Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Աշխարհը ժամանանակակից արվեստագետի աչքերով․ Ժակլին Սարգսյան․Օհաննա և Հայկուհի Էլոյաններ

Այսօր ժամանակակից արվեստի դաշտում գեղանկարչության առաջընթացի ուղիներն ու միտումները խիստ բազմազան են։ Արվեստի հին լեզուն կարծես չի բավարարում արվեստագետներին, որոնք ձեռնամուխ են լինում նորամուծությունների։

Դեռևս նախորդ դարում հայ անվանի գեղանկարիչ Արշիլ Գորկին նկատել էր. « Այսօրվա նկարիչը գործում է իր կտավի տարածության մեջ՝ քանդելով, տրոհելով մակերեսը, մինչև որ կհասնի իր ամբողջության իրականացմանը»։[1]

Գյումրեցի ժամանակակից արվեստագետ Ժակլին Սարգսյանի ստեղծագործության ձևավորմանը նպաստել են  ֆովիստների և Պոլ Գոգենի ստեղծագործությունները։ Նրա նկարչության ֆակտուրան հարթապատկերային է , գեղանկարչությունը՝ ռելիեֆային։ Ժակլինի նկարչության հիմքում ընկած  են լոկալ գույներով կառուցված  հարթությունները, որոնք առանձնացված են սև ուրվագծերով։

Ինչպես նշում է Ժակլինը, հորից ՝ Արտաշես Սարգսյանից իրեն փոխանցվել են նկարելու ձիրքը, սերը նորի, անսովորի նկատմամբ, իսկ մորից՝ Մարիետա Բարսեղովնայից, իրեն փոխանցվել են ճաշակը, գունազգացողությունը, հնաոճ իրեր հավաքելու նախասիրությունը։ Ապագա նկարչուհու բնատուր տաղանդը շատ շուտ է բացահայտվել․ հազիվհազ մատիտ բռելով՝ մեկ տարեկանում նկարել է մուկ ու ճուտ։ Ինչպես նկատել է արվեստագիտության թեկնածու Արաքս Մարգարյանը.« Լեոնարդոն, Վան Գոգը, Գոգենը եղել են Ժակլինի առաջին «ուսուցիչները»։ [2]

Ստանալով ակադեմիական կրթություն /Ս. Մերկուրովի անվան նկարչական դպրոց, այնուհետև մանկավարժական ինստիտուտի դեկորատիվ կիրառական արվեստի բաժինը, Երևանի Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղ/՝ նա դեռևս ուսանողության տարիներից աչքի է ընկել իր նորարական ստեղծագործական  մոտեցումով։ Ժակլին Սարգսյանը բազմակողմանի զարգացած արվեստագետ է,  միաժամանակ զբաղվում  է և՛ գեղանկարչությամբ, և՛ինտերիերի դիզայնով, և՛ եկեղեցիների նկարազարդմամբ։

Ժակլինի համար ստեղծագործական ընթացքը ինքնաբուխ մի պրոցես է,  և միևնույն կտավը երկրորդ անգամ ստեղծել չի կարող, քանզի նկարչական զգացողությունը նույնը չի լինի։ Կտավները կատարված են  յուղաներկի տեխնիկաներով, իսկ որմնանկարները՝ տեմպեռայի։ Ժակլինն օժտված է բնությունից սերող վառ գունազգացողությամբ, դիպուկ դիտողունակությամբ, անսովոր կոմպոզիցիոն մտածողությամբ,  որոնք, զուգորդվելով մասնագիտական վարպետությանը, ձևավորել են  նրա ինքնատիպ ստեղծագործական ոճը։ Նրա ստեղծագործություններում գծանկարն ասես օժտված է ներքին դինամիկայով։ Ժակլին Սարգսյանը  տարիների ընթացքում մշակել է իր նոր գեղանկարչության համակարգը, որի հիմքում ընկած է առարկաների ծավալի և նյութականության ընդգծումը, դասական կառուցվածքի և վառ, լոկալ գունաշարի համադրությունը կոմպոզիցիայում։ Նրան իրավամբ կարելի է համարել Պոլ  Գոգենի հետևորդը։ Ժակլինի նկարները հակված են հորիզոնական կամ քառակուսի ֆորմատներին, բայց նա երբեմն ընտրում է ուղղահայացը իր նատյուրմորտներում /2018 թ./, որոնք նման են իրար ընդհանուր տոնայնության մեջ։

