լույսի պես է, որը կարող է այդ լույսը սփռել ամենուր։ Մտքի ու լույսի զուգորդումն է արտահայտում աշխատանքս, իսկ միտքը դեմքի՝ գլխի հետ է ասոցացվում։

Ստորև ներկայացված է աշխատանքը։

(Հղում՝https://drive.google.com/file/d/18hDZqw5_h97o4TlGCrcZZ50GCdxrVpPa/view?usp=drive_link)

ԳԱՅԱՆԵ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ (Պերֆորմանս)

Ներկայացումը պատերազմի թատերաբեմում հայտնված կնոջ մենախոսությունն է, ով, ռմբաստարանից մի պահ հայտնվելով իր դատարկ տան մեջ, փորձում է վերականգնել խաղաղության պատկերը, վերադառնալ մանկություն, պատանեկություն, մտովի զրուցել պատերազմի դաշտում գտնվող ընկերների, հարազատների, ամուսնու հետ։ 

Հեղինակ՝ Անահիտ Հայրապետյան

Ռեժիսոր և կատարող՝ Գայանե Եղիազարյան 

Կից ներկայացված է մենախոսությունից հատված։

(Հղում՝https://drive.google.com/file/d/1F-Szv2Vo6Uzg9oAQF_x9y9wUihnRKjeQ/view?usp=sharing

ՎԻԿՏՈՐԻԱ ՍԱՄՈՒԵԼ(Գրականություն)

Շարունակվող գոյության ողջ ծանրությունն ինչպե՞ս պիտի ընդունել եւ ինչպե՞ս պիտի շարունակել մաքրվել, որ քեզնից մնա միայն այն, ինչ դու ես, եւ ո՞ւմ պիտի ապավինես, եթե կատուները հեռու են, շները՝ շատ կախյալ, իսկ կողքիդ պառկած մարդը՝ հեռու։

(Հղում՝ https://t.ly/G2QPn)

ԲԵՆՅԱՄԻՆ ԱԼՄԱՇԻՆ (Երաժշտություն)

Հայաստանը ինձ համար միշտ եղել է ոգեշնչման աղբյուր՝ երաժշտություն գրելու համար։ Իմ առաջին ալբոմը ձայնագրել և թողարկել եմ Երևանում, 2010 թվականին և տարիներ շարունակ իմ երաժշտական ստեղծագործություններից շատերը ստեղծագործել եմ փողոցներում, այգիներում և Հայաստանի չքնաղ բնության գրկում։

Հաճախ եմ զգում տարօրինակ և գեղեցիկ  զգացողություններ երաժշտություն ստեղծելիս և վերջին տարիիներին իմ ստեղծագործությունների մեջ մասը անվանում եմ աստղերի անուններով։

Հպարտ եմ ասել, որ իմ առաջին երաժշտական մրցանակը ստացել եմ այս գեղեցիկ երկում՝ Հայաստանում, մասնավորապես Գյումրի քաղաքում` «RestArt» արվեստի մրցանակաբաշխության շրջանակներում։ 

Շնորհակալ եմ ժյուրիին և կազմակերպիչներին` այսպիսի  հնարավորության համար։

Հղումներ՝

1 – Days

2 – Christmas Star

3- Altair

4- Khorodig

5- Déjà vu

6- Regulus

Spread the love