Restart Gyumri

Civil Initiative Centre NGO

Հանրակրթություն | Կոմիքս

«Ժողովրդավարության երիտասարդ դեսպաններ»-ի դպրոցի «Արվեստային խումբ»-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում հերթական կոմիքսը ՀՀ-ում կրթության հիմնախնդիրների վերաբերյալ։

ՀՀ-ում հանրակրթությունը համարվում է ամենաշատ շահառուներ ունեցող ոլորտներից մեկը, չնայած դրան մեր երկրում տասնյակ հազարավոր դպրոցականներ պատշաճ դպրոցներում որակյալ կրթություն ստանալու հնարավորություն դեռ չունեն։ Առայսօր հանրակրթության համակարգում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք պատճառ են հանդիսանում, որ շատ դեռահասներ չեն ցանկանում սովորել այդպիսի համակարգում, կամ, ինչքան էլ տարօրինակ է, առհասարակ չեն ցանկանում հաճախել օրինակ ավագ դպրոցներ, քոլեջներ, վարժարաններ և այլ հանրակրթական ուսումնական հաստատություններ։

ՀՀ-ի անկախության երեսուն տարիների ընթացքում կրթության ոլորտը և համակարգերը մատնված էին բացարձակ անուշադրության և ինքնահոսի։ Դրան զուգահեռ դպրոցները և ընդհանուր կրթական ոլորտը ամբողջությամբ ներքաշված էր քաղաքական գործընթացների մեջ, ինչի հետևանքով այս կարևորագույն ոլորտը կորցրել է իր բուն էությունը, առաքելությունը և նպատակը։ Իսկ վերջին չորս տարիների ընթացքում, այս ոլորտում տեղի ունեցող տրանսֆորմացիաները սակայն, փոքր մասով հույս են ներշնչում հնարավոր դրական փոփոխությունների և էական ռեֆորմների, որոնց արդյունքները մենք, իհարկե, կտեսնենք տասնամյակներ անց։

ՀՀ-ում կրթական ոլորտը երկար տարիներ չկարգավորվող խնդիրների, անհասկանալի մոտեցումների և անհեռանկարության հետևանքով հիմա հայտնվել է, ըստ էության, ճգնաժամային իրավիճակում, որի ո՛չ սկիզբն է երևում, ո՛չ էլ վերջը։

Երիտասարդների հետ մեր շփումների արդյունքում պարզեցինք, որ հենց դպրոցականներն են ցանկանում փոփոխության ենթարկել դասավանդման մոտեցումները, մեթոդները ու դասավանդվող առարկաները և դասընթացների պարտադիր բաղադրիչում ներառել այժմ ավելի արդիական դարձած «Մեդիագրագիտություն և մեդիահմտություններ», «Քննադատական մտածողություն» և այլ կարևոր թեմաներով դասընթացները, որոնք դասավանդվելու են ոչ ֆորմալ և համատեղ աշխատանքի մեթոդներով:

Ավելին, մենք պարզեցինք, որ դպրոցականները ցանկանում են սահմանել դասագրքերի մրցույթների նոր չափանիշներ և մոտեցումներ՝ ելնելով իրենց կարիքներից և ժամանակի պահանջներից: Ինչպես նաև, դասագրքերը համապատասխանեցնել մեր օրերի մեդիամիջավայրի ընձեռած հնարավորություններին: Ըստ աշակերտների՝ այս պարագայում նրանք ավելի մեծ ոգևորվածությամբ կհաճախեն ուսումնական հաստատություններ, եթե աշխատանքներ կատարվեն ուսուցիչների մասնագիտական զարգացման և կրթության ոլորտի բովանդակային բարեփոխումների ուղղությամբ։

Ինչպես նաև, շատ դպրոցականներ նշում են, որ ժամանակակից տեխնոլոգիական աշխարհի պայմաններում, առհասարակ պետք է բացառվի քաղաքական կամ կրոնական քարոզի որևէ միջոց հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ դրանց փոխարեն առաջարկելով հոգեբանների հետ դասընթացներ կամ զրույցների ժամեր, զգացմունքների, դեռահասության դժվարությունների, սեռահասունացման, հաղորդակցման հմտությունների, մարդու ընդհանուր հոգեբանության և այլ թեմաներով։

Մենք հիմա կանգնած ենք ՀՀ-ում կրթական համակարգերի ճգնաժամի առաջ, քանի որ դպրոցը կեղծ իմիտացիա է, առանց իրական բովանդակության։ Մեր երկրում կրթությունը չունի տեսլական և ձևակերպված չէ որպես առանձին ստրատեգիական ոլորտ, որը պետք է պատրաստի ժամանակակից աշխարհի մարտահրավերներին դիմակայուն և պատրաստ հասարակություն։

Այս խնդիրները նաև պետք է կարգավորվեն պետության, փորձագիտական, տեղական և միջազգային խմբերի և նաև հենց դպրոցականների ակտիվ մասնակցությամբ ու ջանքերով՝ հաշվի նստելով նրանց կարիքների հետ։
Այս նյութի ստեղծման նպատակն է վերընշյալ խնդրիրներին նայել մարզաբնակ աշակերտների տեսանկյունից, քանի որ միշտ չէ, որ նրանց կարծիքը լսելի է։

Նյութը պատրաստեցին.

Օսաննա Գրիգորյան՝ Մենթոր
– Ռաֆայել Ասլանյան ԺԵԴ դպրոցի սան
– Լիլիթ Հակոբյան ԺԵԴ դպրոցի սան
– Համլետ Մկրտչյան ԺԵԴ դպրոցի սան

ԾԱՆՈՒՑՈՒՄ | Սույն հրապարակման մեջ տեղ գտած վերլուծությունները կարող են չհամընկնել «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի պաշտոնական դիրքորոշման և տեսակետերի հետ։


Spread the love