Ժակլինի կտավները ցուցադրվում են ոչ միայն հայրենիքում, այլև՝ արտերկրում՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում և այլուր։ Այսպես նա, ի թիվս այլ ցուցադրությունների,  մասնակցել է Մոսկվայի «Ձև և գույն» միջազգային ցուցահանդեսին։  Մոսկվայի Մանեժում անցկացրած ցուցահանդեսին հանդես է գալիս իր նատյուրմորտների շարքով։ Ինչպես նշեց նկարչուհին իր խոսքում․ «Նախնական էքսպոզիցիայում ներկայացված մյուս նկարիչների գործերը ստիպված եղան հեռացնել հարակից պատից, քանի որ իմ կտավների գունաշարը ճնշում, գերակայում էր մյուսների նկատմամբ՝ ստվերելով նրանց աշխատանքները»։

Դեռևս վաղ ստեղծագործական շրջանում ակնհայտ էր Ժակլին Սարգսյանի   արվեստի նորարական մակարդակը։ Նրա գեղանկարչությունը շատ շուտ ձեռք բերեց ճանաչում ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում։ Ժակլինյան ստեղծագործությունը թերևս բխում է ֆովիզմի ոճական սկզբունքներից։ Նրա գեղանկարչությունը դեռևս ակադեմիայում ուսանելու տարիներին արմատական նոր շրջադարձ կատարեց։ Այսպես նկարչուհին անդրադարձավ ինչպես հնագույն մշակութային ավանդույթներին, այնպես էլ մոդեռնիստական արվեստի ուղղություններին։ Արդյունքում ստեղծվեցին նրա «Գնչուհին», դիպլոմային աշխատանքը՝ «Սրճարանը» /2003 թ․/ մեծաչափ կտավը։

«Սրճարանը» կտավում, կիրառելով սիմուլտանիստական մեթոդը, նկարչուհին իրար է միավորել տարբեր ժամանակային պահերին կատարված գործողություններ։ Նկարը կառուցված է պոլիպտիխին բնորոշ սկզբունքով և  կազմված է պատմողական տեսանկյունից իրար փոխկապակցված մի քանի  հատվածներից՝ առանձին մաս հանդիսացող կտավներից։ Ընդհանուր պոլիպտիխի մաս կազմող կտավներից յուրաքանչյուրը միաժամանակ տարբեր դիտակետերից է ներկայացված։ Նկարչուհին խտացնում է 3 մասից բաղկացած նկարը՝ տարբեր հարկերում տեղի ունեցող գործողությունները համադրելով մեկ տարածության մեջ: Բազմաֆիգուր այս կոմպոզիցիայի կենտրոնական հատվածի ամբողջ երկարությամբ, եգիպտական կանոնի համաձայն, տեղաբաշխված են մատուցողների իրար համաչափ տեղադրված ֆիգուրները, որոնք ստեղծում են որոշակի հստակ շարժման,  ռիթմի տպավորություն։ Սեղանի վրա տեղադրված առարկաներն այստեղ պատկերված են արևելյան նատյուրմորտի սկզբունքներով՝ բարձր դիտակետից։ Ժակլինին հաջողվել է ներթափանցել կերպարների բնավորությունների մեջ և  բացահայտել յուրաքանչյուր խմբի հոգեբանական նկարագիրը։ Կտավի ներքևի և վերևի հատվածներում տեղադրված են խոհարարները և սրճարանի այցելուները, որոնք  զբաղված են որոշակի գործողությամբ։

Կտավի առաջին հորիզոնական հատվածն ունի էքզիստենցիալիստական միտումներ։ Այստեղ մարդիկ բացակայում են կամ նստած է միայնակ երիտասարդ աղջիկը, որի դիմաց խմիչքի շշեր են դրված։ Մեջտեղի հատվածում տեղադրված ջութակահար երաժիշտը նվագում է, սակայն նրա կողքին նստած գիրուկ կերպարը մտախոհ է և ըստ երևույթին չի լսում երաժշտության հնչյունները։ Սրճարանում տիրում է կոլորիտային արվեստային միջավայր, որի մասին են վկայում կտավների կենտրոնական հատվածում պատերի վրա փակցված կտավները։ Կտավի առաջին հորիզոնական հատվածը կատարված է բարձր դիտակետից։

Ընդհանուր պոլիպտիխի մաս կազմող կտավներից յուրաքանչյուրում նկարչուհին գտել է հստակ գունային լուծումներ, որոնք հավասարակշռության են բերում նկարի հորինվածքը։ Նկարի կոլորիտը կառուցված է տաք գույների համադրությամբ  ՝ մանուշակագույն ֆոնի վրա սպիտակի ու սևի համադրությունը, անգլիական կարմիրն ու նարնջագույնը. երբեմն երևացող կանաչն ու ոսկեգույնը նկարին հաղորդում էին հարուստ ու նրբագեղ տեսք, այն դարձնում մոնումենտալ գործ, որը իր գունային հարաբերություններով, դեկորատիվ լուծումներով հիշվող է ու տարբերվող[3]։ Այստեղ զուգորդված են հեղինակի մտորումները և միաժամանակ տարբեր մշակութային ավանդույթների միտումները։ Թերևս տեղին է հիշել իմպրեսիոնիստ անվանի գեղանկարիչ Էդգար Դեգայի խոսքերը, որի արվեստը մեծապես ոգեշնչել է այս կտավը ստեղծելիս.«Իմ արվեստը արդյունք է մտորումների, հին վարպետների գործերի ուսումնասիրության, որոնումների»։ Այստեղ հանդիպում ենք միաժամանակ և՛ եգիպտական, և՛ բրեյգելյան, գոգենյան, Դեգայի ստեղծագործություններից փոխառված միտումներ, որոնք ներդաշնակորեն միաձուլվել են մեկ հորինվածքում։

Սկսած 2012-ից Ժակլին Սարգսյանը մասնակցել է «Ռեալ Արտ» նախագծի ցուցահանդեսներին։[4]

Ժակլին Սարգսյանի ստեղծագործություններն   ունեն ժանրային լայն ընդգրկում՝ բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, կենցաղային ժանրի ստեղծագործություններ։ Հետաքրքրիր են նկարչուհու որոնումները նատյուրմորտի ժանրում։ Այստեղ գույները ներդաշնակ համադրության մեջ են, իսկ հորինվածքը՝ ճշգրտորեն կառուցված, ինչի շնորհիվ հեղինակը հասել է արտահայտչականության։ Նատյուրմորտներն առանձնանում են առարկաների ներքին ռիթմը վերարտադրելու հմտությամբ և իրերի պատկերման նյութականությամբ։

Ժակլին Սարգսյանի նատյուրմորտներում /2018 թ./ ներկայացված են կենցաղային տարբեր իրեր՝ շշեր, շերեփներ, բանկաներ, լավաշ, ծաղիկներ, սափորներ /ծաղկամաններ/ , թթուներ, ազգային երաժշտական գործիքներ։ Այստեղ գույնը ոչ միայն ներդաշնակության միջոց է, այլև վառ արտահայտված գեղարվեստական նպատակ։ Ժակլինի դիմանկարները ասես կենդանի են. նկարչուհին իր առջև նպատակ և խնդիր է դնում ցույց տալու ոչ միայն մարդու ներաշխարհը, այլև մարդու ընդհանուր նկարագիրը։ Ժակլին Սարգսյանի վերջին տարիների աշխատանքներում որոնում է իր համար հոգեհարազատ թեմաների և սյուժեների,  պլաստիկական գաղափարների գունային և էմոցիոնալ նոր ասպեկտներ։  Հատկապես տպավորիչ են խմբակային դիմանկարները, որտեղ մայրը և դուստրերը ստեղծում են անբաժանելի հոգևոր կապ, որն արտահայտված է և ՛ կոմպոզիցիոն, և զգայական առումներով /տեսանկյուններով/։  Ժակլինին հաջողվել է ստանալ մարդու հավաքական կերպարը,  ինչը մենք հանդիպում ենք հին եգիպտական որմնանկարներում, նախնադարյան անձավապատկերներում, Անրի Ռուսոյի, Փիրոսմանիի, Սարյանի վաղ շրջանի նկարներում։

Կտավներում նա ոչ միայն ցույց է տալիս հեռանկար, այլև՝ ներդաշնակության է բերում կտավի հարթության վրա պատկերվածը ծավալի և տարածության ճշգրիտ կազմակերպման միջոցով։ Ժակլինի կտավներում տեսողական զգացողության դաշտը չունի սահմաններ։ Նա բերում է մի կիզակետ, փորձում իր տեսողական զգացողությունը հարաբերել այդ կետին։

Ժակլին Սարգսյանի լավագույն գործերից է 2018-ին վրձնած «Գյումրի» շարքը։ Այս շարքում, ինչպես դիպուկ նկատել է արվեստագիտության թեկնածու Արաքս Մարգարյանը, Ժակլինն ամբողջացրել էր ծննդավայրին  վերաբերող զգացմունքները, հույզերը, խոհերը. տները, ծառերը, մարդիկ սուբլիմավորել են տարածքի ինքնատիպ ֆենոմենը: Մուգ, գորշ գույների ֆոնին վառ ակտիվ հակադրությունները ներկայացնում են Գյումրու ինքնատիպ գունաշարը: Ժակլինը կարողանում է այնպիսի մանրուքների միջոցով, ինչպիսիք են շեմին նստած կինը, գարեջրի գավաթը, չորացած ծաղիկներով ծաղկամանը, կիսաբաց դուռը, ընդգծել գլխավոր ասելիքը, ստեղծել տրամադրություն, հոգեվիճակ։[5] Այստեղ  Գյումրու համայնապատկերն է՝ բնակելի տներով և եկեղեցական ճարտարապետական կառույցներով։ Բնանկարի ժանրի նրա այս  ստեղծագործություններում գույնը և պատկերները գրեթե չեն առանձնացվում, այլ վերածված են գունային հարթությունների և աղերսներ ունեն  ֆովիստական ոճի հետ։ Հետաքրքրականն այն է, որ հիմնականում գորշ երանգներում հանդես եկող Գյումրու ճարտարապետությունը նրա կատվերում ձեռք է բերել հարուստ գունային լուծումներով համայնապատկեր։

Ժակլինյան նկարները և կերպարները օժտված են էմոցիոնալ մեծ լիցքով, աուրայով, լարվածությամբ և միաժամանակ արտացոլում են կոնկրետ քաղաքային միջավայր /Շուշի և Գյումրի/։ Նկարչուհու կտավները օգնում են տեսնել և ստեղծագործական ընթացքի հակադիր ճանապարհները, բացահայտել նրա կոլորիտային օժտվածության և գծանկարչի հնարավորությունների միջև առկա առեղծվածային կապերը։

Ժակլինի կտավները ստեղծագործություններն աչքի են ընկնում անսպասելի որոնումների նորարարությամբ, առանձնահատուկ էներգիայով, ասոցիատիվ պատկերային լեզվով: Նա ունի խորհրդանշական-պատկերային լեզու, որտեղ ամեն մի առարկա՝ ծառ, ճյուղ, տուն, թռչուն, աչք, ստանում է ուրույն իմաստ՝ օգնելով բացահայտել նկարչուհու ասելիքը: Նկարների գլխավոր արտահայտչամիջոցը  գույնն է: Ժակլինի գույնը վառ է՝ հակադրությունների ու նուրբ տոնային անցումներով կառուցված: Այս առումով այն նման է Մարիամ Ասլամազյանի ոճին, ով Գյումրու գեղանկարչական դպրոցի վառ ներկայացուցիչներից է: Ինչպես և Մարիամը, Ժակլինը չի ընդունում արվեստի «իգական» ու «արական» բաժանումը: Նրա պինդ քսվածքները, ծավալատարածական լուծումները, կոմպոզիցիոն դասավորությունը, սև ուրվագծերով անջատված համարձակ գունային հարաբերությունները դիտողի մեջ ստեղծում են արական արվեստի պատրանք։[6]

Ժակլինյան արվեստը նկարչական տեսանկյունից  չունի սահմանափակումներ. այստեղ եգիպտական արվեստի, գոգենյան և բրեյգելյան  ստեղծագործության  ձևային  և ոճական սկզբունքների հետ միաժամանակ հանդիպում ենք պուանտիլիստական տեխնիկա, ինչպես, օրինակ, «Էտյուդներ»-ում։

Ռեալ Արտ նախագծի հաջորդ ՝ «Հոգի ու մարմին» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում ստեղծվել են Ժակլինի «Տատն» ու «Պապը», «Փերին», «Սպասում», «Գերդաստան» կտավները /2020 թ./: Ժակլինը ապացուցում էր, որ արվեստում կարևորը ոչ թե այն է, թե ինչ ես նկարում, այլ ինչպես ես նկարում: «Տատի» ու «Պապի» կենսահաստատ զույգը լեցուն է դրական էներգիայով, մարդկային բարությամբ: Վառ, ակտիվ գունաշարը, գունային մաքուր հարաբերությունները Ժակլինի արվեստը տանում են դեպի ֆովիզմ, սակայն առաջին հայացքից թվացյալ պարզ կերպարները հիշեցնում են պրիմիտիվիստների նկարչությունը։ [7]

Դիմանկարներում իր ուրույն տեղ ունի հանրահայտ երգչի՝ «Շառլ Ազնավուրի իր ընտանիքի անդամների հետ» կտավը։ Ժակլինը դիմանկարի ժանրի ստեղծագործություններում նախապատվությունը տվել է ինչպես միաֆիգուր, այնպես էլ բազմաֆիգուր հորինվածքներին։ Այս ժանրում լավագույն ստեղծագործություններից մեկն է համարվում «Ալեքսանդրովսկու որբերը» մեծաչափ կտավը, որը նվիրված է Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցին։

Նկարչուհու «պատկերային մտածողությունը» լավագույնս դրրսևրովել է  «Պատուհաններ» /2023 թ/ մեծաչափ կտավում։ Այստեղ, ինչպես «Սրճարան» կտավում, պոլիպտիխը կառուցված է պատմողական տեսանկյունից իրար հետ փոխկապակցված առանձին /տասներկու/ կտավներից։ Երկուստեք հեղինակը առաջնորդվել է սիմուլտանիստական սկզբունքով։ Այստեղ յուրաքանչյուր կտավում ներկայացված է առանձին պատմություն։ Յուրաքանչյուր կերպար պատուհանից դիտելով աշխարհը յուրովի է ընկալում։ Նկարի կոլորիտը կառուցված է ինտենսիվ, լոկալ գույներով, հակադիր գույների համադրությամբ,  և առանձնանում են դեկորատիվ նկարելաեղանակով։ Այս աշխատանքը թերևս դասական տեսություններից մեզ հայտնի նկարի պատուհանային գործառույթը հաղթահարելու մոդեռնիստական փորձերից մեկն է, երբ նկարի հորինվածքն ինքնին հանդես է հանդես պատուհանի ձևով։ Ըստ Վերածննդի շրջանի արվեստի տեսաբան, քանդակագործ Լեոն Բատիստա Ալբերտիի հայացքների՝ նկարն ասես պատուհան  լինի, որի միջոցով նայում են տեսանելի աշխարհին։ [8]։Ի դեպ,  պատուհանը ինքնին իր կառուցվածքով վերարտադրում է մոդեռնիստական արվեստում  տարածված ցանցի գաղափարը, որը  կերպարվեստում հաճախ հանդիպող մոտիվներից մեկն է։ Ցանցը ներկայացնում է այն ամենը, ինչ արվեստը բաժանում է աշխարհից, շրջապատող տարածությունից, այլ առարկաներից։   Ցանցը աշխարհի սահմանների ինտրոյեկցիան է /լատիներեն intro- ներս, և iacio- ընդունել/ և իր մեջ պարփակում է տարածությունը շրջանակի ներսում ։ [9]

«Պատուհաններ» /2023 թ./ կտավի կոլորիտը կառուցված է լոկալ գույների՝ կապույտի, կարմիրի, կանաչի, դեղինի և սևի ներդաշնակ համադրությամբ։ Նկարի գլխավոր հերոսները են երիտասարդ տղան և աղջիկը։ Ուշագրավ է, որ հազվադեպ մեծ կատվի մաս կազմող փոքր նկարներում չկան գործող հերոսներ և պատկերված  սենյակը դատարկ է կամ երբեմն գլխավոր «հերոսի» դերում հանդես է գալիս պատուհանագոգին նստած սև կատուն կամ ժամացույցը, որը Ժակլինի նախասիրած մոտիվներից մեկն է։  Ի դեպ, իր արվեստանոցի ինտերիերի դիզայնում նույնպես հեղինակը օգտագործել է հնաոճ ժամացույցներ։ Մի կտավում բաց պատուհանից երևում է Գյումրի քաղաքի համայնապատկերը ՝ եկեղեցու ուրվագծով, որն ընդհանուր կտավում առանձնանում է սպիտակ երանգով։ Մեկ այլ   նկարում կիսաբաց պատուհանից երևում է գույնզգույն լվացքը, իսկ երրորդում պատուհանը փակ է։ Երբեմն երիտասարդ մտախոհ աղջիկը պատուհանից դիտում է բացվող աշխարհը։ Նկարում հանդիպում ենք ազգագրական այնպիսի մոտիվների, ինչպիսին աղջկա ձեռքում պատկերված նուռն է։

Ժակլին Սարգսյանը  առանձին աշխատանքներում,  հիմնվելով դասական արվեստի պատկերագրության վրա,  միաժամանակ այն հարստացնում է նոր լուծումներով։ Սա լավագույնս արտահայտվել է  «Տիրամայրը» կտավում, որտեղ  բաց կապույտ ծաղկավոր  ֆոնի վրա պատկերված են Մարիամի և մանուկ Քրիստոսի մոնումենտալ և վեհաշուք ֆիգուրները։ Նկարի կոլորիտը կառուցված է լոկալ գույների՝ կանաչի, կապույտի և վարդագույնի ներդաշնակ համադրությամբ։

 Այստեղ, հեռանալով պատկերագրական ավանդական կանոններից, նկարչուհին ձեռնամուխ է լինում նորամուծությունների՝ միաժամանակ կերպարներին օժտելով հայկական ազգային գծերով։ Այս մասին են վկայում առաջին հերթին Տիրամոր հայկական գլխազարդը և մանկան ձեռքերում գտնվող  ազգային նվագարանը։ Այս կտավը ոճականորեն և պատկերագրական առումներով նույնպես տարբերվում է իր նախատիպ հանդիսացող դասական արտեֆակտներից։ Ընդունված կանոնների սահմաններում Ժակլինը կրոնական թեմաների մեջ ներմուծում է 21-րդ դարի մարդու զգացմունքներն ու մտածողությունը։

Ժակլին Սարգսյանի ինտերիերի դիզայնի ոլորտում կատարված  աշխատանքներից է իր արվեստանոցը, որը գտնվում է Գյումրու Ալեքսանդրապոլյան շրջանում կառուցված Սլաբոդկա թաղամասում։ Ի դեպ, այստեղ է նկարահանվել հայ անվանի կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի «Հին օրերի երգը»  ֆիլմը։ Նկարչուհու արվեստանոցը ձևավորված է հնաոճ իրերով՝ կահկարասիով, սնդուկով, բազմաթիվ ժամացույցներով, սկուտեղներով, ներկերի պարկուճներով և այլ իրերով։ Ժակլինի հաջողվել է  ազգագրական նյութերի միջոցով ստեղծել կոլորիտային մի միջավայր։ Նկարչուհուհին  Գյումրիում ձևավորել է սոցիալ-կրթական կենտրոնի ինտերիերը, «Դե ֆլոր» սրճարանը, «Ֆայետոնը»: Ժակլինը նկարազարդել է 4 եկեղեցի՝ Հայրենյաց գյուղի, Գյումրու Գրիգոր Լուսավորչի, Շիրակավանի եկեղեցու, Սև բերդի:

Ցավոք, 2020 թվականի նոյեմբերի իննին ավարտված քառասունչորսօրյա պատերազմից հետո Ժակլինի շուրջ երեսուներեք  աշխատանքներ մնացին Շուշիի կերպարվեստի թանգարանում։ Այստեղ ցուցադրված նկարչուհու և հայ անվանի այլ արվեստագետների աշխատանքների ճակատագրերը դեռևս մնում են  անհայտ։ Այս դեպքում հարց է առաջանում՝  արդյո՞ք նշված ստեղծագործությունները կանգնած չեն մշակութային յուրացման խնդրի առջև։

Այսպիսով, Ժակլին Սարգսյանի ստեղծագործությունն ունի լայն ընդգրկում. դիմանկարներից, բնանկարներից , ու տեմպեռայով կատարված տարբեր հետաքրքիր որմնանկարներից սկսած  մինչև  ինտերիերի դիզայն: Կատարելով զանազան թեմաներով գեղանկարչական  աշխատանքներ ՝հեղինակը ձեռք է բերել իր ինքնատիպ ձեռագիրը, իր դիմագիծը, իր անհատական ստեղծագործական ոճը:

                                          Արվեստաբաններ ՝  Օհաննա և Հայկուհի  Էլոյաններ

                                                                                             26.08. 2023թ

Ժակլին Սարգսյանն իր արվեստանոցում /նկարը վերցված է hetq.am կայքից/

                            

Ժակլին Սարգսյանի արվեստանոցը /լուսանկարը վերցված է hetq.am կայքից/
Ժակլին Սարգսյանի արվեստանոցը
Տիրամայրը /նկարը վերցված է hetq.am կայքից/
           Պատուհան /լուսանկարը՝ Ժակլին Սարգսյանի/
«Շուշեցի պապիկը»
«Նատյուրմորտ»
«Սրճարան» /նկարը վերցված է www.behance.net կայքից /

[1]Ա․ Պետրոսյան, Արշիլ Գորկի, Երևան;  2004, էջ 16։                                                                     

[2]Ա․Մարգարյան, «Ժակլին Սարգսյան․ ապրել ստեղծագործելով, ստեղծագործել ապրելով, Գեղարվեստի Ակադեմիայի Տարեգիրք, 2019 , թիվ 7,  Երևան, Էջ 38

[3]Նույն տեղում,  էջ 39։

[4]2012 թվականին արվեստաբան Արաքս Մարգարյանի մտահղացմամբ ակադեմայի շրջանավարտները սկսեցին ցուցադրվել «Ռեալ Արտ» նախագծի շրջանակում։ 

[5]Ա․Մարգարյան,  «Ժակլին Սարգսյան․ ապրել ստեղծագործելով, ստեղծագործել ապրելով, Գեղարվեստի Ակադեմիայի Տարեգիրք, 2019 , թիվ 7,  Երևան,  էջ 43։

[6]Նույն տեղում  էջ 40։

[7]Նույն տեղում,  էջ 41։

[8] Արվեստի վիզուալ համակարգը հիմնված է ճշգրիտ ծավալների, գծային հեռանկարի, ճշգրիտ տեղադրության և պատուահանի մետաֆորի վրա։ Այլ իմաստով մենք կարող ենք գտնել նկարի վրա յուրաքանրչյուր օբյեկտ , որ ստեղծված է գծային հեռանկարով , հետո դիտողին տեղադրել այնպես, որ նա հարաբերության մեջ մտնի այդ տարածության հետ։ Սա մինչև Վերածնունդը չկար, քանի որ դիտողը չէր զգում, որ արվեստի գործը իր սեփական տարածքի երկարացված հատվածն է, զգացողություն, որ նույնացնում է մեր տարածքը պատկերված տարածքի հետ։ Նկարը դառնում է միկրոտիեզերք, այսինքն մի իրականություն, որտեղ դիտողը ևս մասնակցում է։

[9]Розалинда Краусс , Подлинность авангарда и другие мифи,  Художественный журнал. Москва 2003 стр. 26


ԾԱՆՈՒՑՈՒՄ | Սույն հրապարակման մեջ տեղ գտած վերլուծությունները կարող են չհամընկնել «Ռեստարտ Գյումրի» ՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման և տեսակետերի հետ։

Spread the love